«Երեւանը քաղա՞ք է, թե՞ գյուղաքաղաք, հերթ կանգնելու մշակույթ ինչո՞ւ չկա Երեւանում։ Խանութ ես գնում, համերգ, սպորտի, ֆուտբոլի խաղ նայելու։ Խնդիր ունես ներս մտնելու, պիտի հրես, երեխան պիտի լացի, ուրիշ երկրում նման բան տեսե՞լ եք։ Եվրոպայի մասին եք խոսում անընդհատ, օրինակ՝ ՈւԵՖԱ-ն պահանջում է, որ ամեն 600 մարդու համար մեկ մուտք լինի, ստուգող լինի։ 15000 մարդ է մտնում ֆուտբոլի դաշտ, առնվազն 25 մուտք պետք է լինի, 25 հոգի էլ պետք է տոմսերը ստուգի։ Բայց ընդամենը 2-3 հոգի են, հրելով մի կերպ մտնում ես ներս, տեսնում ես՝ քո աթոռին ուրիշ մարդ է նստած։
Այս սովորությունը քաղաքավարության պակաս է, կարծում եմ՝ քաղաքապետարանը, պետությունը դեր ունեն հերթ կանգնելու օրենքներն անցկացնելու համար, խանութներում, համերգներում պետք է գոտիավորում կիրառվի, բաժանիչներ կան, որ կարող են դնել, բայց չեն օգտագործում»,- ավագանու նիստի ժամանակ ասաց Երեւանի ավագանու Ազգային առաջընթաց խմբակցության անդամ Պեդրո Զարոկյանը (լուսանկարում)։
«Կամ աղբ նետելը… սիգարետները ծառերի բների վրա են, խոտ են տեսնում, աղբ են գցում։ Սրա համար մենք օրենք ունենք, քաղաքապետարանն է պատասխանատու, ասենք՝ շաբաթ-կիրակի մեկը աղբ է թափում, զանգում ես՝ քաղաքապետարան, թաղապետարան, փակ են, ո՞վ պետք է այդ հարցը լուծի։ Շաբաթ-կիրակի օրերին հերթապահներ պետք է լինեն, աղբ գցողների տուգանքները պետք է մեծանան։ Ինձ թվում է՝ դուք վախենում եք ժողովրդին տուգանելուց, մի՛ վախեցեք, եթե մարդը չի կարող տուգանքը վճարել, Ամերիկայի նման հանրային ծառայություն առաջարկեք, թող գան աղբ մաքրեն, հանրային զուգարաններ կամ ծառերի ճյուղերը հավաքեն։
Ձայնի խնդիր էլ կա քաղաքում, սա համատարած է… Մետրոյում բարձր հեռախոսներով խոսում են, հարսանիք են անում՝ բարձր սիգնալ տալով։ Եթե եկեղեցու մոտ ես ապրում, երեքշաբթի, չորեքշաբթի օրերին արդեն անիծված ես… Մեր աղբահանության մարմինը կեսգիշերին աղբ է հավաքում, մարդիկ բողոքում են, ասում են՝ չենք կարողանում քնել, հարցը բարձրացնում ես՝ ասում են՝ աղբ ենք հավաքում, տեխնիկայի ձայնը չենք կարող կտրել, բայց մարդիկ էլ ուզում են քնել… Օրինակ՝ Երազ թաղամասի մի հատվածում մարդիկ գիշերվա 3-ին չեն կարողանում քնել, տախ, տախ, մարդիկ են ապրում, ախր ոնց քնեն…»,- ի թիվս այլնի ասաց Զարոկյանը։
Կարդացեք նաև
Նա ասաց նաեւ, որ քնելու խնդիրը երեխաների մոտ տարածված է, քաղաքապետարանը պետք է սոցիալական հոլովակներ նկարի, իրազեկի դպրոցներում, որ պետք է երեխաներին ժամանակին քնեցնել, քանի որ արդեն թերաճի խնդիր կա նաեւ քնի պակասի պատճառով։
Ավագանու նիստն ամբողջությամբ
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ


















































