Միլիարդներով պարտավորավճարներ չօգտագործած վարկի համար, հարյուր-միլիարդներով տոկոսավճարներ՝ պետական պարտքի համար
«419 միլիարդ 919 միլիոն 105 հազար դրամ. հենց այսքան է այս տարի մեր պետությունը ծախսելու՝ մեր կառավարության վերցրած վարկերի ու պարտքերի տոկոսների մարման համար: Ընդգծեմ՝ սրանով չի մարվում վարկը, կամ պարտքը, սրանով սպասարկվում են տոկոսները միայն: Բուն պետական պարտքը 5,5 տրիլիոն դրամ է».- սա Axioma-am նորաբաց YouTube-ի ալիքի այս շաբաթվա բացահայտումն է:
Axioma TV-ն մեդիա ազդեցության նախագիծ է: Aravot-ը զրուցել է նախագծի հեղինակ Արմինե Ուդումյանի հետ: Հարցրինք, թե ինչու են կարեւոր այս թվերը. «Տվյալն, իհարկե, բացահայտ հրապարակված է 2026 թվականի պետական բյուջեում, սակայն սա ցուցանիշ է, որն ամենօրյա ակտիվ լրահոսից դուրս է մնում, մինչդեռ շատ կարևոր է, քանի որ ուղիղ կապված է յուրաքանչյուր քաղաքացու ապագայի, հարկերի տնօրինման ու երկրի տնտեսական կայունության հետ»։
Երբ տեսնում ես պետական պարտքի համար տարեկան ծախսվող գումարի մեծությունը, ակամա հաշվում ես, թե ինչ մեծամասշտաբ ծրագրեր կարելի էր իրականացնել այդ գումարով: Կամ՝ թեկուզ դրա կեսով: Իհարկե, վերջնական պատկերացում կազմելու համար կարևոր է գնահատել նաև տնտեսական աճի վրա ներգրավված վարկերի ազդեցությունը, սակայն այս ընդգծումները երկրի բնակիչների համար ևս մեկ անգամ մտածելու առիթ են, թե ինչպես են տնօրինվում իր գումարները, մեզ հետ զրույցում նշեց Արմինեն:
Կարդացեք նաև
Նորաբաց ալիքի նյութերից մեկն էլ Հայաստանի չօգտագործած մի վարկի մասին է, որի համար պետական բյուջեից 1,5 միլիարդ դրամից ավելի գումար ենք վճարել որպես պարտավորավճար: Ընդ որում, դարձյալ խոսքը ոչ թե տոկոսների, այլ պարտավորավճարի մասին է. «Հայաստանի կառավարությունը 2015 թվականին գերմանական KFW բանկից 3 վարկ է վերցրել. ավելի քան 168 միլիոն եվրո՝ Հայաստան-Վրաստան հաղորդիչ գծի և ենթակայանի կառուցման համար: 10 տարուց ավելի է՝ ոչ կառուցում ենք, ոչ հրաժարվում վարկից։ Փոխարենը՝ մենք բոլորս վճարում ենք վարկը չօգտագործելու համար»:
Մեկ այլ նյութով ներկայացվում է 9,5 միլիարդ դրամի պետական ծրագիր, որից կարող են օգտվել մինչև 1 մլն դրամի անհուսալի վարկ ունեցողները, մարդիկ, որ հայտնվել են բանկերի «սև ցուցակներում», և որոնց տոկոսներն անընդհատ ավելանում են: Ներկայացվող ծրագրով պետությունը մեծ քայլ է անում դեպի խնդիրներ ունեցող քաղաքացիները:
Ընդհանրապես, նպատակ կա ընդգծելու նաև մարդկանց կյանքի վրա դրական ազդեցություն ունեցող ծախսերը, որ մարդիկ օգտվեն այդ ծրագրերից: Իսկ հանրային միջոցների կառավարման տեսակետից խնդրահարույց անարդյունավետ ծախսերի վրա ուշադրություն հրավիրելը հնարավորություն է տալիս հասկանալու, թե պետական բյուջեի ինչ հատված է ուղղվում ոչ թե զարգացման ծրագրերին, կրթությանը, կամ ենթակառուցվածքներին: Բացի այդ, սա կարևոր է նաև հանրային հաշվետվողականության տեսանկյունից, մեզ հետ զրույցում նշեց Արմինե Ուդումյանը։
Արմինեն նպատակ ունի նաև ներկայացնել ոչ միայն պետական բյուջեի, այլ նաև տարբեր բիզնեսների տվյալներ, ցուցանիշներ և մարդկանց կյանքի վրա դրանց ազդեցությունը: Արմինեն լրագրող, PR մասնագետ է, աշխատել է առաջատար լրատվամիջոցներում՝ լուսաբանելով բիզնեսի, տնտեսական ոլորտի զարգացումները, իսկ խոշոր բիզնեսների հետ նրա աշխատանքն ուղղված է ճիշտ դիրքավորմանը, ավելի արագ աճին և ճգնաժամային հաղորդակցության համակարգմանը:
Axioma TV-ն մեդիա ազդեցության նախագիծ է, Արմինեն նշում է. «Ինչպես աքսիոմը, որն ապացուցման կարիք չունի, ծրագրի ամեն մի էպիզոդն էլ առանց ապացուցելու հավակնության թիվ առ թիվ կպարզաբանի՝ ինչի մասին են մեր ծախսերը, ինչ են խոսում թվերը՝ մեր տնտեսության մասին, ինչ թվեր են բնութագրում ձեր բիզնեսը և թե ինչ կապ ունի այդ ամենը մեզ բոլորիս հետ»:
Axioma TV-ի լոգոն, ի դեպ, որը կառուցված է խորը կապտականաչի և վառ կարմիրի արտահայտիչ հակադրության վրա, փոխանցում է հավասարակշռության, ազդեցության և կարևորության ու real-time մեդիայի զարկերակի գաղափարը։ Արմինեի ձեւակերպմամբ, նախագծի գաղափարը տարբերանշանում անթերի կերպով արտացոլել է տաղանդավոր դիզայներ Աննա Ավետիսյանը։
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
12.05.2026

















































