Լրահոս
Օրվա լրահոսը

«Եվրոպական ժառանգության երիտասարդ կերտողները» մրցույթի հաղթողները պարգևատրվել են Արուճ եկեղեցում

Մայիս 13,2026 17:26 Share

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ու ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը «Եվրոպական ժառանգության երիտասարդ կերտողները» մանկապատանեկան ստեղծագործական մրցույթի մասնակից դպրոցականների հետ այցելել են Արագածոտնի մարզի Արուճի Սուրբ Գրիգոր եկեղեցի:

Այցին մասնակցել է նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը:

Հյուրերը շրջել են Արուճի Սուրբ Գրիգոր եկեղեցում և հարակից տարածքում, ծանոթացել հուշարձանի պատմությանը:

Միջոցառման ընթացքում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսը պատվոգրեր են հանձնել «Եվրոպական ժառանգության օրեր» ծրագրի «Եվրոպական ժառանգության երիտասարդ կերտողներ» մրցույթում հաղթող 9 թիմերին:

Նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է աշակերտներին և շնորհակալություն հայտնել մասնակցության և հուշարձանների նկատմամբ հետաքրքրություն ցուցաբերելու համար:

Նախարարը հույս է հայտնել, որ օրվա միջոցառումը կոգևորի աշակերտներին բացահայտել Հայաստանը և ճանաչել մշակութային ժառանգությունը՝ պատմամշակութային հուշարձանները:

Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է՝ ամեն տարի Արագածոտնի մարզի Արուճի Սուրբ Գրիգոր եկեղեցում իրականացվում է Հոգևոր երաժշտության փառատոն՝ Սուրբ Ծննդյանը նվիրված համերգ:

«Հուսով եմ՝ դուք ևս կմասնակցեք առաջիկա համերգին, որովհետև երբ եկեղեցում հնչում է հոգևոր երաժշտություն, դրա վեհությունն ու շքեղությունն ամբողջովին նորովի են բացահայտվում»,- դիմելով աշակերտներին՝ ասել է Ժաննա Անդրեասյանը։

Այնուհետև ԿԳՄՍ նախարարը, ԵՄ դեսպանն ու դպրոցականները քայլարշավ են իրականացրել դեպի Արուճի միջնադարյան ամրոց:

«Եվրոպական ժառանգության երիտասարդ կերտողներ» մրցույթի ազգային  փուլում հաղթող ճանաչված Աբովյան քաղաքը ներկայացնող «Լուսերուն» (լույսի սերունդ) թիմը հաղթանակ է գրանցել նաև համաեվրոպական փուլում։  Հաղթող թիմը մեկնել էր նաև Ստրասբուրգ, որտեղից օրերս է վերադարձել։ «Լուսերունը» ներկայացրել էր Գառնիի տաճարի վերաբերյալ ինտերակտիվ կրթական խաղ-վիկտորինա։

Նշենք, որ ARC-HE-TOUR-DEV ծրագրի շրջանակում Հայաստանում Իտալիայի դեսպանության աջակցությամբ մշակվել է Արուճի միջնադարյան ամրոցի վերականգնման և թանգարանացման նախագիծը՝ պահպանելով մեթոդաբանական խստությունը և հուշարձանի պատմական ամբողջականությունը։ Նախագծով նախատեսվում է այցելուների երթուղիներ, հանգստի գոտիներ, մուտքային հատվածներ և մեկնաբանման գործիքներ՝ ապահովելով հուշարձանային համալիրի համահունչ ու հասկանալի ներկայացումը։

ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031