«Սևան-Հրազդան կասկադով ոռոգման համակարգին ավելի շատ ջուր տալու տարբերակը շատ անգամներ պետությանն առաջարկվել է, դա հնարավորություն կտար Արարատյան դաշտավայրին և, մասնավորապես Արմավիրի մարզին բոլորովին նոր շունչ տալ»,- Մեծամորում նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարեց «Ուժեղ Հայաստան» թիմի նախընտրական ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանը։
Նրա համոզմամբ՝ ջուրը Հայաստանում պետք է խնդիր չլինի և չի լինի, եթե Սևան-Հրազդան կասկադի հետ կապված մի շարք խնդիրներ լուծվեն։ Իրենց հաշվարկով՝ 70 միլիոն խորանարդ մետր ոռոգման ջուր կարող է գալ Արարատյան դաշտավայր։
Ուսումնասիրել են՝ միջին հաշվարկներով աշխարհում մեկ շնչին ընկնող ջրի ցուցանիշով Հայաստանում 2,5 անգամ ավելի ջուր կա։ Հայաստանի ջրի ընդամենը 5 տոկոսն է օգտագործվում, 95 տոկոսը «թողնում են գնա», այն դեպքում, երբ Արարատյան դաշտավայրում ջրի խնդիր կա։ Պատճառը ոռոգման համակարգերն են, որոնք շատ հին են․ «Անգամ այն հարստությունը, որն Աստված մեզ տվել է, չենք կարողանում նորմալ տնօրինել»։
«Մեծամորում չկա այն էներգետիկ շարժը, որ պետք է լինի երկրի սրտում, որը լուսավորում է ողջ հանրապետությունը»,- ասաց Նարեկ Կարապետյանը՝ նկատելով, որ քաղաքում հիմնականում խորհրդային շրջանի կառույցներ են։ Իր կարծիքով՝ ՀԱԷԿ-ի վճարած հարկերի հիմնական մասը պետք է տրամադրվի Մեծամոր քաղաքին՝ քաղաքում և քաղաքի շուրջ զարգացում ապահովելու համար։
Կարդացեք նաև
Հաջորդ խնդիրը վարկերն են․ «Հարևան Վրաստանում վարկերի տոկոսներն ութ տոկոս են, Հայաստանում՝ 18-25։ Վրաստանում երկրի ղեկավարը բիզնեսմեն է, վարկերն 8 տոկոս են, Հայաստանում՝ երկրի ղեկավարը լրագրող է, վարկերը 25 տոկոս են։ Բիզնեսմենի լավ կառավարումն էժան վարկերն են»։
Նարեկ Կարապետյանը ներկայացրեց «Ուժեղ Հայաստան» թիմի տեսլականը՝ վարկային բեռը թեթևացնելու համար․ «Մարդը, եթե 18 ամիս չի կարողացել վարկը վճարել, հնարավորություն է տալիս մեկ տարի ֆինանսական վիճակը կարգավորել, հետո վճարել, իր հարկերից է վարկերի տոկոսները փակվելու։ Հարկը գնում է պետությանը, պետությունը վճարում է տոկոսը, մարդու աշխատավարձից չի վճարվում»։
Մանրամասները՝ տեսանյութում
Տեսաուղերձով նաև Սամվել Կարապետյանի խոսքը հնչեց՝ իր հողի վրա ապահով և հարուստ ապրելու համար վստահել իր թիմին։
«Էջմիածինը պետք է դառնա ամբողջ քրիստոնյա աշխարհի կենտրոնը, իսկ հայի հավատքը՝ մեր միասնության հիմքը»,- ասաց Սամվել Կարապետյանը։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Լուսանկարն՝ արխիվային

















































