«Հանուն հավասար իրավունքների» հասարակական կազմակերպության նախագահ Գայանե Աբրահամյանը գրում է.
«Մինչ ոմանք դեռ շարունակում են TRIPP նախագիծը «վերաձևել», «այլ երաշխավոր բերել» կամ էլ համարել «կործանարար», ոմանք էլ արդեն` «չեղարկված», Թրամփի պատմական այցը Չինաստան շատ ավելի մեծացրեց TRIPP-ի եւ Խաղաղության խաչմերուկի կարեւորությունը։
Մինչդեռ քարոզարշավային դարակազմիկ հայտարարությունների մեջ TRIPP -ում ու խաղաղության պայմանագրում արդեն շահաբաժին են խոստանում միաժամանակ ոչ միայն ԱՄՆ_Ռուսաստան-Չինաստան այլ անգամ` Հնդկաստան-Պակիստան առանցքին, աչքիս` Հնդկաստան-Պակիստան կոնֆլիկտն էլ ձեռի հետ մեր ամենակարող ռուսամետները լուծելու են։
Ակնհայտ է, որ Թրամփի այս պատմական այցը վերադասավորելու է տարածաշրջանը, որի արդյունքում էապես մեծանալու է TRIPP-ի եւ «Խաղաղության խաչմերուկի» նշանակությունը` էապես բարձրացնելով պատերազմի տնտեսական ու քաղաքական գինը, այսինքն` մեծացնելով խաղաղության կայունությունն ու անվտանգության մակարդակը։
Կարդացեք նաև
Աշխարհը նոր փոխկապակցվածության ու գլոբալ վերադասավորումների է գնում, նոր տնտեսական և տեխնոլոգիական հանգույցների ձևավորման` հատկապես ցամաքային ճանապարհների ու հանգույցների մեր տարածաշրջանում։
Իրանի թեման այսօր քննարկվում է ոչ միայն միջուկային անվտանգության, այլ նաև լոգիստիկ, էներգետիկ, ճանապարհային հանգույցների և Եվրասիայի ապագա տնտեսական քարտեզի համատեքստում։
Այս պայմաններում TRIPP-ի նման նախագծերը դառնում են ոչ թե «կասկածելի ապագա ունեցող», այլ խոշոր խաղացողների ռազմավարական հետաքրքրության մաս, որտեղ մենք մեր կարեւոր անկյունն ունենք ու գոնե այս անգամ տարածաշրջանային կարեւորագույն նախագծերից դուրս չենք մնա»։


















































