«Սկզբում մենք պետք է լինենք ԵՄ անդամության թեկնածու, միայն դրանից հետո ԵՄ-ին պաշտոնապես դիմենք անդամակցության համար։ Քանի դեռ դա չկա, ԵՄ անդամակցության մասին խոսել հնարավոր չէ»,- «Իզվեստիայի» հարցերին ի պատասխան ասաց Ծովագյուղում քարոզարշավ իրականացնող ՔՊ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը։
Հարցին՝ ինչպե՞ս կգնահատեք ՌԴ-ի կողմից կիրառվող տնտեսական սահմանափակումները, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց․ «Կարծում եմ, որ սխալ քայլեր են, քանի որ մարդկանց տրամադրում են ընդդեմ ԵԱՏՄ-ի։ Ես՝ որպես ԵԱՏՄ բարձրաստիճան պաշտոնական դեմք, ինձ համար այսպիսի խնդիրները ընդունելի չեն, դրանց պատճառով ԵԱՏՄ-ի վարկանիշն ընկնում է ՀՀ քաղաքացիների շրջանում»։
Հարցին՝ ԵԱՏՄ-ի հայտարարությունը ստացե՞լ եք, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց․ «Այո, կարդացել եմ։ Հասկացել եմ, որ չորս գործընկեր երկրները դեմ չեն հանրաքվեի անցկացմանը Հայաստանի՝ ԵՄ անդամակցության հետ կապված։ Բայց ՀՀ-ն պաշտոնապես դեռ ԵՄ-ին չի դիմել ԵՄ անդամակցության համար, դրա համար հիմա հանրաքվեի հարց չկա»։
Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ ԵԱՏՄ-ն նոր հնարավորություններ պետք է բացի, որ կառույցի վարկանիշը ՀՀ-ում բարձրանա․ «Եթե նույնիսկ սահմանափակումներ են ներդրվում առանձին ընկերությունների նկատմամբ, դա բացասական ընդունելություն է ստանում ՀՀ քաղաքացիների շրջանում։ Ես՝ որպես ԵԱՏՄ-ն ներկայացնող պաշտոնատար անձ, դրանում շահագրգռված չեմ։ Լավ կլիներ՝ բոլոր սահմանափակումներից հրաժարվեին։ Սանիտարական խնդիրները միշտ էլ կան, բայց ներկայումս դա քաղաքականացվում է, և վախենում եմ, որ դա կարող է որոշ բացասական տրամադրություններ առաջացնել հայ հանրության մոտ ԵԱՏՄ-ի հետ կապված»։
Կարդացեք նաև
Հարցին՝ ԵԱՏՄ հաջորդ նիստին մասնակցելո՞ւ եք, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց․ «Նախորդ նիստին իմ՝ չմասնակցելու հարցը շատ քննարկվեց։ Երբ Վլադիմիր Պուտինը իմ ծննդյան առիթով զանգահարել էր, դրական զրույց ենք ունեցել, խոսեցինք նաև մեր գործերի մասին։ Իհարկե, մասնակցելու եմ։ Ես հատուկ դրա համար Մոսկվա եմ գնացել, և երբ որոշվում էր նախորդ նիստի ժամկետը և տեղը, ես զգուշացրել եմ, որ քարոզարշավի մեջ եմ լինելու և չեմ կարողանալու գալ»։
Ավարտելով զրույցը՝ Նիկոլ Փաշինյանը «Իզվեստիայի» լրագրողին ասաց, որ երեխեքի հետ նկարվելու ժամանակը խլեցին։
Նիկոլ Փաշինյանի քարոզարշավն ամբողջությամբ՝ տեսանյութում
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Լուսանկարը՝ արխիվային


















































