Մայիսի 15-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ քննարկում՝ «Նախընտրական տրամադրություններ. IRI-ի հարցումները» թեմայով։
Տաղավարում էին Արմինե Մարգարյանը՝ «Կանայք և գլոբալ անվտանգային ճարտարապետությունը» կենտրոնի ղեկավար, և Էլեն Հոխիկյանը՝ արտաքին քաղաքականության և անվտանգության ոլորտի վերլուծաբան, «Կանայք և գլոբալ անվտանգային ճարտարապետությունը» կենտրոնի ավագ փորձագետ։
Բանախոսներն անդրադարձան Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) վերջին հարցմանը, որը ներկայացնում է Հայաստանի հասարակական-քաղաքական տրամադրությունների պատկերը՝ արձանագրելով ոչ միայն քաղաքական ուժերի ընթացիկ վարկանիշները, այլև հանրային ընկալումների, քաղաքական նախապատվությունների և արտաքին քաղաքական սպասումների փոփոխությունները։
Էլեն Հոխիկյանն ընդգծեց, որ վերջին շրջանում նմանատիպ ևս մեկ հարցում իրականացվել է EVN Report-ի կողմից, և կարելի է ասել, որ երկուսն էլ բավական նմանատիպ միտումներով են, այն դեպքում, որ երկու հարցումներն էլ ամբողջությամբ անկախ են անցկացվել իրարից և մեթոդաբանական տեսանկյունից որոշակիորեն տարբերվում են։
Կարդացեք նաև
Հարցին, թե ինչ ուղղությամբ է գնում պետությունը, արձագանքողների մեծ տոկոսը նշել է, որ երկիրը ճիշտ ուղղությամբ է շարժվում։ Հետազոտողները և սոցիոլոգները նշում են, որ սա փաստում է այն, որ իշխանության վերընտրման հավանականությունը մեծ է։
Հարցին, թե որ քաղաքական գործչին են վստահում, քաղաքացիների մեծամասնությունը նշել է Նիկոլ Փաշինյանին։
Հարցումներում առանցքային նշանակություն է տրվել անվտանգային հարցադրումներին։
«Պետք է ընդգծել, որ մեր երկրում մարդկանց մոտեցումը ընտրություններին առավելապես առաջնորդակենտրոն է։ Այսինքն, եթե քաղաքացին վստահում է որևէ քաղաքական ուժի առաջնորդին, ապա նա հակված է ընտրել հենց այդ կուսակցությանը»,- նշում է Հոխիկյանը։
Արմինե Մարգարյանն անդրադարձավ նրան, որ խաղաղության օրակարգի ինստիտուցիոնալացման մեկնարկից ի վեր անվտանգության ընկալումները փոխվել են հանրության շրջանում։ Ժամանակին անվտանգությունն ընկալվում էր նեգատիվ և ասոցացվում էր ռազմական գործոնի հետ։ Ներկայումս ՀՀ քաղաքացին զգում է իրեն որոշակի առումով ապահով և սկսում է անվտանգությունը դիտարկել և՛ տնտեսական, և՛ էներգետիկ, և՛ մարդկային տեսանկյուններից։
«Պարտադիր չէ, որ մարդիկ հստակ պատկերացնեն, թե ինչ է իրենից ներկայացնում տնտեսական անվտանգությունը տեսականորեն․ բավարար է միայն տեսնել շուկաների դիվերսիֆիկացիան և հիբրիդային ռիսկերի ուղիղ ազդեցությունների բացակայությունն իրենց վրա»,- հավելեց Մարգարյանը։
Հարցումները ցույց են տալիս, որ բացասական հնչերանգով քարոզարշավները չեն տալիս դրական արդյունքներ։ Հոխիկյանի խոսքերով, դրա օրինակ կարող է ծառայել լայն տարածում գտած «300,000 ադրբեջանցիների բնակեցումը» և այլ նարատիվներ։
Անդրադառնալով ընդդիմությանը՝ Մարգարյանն արձանագրեց, որ այն խիստ բազմաշերտ է։ Եթե նախկինում կար Ռոբերտ Քոչարյան, ով հաջորդում էր իշխանության թեկնածուին վարկանիշային ցուցակում, ապա ներկայումս կա «Ուժեղ Հայաստան», և ձայներն ինքնաբերաբար բաշխվում են երկու ուժերի միջև։
Հոխիկյանի խոսքերով, EVN Report-ի հարցման արդյունքներում կնկատենք, որ «Ուժեղ Հայաստանը» փետրվարից այս կողմ 12 տոկոս էր, որից հետո ընկավ, ու ներկայումս կրկին 12 տոկոս է։ Պատճառաբանությունը կարող է լինել այն, որ իրենք չունեն հստակ ֆիքսված վարչապետի թեկնածու, և սա բավականին մեծ անհստակություն է առաջացնում մարդկանց մոտ։
Ռոբերտ Քոչարյանի դեպքում բոլոր ցուցանիշները տատանվում են 3,5-6 տոկոսի սահմաններում, և հարցումները փաստում են, որ Ռոբերտ Քոչարյանը շարունակում է ունենալ ամենաբարձր անտիռեյտինգը, մինչդեռ Նիկոլ Փաշինյանի դեպքում անտիռեյտինգը 10 տոկոսի սահմաններում է։
«Մեդիա կենտրոն»


















































