Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ առաջին ՄԻՊ. «Նախընտրական քարոզարշավի անցած երեք շաբաթը ընտրական գործընթացի կոպիտ և գռեհիկ ոտնահարում էր». «Փաստ»

Հունիս 02,2026 09:00 Share

«Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ գործադիր տնօրեն, ՀՀ առաջին ՄԻՊ Լարիսա Ալավերդյանի կարծիքով՝ «Նախընտրական քարոզարշավի անցած երեք շաբաթը ընտրական գործընթացի կոպիտ և գռեհիկ ոտնահարում էր։ Մարդիկ մտահոգություններ ունեն ընտրական բուն օրվա հետ կապված, բայց բոլոր այն խախտումները, որոնք արդեն հայտնաբերվել են, կարող են հիմք լինել դատական գործերի համար։

Օրինակ՝ տեսնում ենք, որ կիրառվում է վարչական ռեսուրս, հավաքներին մասնակցում են մեծ թվով ուսուցիչներ։ Միայն այս տարի չէ, որ նման պատկերի ենք ականատես լինում։ Տարիներ շարունակ կրկնել եմ՝ կեղծիքները, որոնք տեղի են ունեցել, այդտեղ 80 տոկոսով մասնակցել է այն խավը, որն իրեն ուսուցիչ է համարում։ Նման ուսուցիչներին չի կարելի մոտ թողնել երեխաներին։ Գուցե ձևակերպումս խիստ է, բայց դա մեր իրականությունն է։

Այս համատեքստում ուզում եմ ընդգծել՝ որքան էլ մենք կարծենք, համարենք, և իրապես մասնակի այդպես է, որ դատական իշխանությունն ամբողջովին ենթարկվում է այս թիմին, մեկ է՝ անընդհատ և անընդմեջ, ամեն օր հարյուրավոր բողոքներով, հայցերով պետք է դիմել դատարան։ Սա պետք է անել նաև ապագայի համար։

Առաջին՝ պետք է արձանագրել ամեն օր տեղի ունեցող խախտումները։ Երկրորդ՝ բոլոր այն փաստերի հիմքով, որոնք արդեն հայտնաբերվել են տարբեր գյուղերում և համայնքներում, պետք է դիմել դատարաններ։ Երրորդ՝ բոլոր կուսակցությունները պետք է պատրաստեն դիտորդների այնպիսի թիմեր, որոնց հնարավոր չէ վախեցնել, գնել, «քշել»։

Խոսում եմ այն փորձի մասին, որը տեսել եմ 1991 թվականից, հատկապես՝ 1995 թվականին մշակված ամենակեղտոտ տեխնոլոգիաների։ Այս իշխանությունները պատրաստ են ամեն ինչի, այդ թվում՝ հետընտրական գործընթացներին ուժային և գռեհիկ միջամտություններին։ Կարծում եմ՝ ոչ միայն Հայաստանի դատարաններ պետք է դիմել, այլ ամեն օր հարյուրավոր նամակներ պետք է հղվեն Եվրամիության՝ կեղծիքները քողարկող այդ խմբին։ Որևէ առումով հույս չունեմ, որ նրանք կարձագանքեն, բայց բողոքը նշան է, որ համաձայն չես, գիտես, հայտնել ես։ Դա նաև հիմք է հետագայում այլ ատյաններ դիմելու համար»։

Լուսինե ԱՌԱՔԵԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930