Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԻՊ-ը ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանի գործունեությանը միջամտելու անթույլատրելիության վերաբերյալ օրենսդրական կարգավորումները

Մայիս 13,2026 14:53 Share

Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեն անդամ պետություններին ուղղված իր՝ արդյունավետ, բազմակարծիք և անկախ մարդու իրավունքների ազգային հաստատությունների զարգացմանն ու ամրապնդմանն ուղղված CM/Rec(2021)1 հանձնարարականում արձանագրել է, որ անդամ պետությունները պետք է նպաստեն պետական մարմինների իրազեկվածությանը ՄԻՊ հաստատությունների մանդատի, անկախության և դերի մասին, այդ թվում՝ վերապատրաստման և իրազեկվածության բարձրացման միջոցառումների միջոցով։

📌 Հաշվի առնելով վերոգրյալը՝ Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության կողմից նույնպես պարբերաբար իրականացվում են ինչպես մարդու իրավունքների տարատեսակ հարցերի, այնպես էլ ՄԻՊ մանդատի, լիազորությունների և անկախության երաշխիքների առնչությամբ հանրային իրազեկումներ։

🔎 📖 Վերոնշյալի համատեքստում ներկայացնում ենք ՀՀ օրենսդրական կարգավորումները ՄԻՊ գործունեությանը միջամտության անթույլատրելիության վերաբերյալ.

🔸ՀՀ Սահմանադրության 191-րդ հոդված. ➡️ Մարդու իրավունքների պաշտպանն անկախ պաշտոնատար անձ է:

🔸Սահմանադրական օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մաս. ➡️ Պաշտպանն իր լիազորությունների ժամկետում և դրանից հետո չի կարող հետապնդվել և պատասխանատվության ենթարկվել Պաշտպանի՝ իր կարգավիճակից բխող գործունեության շրջանակներում, այդ թվում՝ Ազգային ժողովում հայտնած կարծիքի համար:

🔸Սահմանադրական օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մաս. ➡️ Պաշտպանն իր լիազորությունների իրականացման ժամանակահատվածում և դրանից հետո չի կարող բացատրություն տալ կամ հարցաքննվել պաշտոնավարման ընթացքում իրեն հասցեագրված դիմումների կամ բողոքների, դրանց ուսումնասիրության կամ քննարկման ընթացքում ձեռք բերված փաստաթղթերի էության կամ իր կայացրած որոշումների կապակցությամբ։

🔸Սահմանադրական օրենքի 6-րդ հոդվածի 5-րդ մաս. ➡️ Պաշտպանի՝ իր լիազորությունների իրականացման հետ կապված նամակագրությունը, հեռախոսային խոսակցությունները, փոստային, հեռագրական հաղորդումները և հաղորդակցության այլ ձևերը ենթակա են վերահսկման միայն դատարանի որոշմամբ՝ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի միջնորդությամբ, եթե դա կապված է ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության կատարումը կանխելու կամ բացահայտելու անհրաժեշտության հետ:

🔸Սահմանադրական օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մաս. ➡️ Պաշտպանին ուղղված բողոքները և այլ փաստաթղթերը, ինչպես նաև Պաշտպանի հարցումները կամ նրա կողմից ուղարկվող այլ փաստաթղթեր ենթակա չեն ստուգման կամ գրաքննության:

🔸Սահմանադրական օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մաս. ➡️ Պաշտպանին Սահմանադրությամբ և սույն օրենքով վերապահված լիազորությունների իրականացմանը խոչընդոտելը, Պաշտպանի նկատմամբ սպառնալիքը կամ նրա մասին արատավորող կամ նրա իրավունքներին ու օրինական շահերին այլ վնաս պատճառող տեղեկություն հրապարակելը կամ նրա գույքը ոչնչացնելը կամ վնասելը կամ նրա նկատմամբ բռնություն գործադրելը, ինչպես նաև Պաշտպանին վիրավորանք հասցնելը կամ նրա նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելն առաջացնում են քրեական պատասխանատվություն։

🔸Սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մաս. ➡️ Պաշտպանի աշխատակազմում պաշտոն զբաղեցնող անձինք և կանխարգելման ազգային մեխանիզմի փորձագետները կարող են բացատրություն տալ կամ հարցաքննվել Պաշտպանին հասցեագրված դիմումների կամ բողոքների էության կամ դրանց ուսումնասիրությունների արդյունքում Պաշտպանի կայացրած որոշումների վերաբերյալ, ինչպես նաև դրանք այլ անձանց տրամադրել ծանոթացման՝ միայն Պաշտպանի գրավոր համաձայնությամբ:

🔸Սահմանադրական օրենքի 16-րդ հոդվածի 8-րդ մաս. ➡️ Պաշտպանին դիմելը կամ Պաշտպանի միջամտությունը չի կարող հանգեցնել բողոք ներկայացրած անձի համար որևէ անբարենպաստ հետևանքի կամ անհավասար վերաբերմունքի կամ սպառնալիքի: Ցանկացած այդպիսի վերաբերմունք առաջացնում է օրենքով նախատեսված պատասխանատվություն:

🔸 Սահմանադրական օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մաս. ➡️ իր գործունեության ընթացքում դիմողի կամ այլ անձի մասին իրեն հայտնի դարձած տվյալները Պաշտպանը կարող է հրապարակել միայն այդ անձանց գրավոր համաձայնությամբ:

🔸 Սահմանադրական օրենքի 19-րդ հոդվածի 4-րդ մաս. ➡️ բողոքի կամ սեփական նախաձեռնությամբ քննարկման կապակցությամբ Պաշտպանի կայացրած որոշումները բողոքարկման ենթակա չեն։

🔸 ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 57-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետ. ➡️ որպես վկա չի կարող հարցաքննվել կամ առարկաներ, փաստաթղթեր կամ այլ նյութեր ներկայացնել` մարդու իրավունքների պաշտպանը` իր պարտականությունները կատարելու կապակցությամբ իրեն հայտնի դարձած հանգամանքների մասին։

🔄 Միաժամանակ, ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Սահմանադրությունն ունի բարձրագույն իրավաբանական ուժ:
ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ օրենքները պետք է համապատասխանեն սահմանադրական օրենքներին, իսկ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերը՝ սահմանադրական օրենքներին և օրենքներին:

ℹ️ Այս համատեքստում անհրաժեշտ է նկատի ունենալ, որ «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքը սահմանադրական օրենք է:

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031