Շուտով կլրանա մեկ տարին, ինչ պաշտոնավարում եմ Արցախի պետնախարարի պաշտոնում, և կցանկանամ նաև նախապատմությունը ձեզ ներկայացնել, թե ինչպես եմ նշանակվել, այս մասին ֆեյսբուքյան իր էջում հրապարակված տեսաուղերձում ասել է Արցախի պետնախարար Նժդեհ Իսկանդարյանը։
«2025թ. մարտի 29-ի հանրահավաքից հետո՝ մեկ ամիս շարունակ խորհրդի կազմով բանակցում էինք Հայաստանի կառավարության հետ։ Որոշակի փոփոխություններ այնուամենայնիվ կարողացանք մտցնել, բայց ասել, որ ամբողջությամբ մեր հայրենակիցների սպասելիքները արդարացրել ենք, ճիշտ չի լինի։ Այնուհետև ինձ եղավ առաջարկ՝ նշանակվել Արցախի պետնախարարի պաշտոնում։ Անկեղծ ասած՝ ունեի մտահոգություններ, քանի որ երբևիցե պետական համակարգում աշխատելու փորձ չունեի։ Իմ կողմից առաջարկ է եղել խորհրդի կազմից ներկայացնել մեկ այլ թեկնածուի թեկնածությունը։ Խոսքը Ապրես Մարգարյանի մասին է։ Նաև առաջ եմ քաշել ՄԻՊ Գեղամ Ստեփանյանի թեկնածությունը։ Մի քանի օր հետո հանդիպել ենք այստեղ, պնդում է եղել, որ ճիշտ կլինի՝ ինքս ընդունեմ այդ առաջարկը։ Գիտեք, ճիշտ չէր լինի մեկ ամիս շարունակ խոսել պետական ինստիտուտների դերի մասին և վերջում չստանձնել այդ պատասխանատվությունը»,- պատմեց պետնախարարը։
Նժդեհ Իսկանդարյանը նշեց, որ նախապայման է ունեցել, որ ունի աշխատելու իր ձեռագիրը և լինելու է այնտեղ, որտեղ արցախցիներն են։
«Փորձել ենք այս մեկ տարվա ընթացքում որոշակի ծառայություններ մատուցել։ Քանի որ պետական բյուջեն սառեցված էր, իմ կողմից որպես այլընտրանք առաջարկվել է ստեղծել բարեգործական հիմնադրամ, կոչ անել մեր հայրենակիցներին, ինչպես նաև Արցախցի գործարարներին, բարձրաստիճան պաշտոնյաներին, որոնք տարիների ընթացքում որոշակի հնարավորություն են կուտակել։ Ընդհանուր առմամբ հիմնադրամին նվիրաբերվել է 35 միլիոն դրամ, որը մեր կողմից որպես աջակցություն տրամադրվել է մոտ 450 ընտանիքների։ Իհարկե, շատ հաճախ նաև քննադատվել եմ դրա համար, որովհետև հնարավոր չէր այդ գումարով ձեռք մեկնել մեր բոլոր հայրենակիցներին, քանի որ այսօր մեր հայրենակիցների 80%-ը ծանր իրավիճակում է հայտնվել»,- ասաց նա։
Կարդացեք նաև
Պետնախարարը տեսաուղերձում անդրադարձավ նաև իր մտահոգություններին։
«Թույլ տվեք այս փուլում որոշակի պարզաբանումներ չանել, բայց ինքս հակված չեմ շարունակել Արցախի պետնախարարի պաշտոնում իմ գործունեությունը։ Քանի որ այս փուլում ճիշտ չի լինի իմ հրաժարականի դիմումը ներկայացնել, կսպասեմ մինչև հունիսի 7-ը, և եթե ամեն ինչ լավ լինի՝ այնուհետև»,- ասաց նա։


















































