«Մենք իրավունք չունենք թշնամի ունենալու։ Եթե ՌԴ-ն փակում է, Եվրոպան բացո՞ւմ է ճանապարհը, որ ասենք՝ հեսա, գնում ենք այնտեղ՝ երկրորդ ճանապարհով։ Եվրոպան իր գլուխը չի կարողանում պահել։ Եվրոպայի ամենաուժեղ հիմնարկներից Գերմանիան յոթ մեքենաշինական գործարանները հանեց՝ ԱՄՆ և Չինաստան։ Երեք մետալուրգիական գործարանները փակեց, չկարողացավ աշխատեցնել։ Այսօր մենք պետք է խելացի վարվենք՝ որտեղ կա արդյունք, կա շահ, որը օգուտ կբերի իմ երկրին, պարտավոր ենք այդ հարաբերությունները պահպանել։ Ամենակարևորը՝ երաշխավորված խաղաղություն, բարեկեցիկ կյանք, ու ժողովուրդն ուզում է դա զգա իր մաշկի վրա»,- իր թիմակիցների հետ հանդիպման ժամանակ այսօր ասաց «Առաջարկ Հայաստանին» թիմի առաջնորդ, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը։
Հորդորեց՝ քարոզարշավի մնացած փուլում էլ լսել թիմակիցներին, լսել մարդկանց, արձանագրել բոլոր խնդիրները, որևէ բան աչքաթող չանել։ Նաև պատվիրեց՝ վստահ, բաց ճակատով առաջ գնալ, քանի որ իրենք անօրինական որևէ բան չեն անում։ Հորդորեց՝ ուշադիր լինել իրենց ընտանիքների անդամների նկատմամբ, որևէ ճնշման դեպքում արագ տեղեկացնել փաստաբաններին, ասաց՝ փորձում են «ժողովրդի աչքը վախեցնել», ուրիշ բան չկա։ Հանձնարարեց՝ քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ կոռեկտ լինել, նրանց ընտանիքի անդամներին «չկպնել»․ «Մենք ոչ մեկի վրա ցեխ չենք շպրտելու։ Եթե բան ասեցին՝ իրենց պատասխանը ստանալու են․ անձն է ստանալու, ու սա մեր կլասն է, մեր բարձրությունը, որ քաղաքականության մեջ ընտանիք մտնելը ճիշտ չի»։
Թիմի ցուցակում ընդգրկված քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը քարոզարշավի անցած փուլի մասին իր դիտարկումները ներկայացրեց՝ ասելով, որ Նիկոլ Փաշինյանը ճակատագրական սխալ թույլ տվեց քարոզարշավի սկզբից՝ հիմնական ընդդիմադիր ուժերին «մեկ զամբյուղում» տեղավորելով և անունը դնելով՝ «պատերազմի եռագլուխ կուսակցություն»՝ իմանալով, որ երեքն էլ տարբեր են իրենց մոտեցումներով, ծրագրերով և խոսույթներով։
Համաձայն է Գագիկ Ծառուկյանի հետ՝ հանրային տրամադրությունները փոխված են, և չկողմնորոշված մի զանգված կա՝ 40-50 հազար մարդ, որ որոշել է այս ընտրություններին մասնակցել, և համակրանքը ընդդիմադիր ուժերի կողմն է։
Կարդացեք նաև
Ըստ նրա՝ Փաշինյանը երկրորդ ճակատագրական սխալն է անում՝ որոշելով հիմնական ընդդիմադիր մեկ-երկու ուժերին ընտրապայքարից դուրս դնել՝ գնալով Մոլդովայի սցենարով։ Վստահեցնում է՝ եթե իրենց թիմին դուրս թողնի, իրենք ունեն «պլան Բ», «պլան Գ» և պատրաստ են նրան, որ ընդհանուր գործը՝ հունիսի 7-ին ընդդիմության որևէ ձայն չի փոշիանալու։ Եթե Փաշինյանը երկու ընդդիմադիր կուսակցության դուրս թողնի ընտրապայքարից, հետընտրական շրջանում, իր կարծիքով, Հայաստանում հեղափոխական վիճակ կստեղծվի, քանի որ այդքան ընտրազանգվածին գործընթացներից դուրս թողնելը չի կարող աննկատ անցնել։
Երկու դեպքում էլ՝ ՔՊ-ի և Նիկոլ Փաշինյանի պարտությունը երաշխավորված է համարում, քանի որ Նիկոլ Փաշինյանը սխալը սխալի ետևից անելով գնում է ու չի կարողանում իր սխալներից ետ կանգնել։
Իր գնահատմամբ՝ «իշխանության վերարտադրություն՝ Սյունիքի դիմաց» գործարք է իրականացնում ՔՊ-ն և Նիկոլ Փաշինյանը։
ԱԳ նախկին նախարար Արա Այվազյանն էլ ասաց՝ քարոզարշավի վերջին շաբաթը վճռորոշ է լինելու, մանավանդ այն իրողությունների ֆոնին, որ իշխանությունը ծրագրային ասելիք չունի։ Նրանց դիրքավորումը հետեւյալն է․ «Գազ տալ», որ դիմացինները վախենան․ այստեղ վախեցող չկա, վստահ եմ, որ ժողովուրդը մեզ կաջակցի»։
Մանրամասները՝ տեսանյութում։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































