«Նոր եմ դուրս եկել, թողեք մի քանի օր անցնի, մնացածը՝ հետո։ Հիմա սահմանափակված վիճակում եմ, ավելի սահմանափակված, քան կալանավայրում»,- լրագրողների հետ զրույցում ասաց Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։
Հիշեցնենք, վերաքննիչ դատարանն այսօր սրբազանի խափանման միջոցը փոխելու որոշում էր կայացրել։ Դատարանի դահլիճում սրբազանը հայտարարեց, որ չի ընդունում դատարանի որոշումը, սակայն պաշտպանների հետ խորհրդակցելուց հետո նա դատից անմիջապես հետո դուրս եկավ դատարանից։ Փաստաբան Հովհաննես Խուդոյանը տեղեկացրել է, որ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը կտեղափոխվի Երևանի Արաբկիր վարչական շրջանի Քանաքեռ ՀԷԿ-ի 8-րդ շենքի 20-րդ բնակարան։
Դատարանի բակում լրագրողների հետ զրույցում սրբազանն ընդգծեց․ «Մենք չենք դիմել, միջնորդություն չենք ներկայացրել խափանման միջոցի փոփոխության համար և ուզում եմ, որ դա շատ հստակ լինի։ Այսպիսի որոշում են կայացրել, որի հնարավորությունն ունեին դեկտեմբերի 30-ին անելու, չեն արել, իրենց հարցրեք՝ ինչո՞ւ հիմա»։
Փաստաբան Տաթևիկ Սողոյանն էլ տեղեկացրեց, որ սրբազանի շփումները և խոսքի իրավունքը բաց են, բացառությամբ գործով անցնող մյուս մեղադրյալների հետ շփումներից։
Մանրամասները՝ տեսանյութում։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































