Բաքվի վերաքննիչ դատարանում մայիսի 26-ից մեկնարկել է ապօրինի դատապարտված 15 հայ գերիների, այդ թվում՝ Արցախի նախկին ղեկավարների հանրային պաշտպանների ներկայացրած բողոքների քննությունը։
Ի՞նչ սպասել Բաքվի վերաքննիչ դատարանից, հատկապես Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների առնչությամբ։
Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) հայ ռազմագերիների ներկայացուցիչ և փաստաբան Սիրանուշ Սահակյանի խոսքով՝ այս ամենը նույն կեղծ դատավարությունների շարունակությունն է վերադաս ատյանում՝ միանշանակ սպասումներ չկան։
«Այդ վերադաս ատյանը նույն հակահայկական տրամադրություններն է ապահովում ներքի լսարանի համար։
Կարդացեք նաև
Նշեմ, որ դատավճիռներն առ այսօր տրամադրված չեն, և հետաքրքրական է, որ առանց դատավճիռների ամբողջական տեքստի գոյության և տրամադրման՝ վերաքննիչ ատյանում տեղի է ունենում գործի քննություն, որը միայն կարող է ձևական բնույթ կրել՝ ելքի որևէ փոփոխություն մենք չենք ակնկալում։ Միանշանակ լինելու են մեղադրական դատական ակտեր»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Սիրանուշ Սահակյանը։
Սիրանուշ Սահակյանի կարծիքով՝ հայ պատանդների, գերիների իրավունքների իրական պաշտպանության կարելի է հասնել բացառապես անկախ միջազգային դատարանների կամ առանձին դատական օղակների միջոցով։
«Եվրոպական դատարանն արդեն իսկ ներգրավված է։ Նշեմ, որ օգոստոսի 31-ը սահմանված է որպես վերջնաժամկետ՝ դատավաճիռները դատարանին տրամադրելու համար։ Դատավճիռները ստանալուն պես՝ մեկնարկելու ենք ընթացակարգեր Եվրոպական դատարանում։ Արդեն իսկ որոշ գործեր ներկայացվել են ՄԱԿ-ի կամայական ազատազրկման հարցերով զբաղվող աշխատանքային խմբին։ Մենք մեծաթիվ գործեր ներկայացնելու ենք ՄԻԵԴ-ին։ Արդարադատությունն ակնկալում ենք բացառապես եվրոպական և միջազգային մակարդակում»,- հավելեց մեր զրուցակիցը։
Զվարթ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «168 ժամ»-ում։


















































