Լրահոս
Օրվա լրահոսը

«Իր բոլոր ելույթների ծրագրերում նա երգում է Կոմիտաս». հայրենիքում էր 89-ամյա լեգենդար օպերային սոպրանո Աստղիկ Անդրեասյան-Դեդեյանը

Մայիս 25,2026 19:03 Share

Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Կոնստանդին Սարաջևի անվան գրադարանի սրահում անսովոր հուզական և ջերմ մթնոլորտ էր։ Հյուրերը հավաքվել էին մեծարելու կենդանի լեգենդին՝ եվրոպական օպերային բեմերի բազմավաստակ երգչուհուն՝ Աստղիկ Անդրեասյան-Դեդեյանին։

Առիթը նրա անգնահատելի նվիրատվությունն էր հարազատ բուհի գրադարանին։ Ավելի քան հարյուր արժեքավոր հրատարակություններ՝ օպերային կլավիրներ, պարտիտուրներ, եվրոպական և հայ կոմպոզիտորների վոկալ ստեղծագործությունների բացառիկ ժողովածուներ, շատերը՝ հեղինակների ջերմ ու սրտառուչ ընծայագրերով, այսուհետ իրենց արժանի տեղը կզբաղեցնեն կոնսերվատորիայի գրադարանի անվանական պահոցներում։

Aravot.am-ի հետ զրույցում արվեստագիտության թեկնածու, դոցենտ, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտորի պաշտոնակատար Ծովինար Մովսիսյանը նախ նշեց, թե նման ավանդույթը ձևավորվել է կոնսերվատորիայի հիմնադրման օրվանից։ Իսկ Կոնստանդին Սարաջևն առաջիններից էր, որը, ստանձնելով բուհի ռեկտորի պաշտոնը, Սանկտ Պետերբուրգից Հայաստան տեղափոխեց տասնամյակներով հավաքված և խնամքով պահպանված իր հարուստ անձնական գրադարանը՝ ընդհանուր թվով երկու հազար նմուշ սիմֆոնիկ և օպերային պարտիտուրներ, կլավիրներ, երաժշտագիտական գրականություն, որոնք էլ դարձան նորաստեղծ կոնսերվատորիայի գրադարանի հիմքը։ Իսկ այստեղ պահվող մասնագիտական գրականության թիվը հասնում է քսան հազարի։

 

Մենք էլ նշենք, որ բուհի հարյուրամյա կենսագրության ընթացքում գրադարանը պարբերաբար համալրվել է նոր հրատարակություններով, բայց առանձնահատուկ նշանակություն ունեն անվանի պրոֆեսորների անձնական նվիրատվությունները, որոնք պահպանվում են որպես առանձին անհատական ֆոնդեր։ Դա պատմամշակութային, հոգևոր ժառանգություն է, նաև՝ բուհի հարուստ կենսագրության վկայությունը։

Տիկին Մովսիսյանը, անդրադառնալով լեգենդար երգչուհու՝ կոնսերվատորիային նվիրատվությանը, ասաց. «Մոտ երկու տարի առաջ մեզ հետ կապ հաստատեց տիկին Աստղիկը և ցանկություն հայտնեց կոնսերվատորիային նվիրաբերելու իր գրադարանը։ Սիրով ու երախտագիտությամբ արձագանքեցինք, և ամիսների ընթացքում, մի քանի փուլով, մեզ հասան երգչուհու՝ տասնյակ տարիների ընթացքում խնամքով պահված ու դասակարգված գրադարանի արժեքավոր հատորները։ Վերջին երկու ճամպրուկը երգչուհին անձամբ տեղ հասցրեց և հանձնեց կոնսերվատորիային։ Եվ ի նշան մեր երախտիքի՝ կազմակերպեցինք այս հանդիպումը։ Ուսանողները երջանիկ առիթ ունեցան ծանոթանալու նրա հետ, լսելու հարուստ ու հագեցած կյանքի ուղու, բեմական ու մանկավարժական գործունեության մանրամասները»։

Աստղիկ Անդրեասյանը ծնվել է Միացյալ Նահանգներում՝ Ֆրեզնոյում, Արևմտյան Հայաստանից տեղահանված մտավորականների երևելի ընտանիքում։ Հայրը՝ ճանաչված արձակագիր Անդրանիկ Անդրեասյանը, ջանք չի խնայել իր զավակների կրթության և մասնագիտական կայացման համար, և, որ ամենակարևորն է, իսկական հայրենասեր դաստիարակելու համար։ Աստղիկը մանկուց զբաղվել է երաժշտությամբ, նվագել է դաշնամուր և ջութակ, ավելի ուշ լրջորեն սկսել է զբաղվել երգեցողությամբ Ֆրեզնոյի պետական քոլեջում, այնուհետև ուսումը շարունակել է Բոստոնի Նյու Ինգլանդի կոնսերվատորիայում՝ հանրահայտ Գլեդիս Միլլերի դասարանում։ Ավարտել է Բոստոնի պետական մանկավարժական քոլեջը՝ ստանալով գրականության բակալավրի աստիճան։ Այնուհետև հոր խորհրդով ժամանել է հայրենիք, ուր սովորել է Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ակադեմիական երգեցողության բաժնում՝ պրոֆեսոր Թամար Շահնազարյանի դասարանում։

Այսօր էլ երգչուհին մեծ հուզմունքով և ջերմությամբ է հիշում Կոնսերվատորիայում, ապա նաև Օպերային թատրոնում անցկացրած տարիները։ Առաջին դերերգերն էին Վիոլետան՝ Վերդիի «Տրավիատայում» և Դեզդեմոնան՝ Վերդիի «Օթելլոյում»։ Երախտագիտությամբ նշում է դիրիժոր Սուրեն Չարեքյանին, որը վստահեց այդ բարդ ու պատասխանատու դերերգերը մեծ բեմում փորձառություն չունեցող երգչուհուն։ Դա անչափ կարևոր փորձառություն էր, որը ճանապարհ հարթեց դեպի եվրոպական հեղինակավոր օպերային բեմահարթակներ։

Ծովինար Մովսիսյանը տեղեկացրեց, որ տասնյակ տարիների համերգային գործունեության ընթացքում երգչուհին համագործակցել է ժամանակի մեծագույն երաժիշտների հետ, անմոռանալի հանդիպումներ ու ելույթներ ունեցել նրանցից շատերի հետ ԱՄՆ քաղաքներում՝ Նյու Յորքից մինչև Լոս Անջելես, Կանադայում, Եվրոպայում և, իհարկե, Հայաստանում՝ ամենատարբեր, բազմազան ու բազմաբովանդակ երկացանկով, որն ընդգրկում է հայ և արևմտաեվրոպական հնագույն ու ժամանակակից երաժշտություն, օպերային արիաներ, երգեր և ռոմանսներ, օպերետային երաժշտություն, ջազային երգ, հոսպել ու սպիրիչուելս։

Մեր զրուցակիցը հայտնեց նաև, թե ավելի քան երեք տասնամյակ երգչուհին երգչական արվեստ է դասավանդել Վելիզի-Վիլակուբլայի կոնսերվատորիայում, որտեղ նաև բեմադրել է օպերետներ և օպերային տեսարաններ։

«Աստղիկ Անդրեասյան-Դեդեյանը 1990-ական թվականներից Փարիզի հայ առաքելական եկեղեցու հովանու ներքո հիմնել և ղեկավարել է երգչախումբ, որի երկացանկի գերակշիռ մասը հայ հոգևոր ու աշխարհիկ երաժշտությունն է։ Երգչուհու խոստովանությամբ՝ իր ողջ կյանքի ընթացքում նա երկու Աստծո է երկրպագում՝ երկնային Հորը և երկրային Կոմիտասին։ Իր բոլոր ելույթների ծրագրերում նա երգում է Կոմիտաս, որի ժառանգությանը առանձնահատուկ երկյուղածությամբ ու ակնածանքով է վերաբերվում։ Եվ դա է պատճառը, որ մեր կոնսերվատորիայի անակնկալն առավել հուզիչ է երգչուհու համար»,– ասաց տիկին Մովսիսյանը։

Ի նշան երախտագիտության Աստղիկ Անդրեասյան-Դեդեյանին շնորհվեց կոնսերվատորիայի հիմնադրման 100-ամյակի առիթով թողարկված «Կոմիտաս» հուշամեդալը։ Իսկ հանդիպման ընթացքում հնչեցին երգչուհու կատարումների ձայնագրությունները, կոնսերվատորիայի ուսանողներն ու դասախոսներն էլ բազմաթիվ հարցեր ուղղեցին երգչուհու մասնագիտական ու բեմական փորձառության վերաբերյալ։

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031