Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը Տելեգրամի իր ալիքում գրում է.
«Երեկ Բաքվում գերության մեջ պահվող Դավիթ Իշխանյանն էր ուղերձ հղել ընտանիքի միջոցով, որտեղ ևս մեկ անգամ հիշեցրել էր մեզ բոլորիս, թե ինչ ապօրինի գործընթացների միջով են նրանց անցկացնում՝ առանց տեսակցելու իրավունքի ու հնարավորության։ Դավիթ Իշխանյանը հայ հանրությանը հիշեցնում էր, որ այս գործընթացը մի ողջ ժողովրդի ու գաղափարի ստորացման ու ոչնչացման մասին է, դրա համար չի կարելի զուտ դիտողի դերում մնալ։
Այսօր Ռուբեն Վարդանյանն էր կրկին հիշեցում ուղարկել ՀՀ ՄԻՊ-ին ու ՀՀ ղեկավարությանը։ Կարճ ասած՝ ասում էր՝ մինչ դուք տեղում խաղաղություն եք բեմադրում ու Ալիևի հետքերի մաքրման աշխատանքների համար համատեղ մրցանակներ ստանում, մենք այստեղ պատանդ ենք։ Մարդը ամոթանք էր տալիս նրանց, ովքեր բացարձակ չգիտեն, թե դա ինչ է։ Մարդկանց, որոնք չեն օգտվում միջնորդական դերակատարներից այս հարցը լուծելու համար։
Հիշեցնեմ, որ դեռևս օգոստոսի 8-ին Թրամփը Փաշինյանին ասում էր, որ եթե ինքը Ալիևին խնդրի, վերջինս իրեն չի մերժի, այդպես էլ չիմացանք՝ դիմե՞ց, թե՞ ոչ․․․ Ինչ որ տեսանք, դա Ալիևի ավելի ագրեսիվ ու վտանգավոր բառամթերքն էր։
Կարդացեք նաև
Հիշեցնեմ, որ Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի նախօրեին էլ Փաշինյանը հայտարարեց, որ չի դիմելու իր հյուրերին՝ պետությունների ղեկավարներին, մեր գերիների թեմայով։ Իբր թե ինքը Ալիևի հետ ուղիղ է խոսում։ Ալիևի հետ իր ուղիղ զրույցի հետևանքը դա Ալիևի կամքով Սահմանադրության փոփոխության հարցի մեր օրակարգ բերելն է։ Ոչ մի հարց այդ զրույցը ՀՀ-ի օգտին չի լուծել, միայն կապի մեջ են, որ Ալիևի հաջորդ պահանջը իմանա ու նախորդի կատարողականը զեկուցի։ Այ, եթե Ալիևի կամակատարը չլիներ, այլ նորմալ գործընկերային հարաբերություններ լինեին, այս հարցը վաղուց լուծված կլիներ։
Ինչևէ, շատերն են հարցնում՝ իսկ ինչ կարող ենք անել, ո՞նց կարող ենք օգնել հարցի լուծմանը։ Այս պահին միակ բանը, որ կասեմ՝ դա հարցի մասին խոսելն է, գրելն է, չմոռանալը։ Բաքվում պատանդի կարգավիճակով գտնվող մարդիկ մեզ դա են ասում՝ հեյ, հայ ժողովուրդ, մենք այստեղ ենք, ու մեր դուրս գալու միակ միջոցն այն է, որ դուք դա հիշեք, խոսեք դրա մասին, հանրային դաշտում միշտ արդի պահեք այդ թեման, մինչև որ լուծումը գա․․․ Իսկ լուծումը հաստատ գալու է։
Հայ մարդը չի կարող մնալ գերի Բաքվում, ու մեր ականջներին դրան զուգահեռ խաղաղության մասին հեքիաթներ պատմեն, դա չի լինելու»։


















































