Գերմանական կաթոլիկական Domradio-ն մայիսին մի քանի հրապարակմամբ անդրադարձել է բռնգաղթի հետեւանքով ՀՀ-ում ինտեգրվող արցախցիների խնդիրներին, որ վերադարձի հույսը փայփայելով, վիշտը հոգիներում դիմակայում են սոցիալ-հոգեբանական մարտահրավերներին: Գերմանացի կաթոլիկների արեւելաեվրոպական օգնության Renovabis միությունը, որ տարբեր երկրներում աջակցում է նեղյալներին սոցիալ եւ կրթության ոլորտներում, Հոգեգալստյան առաջիկա՝ մայիսի 24-ի տոնին ուշադրություն է բեւեռում արցախցիներին սատարելու առաքելությանը: Եղեգնաձորի համայնքային Community Development ՀԿ-ի միջոցով իրականացվող օգնությունը, նկարչության, պարի դասընթացները, աշխատատեղերի ստեղծումը փոքր-ինչ դարմանում է վտարանդի արցախցիների վիրավոր հոգին, որ թղթի վրա շարունակում են գծել Ղազանչեցոցը, իրենց հայրենի տունը… Renovabis-ի առցանց էջում ծավալուն ռեպորտաժներն «ամեն ինչ կորցրած մարդկանց մասին են, որ հույսը դեռ վառ են պահում»:
Վերոհիշյալը արցախցիների հիմնարար իրավունքների պաշտպանության մասին միակ հիշատակումը չէ գերմանալեզու տեղեկատվական տարածքում: Վերադարձի մասին է հիշեցնում Քրիստոնեական համերաշխություն միջազգային կազմակերպությունը մայիսի 20-ին տարածած հաղորդագրությամբ: «Ի հեճուկս ԼՂ խնդրի շուրջ Շվեյցարիայի խաղաղության նախաձեռնության լայն աջակցությանը, Երեւանի եւ Բաքվի կառավարությունները մտադիր են անտեսել այն: Մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող միջազգային (CSI) կազմակերպությունը կոչ է անում Շվեյցարիայի դաշնային խորհրդին դիմադրել արտաքին ճնշմանը եւ հետեւողականորեն իրականացնել միջնորդական իր մանդատը», -իրազեկում է Քրիստոնեական համերաշխությունը՝ (շվեյցարական) լրատվամիջոցներին տրամադրված հաղորդագրությամբ: Հիշեցնենք՝ 24.4259 բանաձեւով Շվեյցարիայի խորհրդարանը հանձնարարել է դաշնային խորհրդին Ադրբեջանի եւ ԼՂ-ի հայերի ներկայացուցիչների միջեւ խաղաղության ֆորում կազմակերպել՝ բաց երկխոսությամբ միջազգային հովանու ներքո, տեղահանված հայ բնակչության անվտանգ, համատեղ վերադարձի մասին: Թեեւ մեկ տարի անց ֆորումը չի կայացել, բայց Շվեյցարիայում դրա իրագործմամբ խաղաղության հասնելու նպատակը շարունակում է գերակա մնալ:
Անահիտ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» շաբաթաթերթում


















































