«Վերջին 1,5 տարվա ընթացքում բոլոր գործընթացները ցույց են տալիս, որ այլեւս կա՛մ-կա՛մ տրամաբանությունը չի գործում, որովհետեւ Հայաստանը հետեւողականորեն իմպլեմենտացնում է դիվերսիֆիկացման իր քաղաքականությունը, եւ այս պահի դրությամբ մեզ հաջողվել է եւ տարածաշրջանային երկրների, մասնավորապես Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացում գնալ ինստիտուցիոնալացման ճանապարհով, եւ ԵՄ-ի հետ օրակարգը երբեք այսքան հագեցած չի եղել, որքան այսօր», -«Ուժե՞ղ երաշխավորներ. ի՞նչ ապագա է սպասում Հայաստանին» թեմայով քննարկման ժամանակ նշեց ռազմաքաղաքական հարցերով փորձագետ, «Կանայք և գլոբալ անվտանգային ճարտարապետություն» մտակենտրոնի ղեկավար Արմինե Մարգարյանը:
«Ինչ վերաբերում է Ռուսաստանին, այստեղ պետք է ընդգծեմ 2 իրար բավական հակասող ուղղություն: Մեկն այն է, որ Հայաստանն ընդգծում է, որ Ռուսաստանի հետ կառուցողական տրանսֆորմացիայի փուլ են թեւակոխում հարաբերությունները, այսինքն՝ քաղաքական ամենաբարձրագույն մակարդակով ընդգծվում է, որ կա քաղաքական կամք եւ ցանկություն Ռուսաստանի հետ կառուցողական տրանսֆորմացիայի ենթարկել հարաբերությունները, իսկ Ռուսաստանի կողմից, այդ թվում նաեւ բարձրագույն մակարդակով, ընդգծվում է, որ ապահարզանի տրամաբանությունը պետք է գործի. Հայաստանը կամ պետք է հետ կանգնի ԵՄ մերձեցման քաղաքականությունից, կամ պետք է շատ արագ այդ մասին հայտարարի, հանրաքվե իրականացնի, որպեսզի ժողովրդի կամքն այնտեղ երեւա, հայտարարի, որպեսզի Ռուսաստանն էլ արդեն իր գործողություններն առաջ տանի:
Ինչո՞ւ եմ ընդգծում, որ այստեղ 2 իրար հակասող մոտեցումներ են, որովհետեւ տեսնում ենք մի կողմից Հայաստանի կառուցողական մոտեցումը, մյուս կողմից Ռուսաստանի քաղաքական, տնտեսական եւ այլ լծակներն օգտագործելու միջոցով ճնշումներ, հիբրիդային սպառնալիքներ եւ այլն, հնարավորինս ճնշում գործադրելու քաղաքականություն ՀՀ իշխանությունների եւ այս դեպքում նաեւ Հայաստանի ընտրողի վրա: Այս ամենն, իհարկե, բարդություններ է ստեղծելու, բայց մենք պետք է մեր ընտրած ճանապարհից չշեղվենք»,-հավելեց Արմինե Մարգարյանը:
«Դա, ըստ էության շանտաժ է եւ տարբերակ Հայաստանի ընտրողների վրա ազդելու, վախի մթնոլորտ սերմանելու: Բոլոր այդ արտահայտությունները եւ վերջին շրջանում պաշտոնական Մոսկվայի գործողությունները միտված են բացառապես ընտրական գործընթացի վրա ազդելուն: Իրենք հասկացել են, որ անհնարին է հասնել նրան, որ լինի Ռուսաստանի հանդեպ դրական վերաբերմունք հանրային ընկալումներում: Եվ ուրեմն ի՞նչ պետք է անել այս պարագայում՝ ըստ իրենց, պետք է վախեցնել: Վախեցնել եւ այնպես անել, որ հասարակության գոնե ինչ-որ հատված իր քաղաքական կողմնորոշումը, իր քաղաքական ընտրությունը հիմնի վախի վրա»,- նշեց քաղաքագետ, «Առաջադեմ քաղաքականության աշխատարան» ՀԿ համահիմնադիր Էդգար Վարդանյանը՝ անդրադառնալով ՌԴ նախագահի՝ Հայաստանին ուղղված արտահայտություններին եւ ապահարզանի առաջարկին:
Կարդացեք նաև
«Այսօր Ռուսաստանը կորցրել է մի շատ կարեւոր գործիք՝ Հայաստանի վրա ճնշում բանեցնելու առումով, դա Ղարաբաղյան կոնֆլիկտն է: Այդ գործիքը երկար ժամանակ աշխատում էր, և, ըստ էության, մեր արտաքին քաղաքականության զսպաշապիկն էր, այն մեծապես խոչընդոտում էր իրական, արդար արտաքին քաղաքականություն ունենալուն եւ ընդհանուր առմամբ երկիրը զարգացման ճանապարհով տանելուն: Հիմա կորցնելով այդ գործիքը՝ Ռուսաստանն, ըստ էության, դիմում է հետեւյալին. տեսնում է, թե ազդեցության ինչ լծակներ կարող է ունենալ, եւ հայտնաբերում է, որ այդ ազդեցության լծակը տնտեսականն է:
Մինչ այժմ էլ Հայաստանն իսկապես տնտեսական առումով կախված է Ռուսաստանից, եւ այդ կախվածությունն էլ ինքը կփորձի օգտագործել՝ ճնշում բանեցնելու, վախեցնելու եւ ասելու համար, որ եթե գնաք Արեւմտյան քաղաքակրթության հետ ինտեգրվելու ճանապարհով, կունենանք տնտեսական խնդիրներ, ճգնաժամի առաջ կկանգնեք, գները կթանկանան, գազի գինը կարող ենք բարձրացնել, ձեր բիզնեսի համար խնդիրներ կստեղծենք…»,- նշեց Էդգար Վարդանյանը:
Տեսանյութն ավելի ուշ:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարները՝ Media Center/Մեդիա կենտրոնի ֆեյսբուքյան էջից




















































