Կարծես թե բոլոր շահագրգիռ կողմերը ցանկանում են տեմպ հաղորդել «Թրամփի ուղի» նախագծի կյանքի կոչմանը։ Քաղաքագետ Հրանտ Միքայելյանը նշում է, որ կողմերը, որոնք ներգրավված են այս նախագծում և պահանջատեր են այս ոլորտում, ցանկանում են արագացնել այս նախագիծը։
Կարծիք կա, որ Հայաստանի շուրջ իրադարձություններին տեմպ հաղորդելը կապված է 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների արդյունքների հետ։ ՔՊ-ն մեծամասնություն չստացավ, և հիմա արտաքին ուժերի շրջանում գուցե կա մտավախություն, որ Հայաստանում իշխանափոխության կամ այլ իրողությունների պարագայում շատ գործընթացներ կարող են այլ ձևաչափ ստանալ։ «Երկու հանգամանք կա։ Նախ՝ ընտրություններից հետո բոլոր կողմերը, որոնք նաև աջակցել են Փաշինյանի ընտրությանը և ուղիղ մասնակցել են դրան, ակնկալում էին, որ լինելու են առարկայական արդյունքներ։ Անցել է չորս ամիս, և հիմա ուզում են ինչ-որ արդյունք գրանցել։ Փաշինյանը միշտ մատնանշում էր 2026 թվականի երկրորդ կեսը՝ ուղիղ ակնարկելով, թե՝ թողեք ընտրվեմ, որպեսզի այդ գործն արագանա։ Հիմա նա անցել է լոզունգների մակարդակից, որտեղ պայմանավորվածություններ են եղել, այն մակարդակի, երբ պետք է սկսի դրանք իրագործել կյանքում, իսկ կյանքում իրագործելու համար թե՛ ֆինանսական, թե՛ քաղաքական, թե՛ այլևայլ խնդիրներ կան։ Այդ հատվածում նաև բավականին բարդ ռելիեֆ է, և այլն։ Ուստի, այս ամենն իրագործել հողի վրա այդքան էլ հեշտ չէ և այդքան էլ արագ չի լինի։ Մյուս կողմից՝ Ադրբեջանում շատ լավ գիտակցում են, որ իրենց համար Փաշինյանից ավելի լավ ղեկավար Հայաստանում երբեք չեն ունենա: Նաև շատ լավ գիտակցում են, որ Հայաստանը կարող է ոտքի կանգնել և իրենց պատասխան հարվածներ հասցնել։ Իրենք մտադիր են դա երբեք թույլ չտալ, այսինքն՝ Հայաստանին թուլացնել, ստանալ Հայաստանում ամեն ինչ մինչ նրա ուժեղացումը, Հայաստանն անդադար կապիտուլ յացիայի շղթայի մեջ մտցնել, ինչը Փաշինյանի օրոք ստացվում է։ Դրա համար փորձում են մինչև որևէ փոփոխություն տեղի ունենալը բոլոր հարցերն արագ լուծել։ Փաշինյանն իրենց համար բազմաթիվ հարցեր լուծել է, զիջումների գնացել է՝ դրա դիմաց որևէ առարկայական բան չստանալով։ Բայց սա չի նշանակում, որ այն սպասելիքը, որ Փաշինյանն իշխանությունը կկորցնի, իրատեսական է կամ հնարավոր մոտ ապագայում։ Այս պահի դրությամբ Փաշինյանը շատ ամուր է նստած իր աթոռին, և առնվազն այս պահի դրությամբ որևէ լուրջ սպառնալիք նրա իշխանությանը չկա»,-նկատում է մեր զրուցակիցը։
Լուսինե ԱՌԱՔԵԼՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։



















































