Այսօր «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչները՝ վարչապետի թեկնածու, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ, Շիրակի մարզում են։ Նրանք իրենց հանդիպումները սկսել են Ախուրյանից, լինելու են հեռավոր Աշոցքում, Ամասիայում, քարոզարշավն ամփոփելու են Գյումրիում՝ Թատերական հրապարակում սպասվելիք հանրահավաքով։
Ռոբերտ Քոչարյանը իր ելույթը սկսեց Չարենցավանում հնչեցրած իր մի մտքի մեջբերմամբ։
«Ես երկու օր առաջ Չարենցավանում մի միտք արտահայտեցի, թե արդար չէ, որ վարորդական իրավունք ստանալու համար մարդ պսիխո է հանձնում, պսիխոյի թուղթ պիտի հանի, իսկ երկրի ղեկը պահելու, վարելու համար այդպիսի պսիխոյի թղթի կարիք չկա։ Շատ չեմ մանրացրել, օրինակներ չեմ բերել, բայց երեկ ուղղակի իսկապես առարկայական ապացույց ենք ստացել, որ շատ ճիշտ առաջարկ է, մենք պետք է այդ առաջարկն անպայման ընտրություններից հետո կյանքի կոչենք։
Կարդացեք նաև
Այս մարդը ցույց տվեց իր կեցվածքով, որ ակնհայտ, առերևույթ հոգեկան խանգարումների հատկանիշներ ունի։ Ես կարծում եմ՝ սա ակնհայտ էր բոլորի համար։ Եվ հիմա ես ունեմ հետևյալ հարցադրումը՝ ժողովուրդ ջան, դուք՝ ամեն մեկդ, ի՞նչ կարգ ընտանեկան մոդել եք տեսնում։ Թող սա պրոյեկտի իր ընտանիքի վրա, ինչպիսի՞ ընտանիքի հայր է ինքը ուզում ունենալ կամ երազած հայրը, կամ այն իդեալական մոդելը, որ մենք կուզենայինք ունենալ՝ հավասարակշռված, մարդկանց հետո նորմալ շփվող, աշխատասեր, իր աշխատանքն անող ընտանիքի հա՞յր, թե՞ հիստերիկ, լաչառ, կարծիքը տաս անգամ շաբաթվա մեջ փոխող, ստախոս, կազինոյի կլիենտ և հարբեցող։
Ի՞նչ կընտրեք ձեր ընտանիքի համար, ձեր սիրած մոդելը ո՞րը կլիներ։ Երևի չեմ կասկածում, չէ՞, լավ մոդելը։ Հիմա համարեք, որ երկիրը մեր մեծ ընտանիքն է և ունենք մարդ, որն ամբողջությամբ համապատասխանում է այդ երկրորդ տարբերակին՝ հիստերիկ, գժական գնացող, ինքն էր չէ՞ ասում Ղարաբաղի հարցի կարգավորման ժամանակ՝ ես ինձ գժի տեղ եմ դնում։ Չէր դնում գժի տեղ, շատ բնական էր։
Հիմա հորդորս հետևյալն է՝ մենք համարենք մեր երկիրը մեծ ընտանիք է և այդ ընտանիքի տիրոջից է կախված մեծապես այդ երկիրը հանգիստ է լինելո՞ւ, թե՞ ոչ, պատերազմ է ունենալու, թե՞ խաղաղություն, բարեկեցիկ է լինելո՞ւ, թե՞ հակառակը։ Շատ պարզ համեմատության մեջ եմ դնում այս ամենը։
Մեկ անգամ սխալվել ենք, հավատացել ենք, երկրորդ անգամ սխալվելու տեղ չունենք, թիկունք չի մնացել, մեկ սխալի համար գինը եղավ հսկայական հողեր, 150 հազար փախստականներ, Արցախի կորուստ, 5 հազար զոհ և այլն։ Հիմա թիկունք չի մնացել, հերթական սխալը լինելու է Սյունիք, լինելու է Արևմտյան Ադրբեջան, միգուցե մզկիթների կառուցում Հայաստանի տարածքում։ Ուզո՞ւմ ենք մենք սա, չեմ կարծում, որ ուզում ենք», -ասաց Ռոբերտ Քոչարյանը։
Նա անդրադարձավ նաև Նիկոլ Փաշինյանի կողմից Արցախի շրջափակումից փրկված մարդկանց Հայաստան գալը «փախուստ, թռնել» բառերով որակելը։
Նա խնդրեց դահլիճում նստածներին ձեռք բարձրացնել նրանց, որոնց պապերը եղել են Մուշից, Կարսից։ Դահլիճի մեծ մասը ձեռք բարձրացրեց։
«Ուղղակի ձեր պապերին ասել են՝ թռած, փախած, հայրենիքը հանձնած։ Հայաստանի բնակչության մի զգալի մասը ողբերգական պատմություն ունի, բայց սա է մեր պատմությունը»,-ասաց Ռոբերտ Քոչարյանը՝ հարցնելով․ «Եվ սա իրեն մարդ է համարո՞ւմ, հայ է համարո՞ւմ»։
Ըստ նրա, Նիկոլ Փաշինյանը ոչ թե վիրավորեց 2-3 արցախցու, այլ հայ ժողովրդի 70 տոկոսին։
Նա նաև ասաց, որ Նիկոլ Փաշինյանի կողքին կար առողջապահության նախարար, որը պետք է համապատասխան տեղը դներ նրան, ասաց՝ հասկանում է, որ պացիենտին պետք է կարեկցանքով վերաբերվել, բայց եթե պացիենտը իշխանություն ունի, ապա այդ դեպքում կարեկցանքի կարիք ժողովուրդն ունի։
«Ո՞նց ենք կարող փոխել այս իրավիճակը, մի հատ լավ ապտակել հունիսի 7-ին, ապտակել սրիկային, ստահակին, որը համարձակվել է վիրավորել մեր ժողովրդի մեծամասնությանը»,- ասաց Ռոբերտ Քոչարյանը։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ




















































