«Արցախի ներկայացուցչության շենքը երկու Հայաստանների ցուցիչ է։ Այս շենքի հետ կապված հավակնություն ունի Բաքվում գործող արևմտյան Ադրբեջանի Երևանի թատրոնը։ Այս շենքի հետ կապված այդ թատրոնը հավակնություններ ունի։ Ադրբեջանում այդ թատրոնի մասնաշենքը վերակառուցվեց և բացվեց չորս ամիս առաջ»,- մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց «Ուժեղ Հայաստան» դաշինքի ցուցակի առաջին համար Նարեկ Կարապետյանը:
Նա տեղեկացրեց, որ այդ թատրոնի ֆինանսավորումը կատարվում է պետության՝ մշակույթի նախարարության կողմից։
Հարցին՝ ինչպե՞ս կարձագանքի այն որոշմանը, որ Հայաստանի վարչական դատարանը բավարարել է Գլխավոր դատախազության հայցը և անվավեր է ճանաչել Արցախի ներկայացուցչության շենքի նկատմամբ «Արցախի Հանրապետության» սեփականության իրավունքի պետական գրանցումը, Նարեկ Կարապետյանն ի պատասխան ասաց․ «Այս շենքը ՀՀ-ում ապրող արցախցիների համար հայրենիքի կտոր է։ Մենք երկու իրականության մեջ ենք ապրում՝ արցախցիների, ում հայրենիքի վերջին կտորն են փորձում վերցնել և միևնույն ժամանակ այն իրականության մեջ, երբ Ադրբեջանում պետական ֆինանսավորմամբ բացվում է Ադրբեջանում Երևանի ադրբեջանական թատրոնը»։
Կարդացեք նաև
Նարեկ Կարապետյանի ասուլիսն ամբողջությամբ՝ տեսանյութում
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































