Լրահոս
Օրվա լրահոսը

Վիտամին K-ի կարևոր դերը յուրաքանչյուրիս օրգանիզմում

Մայիս 08,2026 09:30 Share

Երբեմն մարդիկ թերագնահատում են վիտամին K-ի դերը՝ ավելի մեծ ուշադրություն հատկացնելով այլ վիտամիններին, սակայն այս վիտամինը շատ կարևոր է մարդու առողջության համար, քանի որ առանցքային դեր ունի արյան մակարդման գործընթացում, ոսկրերի ամրության համար։

Վիտամին K-ն հայտնաբերվել է 1929 թվականին դանիացի գիտնական Հենրիկ Դամի կողմից, երբ վերջինս ստուգում եր խոլեսթերինի դերը ճտերի օրգանիզմում՝ կերակրելով նրանց միայն յուղազրկված սննդով։ Այդ սննդակարգի պատճառով ճտերը հաճախ սատկում էին ներքին արյունահոսությունից։ Այդ փորձերի արդյունքում պարզվում է, որ սննդի մեջ կա մի անհայտ նյութ, որը նպաստում է արյան մակարդմանը։ 1935 թվականին այդ նյութն առանձնացվում է սննդամթերքների բաղադրությունից և անվանվում վիտամին K։  Այդ անվանումը կապվում է Koagulation բառի հետ, որը գերմաներենից թարգմանաբար նշանակում է «մակարդում»։ 1939 թվականին վիտամին K-ի կառուցվածքը վերծանվում ու առաջին անգամ սինթեզվում է արհեստական եղանակով ամերիկացի կենսաքիմիկոս Էդվարդ Դոյզիի կողմից։ Վիտամին K-ի հայտնաբերման և սինթեզման համար 1943 թվականին երկու գիտնականներն էլ արժանանում են Նոբելյան մրցանակի։

Հենրիկ Դամ, Էդվարդ Դոյզի

Վիտամին K-ն միացությունների խումբ է, որոնցից ամենակարևորներն են վիտամին K1-ը և վիտամին K2-ը։

Վիտամին K1-ը (ֆիլոքինոնը) ճարպալույծ վիտամին է, որը պատասխանատու է արյան մակարդման և ոսկրային հյուսվածքների ամրության համար։ Պարունակվում է կանաչ տերևավոր բանջարեղենի և որոշակի բուսական յուղերի կազմում:

Վիտամին K2-ը (մենաքինոնը) նույնպես ճարպալույծ միացությունների խումբ է, որը հիմնականում ստացվում է մսից, պանրից և ձվից, ինչպես նաև սինթեզվում է հաստ աղիքի մանրէների կողմից։

Վիտամին K-ի օգտակարությունը

Վիտամին K-ն կարևորագույն դեր ունի արյան մակարդման գործընթացում ու ոսկրերի ամրության հարցում։ Հետազոտողները կարծում են, որ այս վիտամինը այլ օգտակար ազդեցություններով էլ է օժտված, ներառյալ՝ մտավոր ունակությունների, սրտի առողջության պաշտպանությունը։ Նշվում է նաև, որ այս վիտամինը թեթևացնում է առավոտյան սրտխառնոցը։

  • Արյան մակարդում

Վիտամին K-ն մասնակցում է արյան մակարդման համար անհրաժեշտ 13 սպիտակուցներից 4-ի սինթեզմանը։

  • Ոսկրերի ամրություն

Վիտամին К-ն մասնակցում է օստեոկալցին սպիտակուցի ձևավորմանը, ամրացնում է ոսկորներն ու կանխում ոսկրային հյուսվածքների փխրունության առաջացումը։

  • Սրտի առողջության պաշտպանություն

Վիտամին K -ն օրգանիզմում նվազեցնում է բորբոքումն ու կանխում կալցիումի կուտակումները։ Մարդիկ, որոնք վիտամին K-ով հարուստ սննդակարգ են օգտագործում, ավելի հազվադեպ են տառապում սիրտ-անոթային հիվանդություններից, զարկերակների խցանումից։

Վիտամին K-ի անբավարարությունը

Օրգանիզմում վիտամին K-ի ցածր մակարդակը կարող է մեծացնել չվերահսկվող արյունահոսությունների ռիսկը։ Այս խնդիրը թեև հանդիպում է նաև մեծահասակների մոտ, բայց շատ տարածված է նորածինների շրջանում։ Ահա թե ինչու նորածիններին սովորաբար վիտամին K-ի մեկանգամյա ներարկում է կատարվում։

Վիտամին K-ի անբավարարության ախտանշաններն են՝

  • Քնկոտություն,
  • սրտխառնոց,
  • ցնցումներ,
  • հեշտ առաջացող կապտուկներ,
  • մանր կարմիր բծեր,
  • քթային, լնդային արյունահոսություն,
  • մաշկի, աչքերի դեղնություն,
  • մաշկի գունատություն,
  • արյունոտ, մուգ, կպչուն կղանք։

Վիտամին K-ի անբավարարության առաջացմանը նպաստող գործոններն են՝

  • Հիվանդություններ, որոնք ազդում են մարսողական համակարգում ներծծման գործընթացների վրա, օրինակ՝ Կրոնի հիվանդություն կամ ակտիվ ցելիակիա,
  • դեղամիջոցներ, որոնք խոչընդոտում են վիտամին K-ի ներծծմանը,
  • ծանր թերսնումը,
  • շատ մեծ քանակով ալկոհոլի օգտագործումը։

Ինչպես ստանալ վիտամին K

Վիտամին K-ն առատորեն պարունակվում է սննդամթերքների կազմում, սակայն այն կարելի է ստանալ նաև սննդային հավելումների տեսքով՝ ինչպես պոլիվիտամինների կազմում, այնպես էլ առանձին, կամ կալցիումի, մագնեզիումի, վիտամին D-ի և այլ հանքանյութերի հետ միասին։

Վիտամին K-ով հարուստ մթերքներ են՝

  • Կանաչ տերևավոր բանջարեղեն, օրինակ՝ ծնեբեկ, բրոկոլի, սպանախ, այսբերգ սալաթ,
  • լոբազգիներ,
  • ձու,
  • մրգեր, ելակ,
  • միս ու ենթամթերքներ, օրինակ՝ լյարդ,
  • ընդեղեն, օրինակ՝ սոճու ընկույզ։

Աղբյուր՝ 1, 2, 3

Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031