Ականատեսի օրագիր N11
Նախընտրական ծրագրերի վերաբերյալ
ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական կայքում մայիսի 11-ի դրությամբ առկա տվյալների համաձայն՝ ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրած 19 քաղաքական ուժերից (կուսակցություններ և դաշինքներ) միայն 8-ն են ԿԸՀ կայքում հրապարակել իրենց նախընտրական ծրագրերը։
Թեև նախընտրական ծրագրերի հրապարակումը ԿԸՀ կայքում օրենքով պարտադիր պահանջ չէ, «Ականատես» դիտորդական առաքելությունը ընդգծում է դրա բացառիկ նշանակությունը ժողովրդավարական ընտրությունների համատեքստում, որտեղ նպատակը ոչ միայն իշխանության ձևավորումն է, այլ նաև պետության զարգացման ուղու ընտրությունը՝ գաղափարների, մոտեցումների և ծրագրերի մրցակցության միջոցով։
Կարդացեք նաև
Այս տեսանկյունից նախընտրական ծրագրերի կազմումն ու հրապարակայնացումը ունի առանցքային դեր մի քանի պատճառներով։
Առաջին՝ ծրագրի բացակայության դեպքում ընտրական գործընթացը հաճախ վերածվում է անձերի, կենսագրությունների կամ փոխադարձ մեղադրանքների մրցակցության։ Մինչդեռ հենց ծրագիրն է այն հիմնական փաստաթուղթը, որը հնարավորություն է տալիս ընտրողին հասկանալ, թե ինչպես է տվյալ քաղաքական ուժը նախատեսում լուծել երկրի անվտանգային, տնտեսական, կրթական և սոցիալական խնդիրները։ Գիտակից ընտրողը ընտրություն է կատարում ոչ թե լոզունգների, այլ հստակ քաղաքական առաջարկների հիման վրա։
Երկրորդ՝ նախընտրական ծրագիրը կարելի է դիտարկել որպես յուրօրինակ սոցիալական պայմանագիր քաղաքական ուժի և քաղաքացու միջև։ Ընտրվելուց հետո հենց այդ փաստաթուղթն է դառնում այն չափորոշիչը, որի հիման վրա հանրությունը, ընդդիմությունը և քաղաքացիական հասարակությունը կարող են գնահատել խորհրդարան անցնող ուժերի ու ձևավորվող գործադիր մարմնի գործունեությունը և պահանջել տրված խոստումների կատարումը։ Ծրագրի բացակայությունը փաստացի նվազեցնում է քաղաքական ուժի ինստիտուցիոնալ պատասխանատվությունը։
Երրորդ՝ ընտրողը պետք է ունենա բավարար ժամանակ՝ տարբեր քաղաքական ուժերի ծրագրերը ուսումնասիրելու, համեմատելու և վերլուծելու համար։ Հակառակ դեպքում խաթարվում է տեղեկացված որոշում կայացնելու նրա իրավունքը, որը ժողովրդավարական ընտրությունների հիմնարար պայմաններից է։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում ներկայացված տվյալների համաձայն՝ ընտրություններին մասնակցող 19 քաղաքական ուժերից 11-ը դեռևս չեն ներկայացրել նախընտրական ծրագրերը։ Այդ քաղաքական ուժերն են՝
«Բոլորին դեմ եմ» ժողովրդավարական կուսակցությունը
Հայաստանի շնորհապետական կուսակցությունը
«Նոր ուժ» ռեֆորմիստական կուսակցությունը
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը
«Քոչարի ազգային վերածնունդ և ազգի զարթոնք» կուսակցությունը
Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցությունը
«Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցությունը
Դեմոկրատիա օրենք կարգապահություն կուսակցությունը
«Հայաստան» կուսակցությունների դաշինքը
«Հանուն հանրապետության» ժողովրդավարության պաշտպանների դաշինք կուսակցությունը
«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը
«Ականատես» դիտորդական առաքելություն


















































