«Անկախ դիտորդ» դիտորդական առաքելության ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանի առաջին ամփոփումը
«Անկախ դիտորդ» դաշինքը շուրջ 700 հոգանոց դիտորդական առաքելության կազմով առավոտյան ժամը 7-ից իրականացնում է դիտորդությունը հանրապետության ամբողջ տարածքում։ Այս պահին գործում են 300 շրջիկ խմբեր և 30-ից ավելի արագ արձագանքման խմբեր, որոնք ժամը 10:30-ի դրությամբ այցելել են 860 ընտրական տեղամաս, կամ տեղամասերի ընդհանուր թվի շուրջ 43%-ը։
Տեղամասերի 72%-ում առավոտյան ուղիղ ժամը 7-ին արդեն ընտրական հանձնաժողովները եղել են տեղում։ Տեղամասերի 93%-ում առավոտվա նիստում, այսինքն՝ 7-8-ի միջակայքում, որևիցե խնդիր կամ խախտում չի եղել։ 89%-ում տեղամասերի ժամը 8:00-ին տեղամասը բացվել և սկսվել է հաշվարկը։ Մնացած տեղամասերում դա եղել է մոտ հինգ րոպե ուշ կամ հինգ րոպե շուտ. որպես կանոն՝ ուշ։ Տեղամասերի 90%-ում զրոյական կտրոնը էլեկտրոնային գրանցման սարքից տպվել է ուղիղ ժամը 8-ին։
Տեղամասերի կահավորման հետ կապված՝ 81%-ում կահավորման խնդիր չի եղել, 4%-ում լուսավորության խնդիր է եղել, մոտ 4.5%-ում տեղեկատվական պաստառների, այսինքն՝ քվեարկության կարգի օրինակ, և այլ պաստառների բացակայություն է նկատվել, 11%-ում կահավորման այլ խնդիրներ են եղել։ Բնականաբար, այս թվերի հանրագումարը կարող է 100 չլինել, որովհետև կարող են լինել տեղամասեր, որտեղ նույն տեղամասում մի քանի տարբեր խնդիր է լինում։ 10:30-ի դրությամբ տեղամասերի տեսախցիկների 98%-ը պատշաճ աշխատում են, և այդ առումով մենք մասսայական խնդիրներ չենք տեսնում։
Կարդացեք նաև
Առավոտյան նկատվել են խնդիրներ՝ կապված էլեկտրոնային գրանցման, որոշ տեղամասերում էլեկտրոնային գրանցման սարքերի կողմից տպվող կտրոնների վրա ընտրողի ցուցակում հերթական համարի անհամապատասխանության մասով։ Ըստ էության, դրանք ինչ-որ մեծ խնդիրներ չեն և չեն ազդում պրոցեսի վրա, բայց լրացուցիչ անհարմարություն են ստեղծում ընտրական հանձնաժողովի համար։ Ընտրական հանձնաժողովները սովոր են հենց այդ թվով ընտրողին ցուցակում գտնել, իսկ այժմ ստիպված են այդ տեղամասերում ընտրողներին գտնել անուն-ազգանունով։ Դա մի քիչ երկար է տևում, մի քիչ դանդաղեցնում է պրոցեսը։ Թիվ 51 տեղամասում դա հանգեցրել էր նրան, որ ընտրական հանձնաժողովը որոշել էր մոտ 40 րոպեով դադարեցնել քվեարկության պրոցեսը՝ ժամը 8-ից մինչև 8:40, ինչը կարծում ենք, որ շատ սխալ որոշում է եղել։ Այդ ընթացքում եղել են եզակի ընտրողներ, որոնք չեն սպասել և նույնիսկ հեռացել են։
Որոշ տեղամասերից մենք ունենք ահազանգեր, որ քվեարկության ծրարները պատշաճ չեն քողարկում, և լուսաթափանցելիության մակարդակը անընդունելի է, և ուշադիր նայելու դեպքում երբեմն հնարավոր է լինում տեսնել, թե ինչպիսի քվեաթերթիկ է ներսում դրված։ Բայց դա ոչ ամեն տեղ է։ Առերևույթ այս պահին կարող ենք ասել, որ տարբեր տեղերում տարբեր ծրարներ են, ենթադրում ենք՝ տարբեր խմբաքանակների։ Այս ուղղությամբ պարզում ենք նաև, թե էլեկտրոնային գրանցման սարքերի ցուցակների հերթական համարների հետ կապված խնդիրները տեղամասերի մոտ քանի տոկոսում են։
Բազմաթիվ տեղերում նկատել ենք վստահված անձանց շապիկների և հագուստի վրա տարբեր տեսակի քարոզչական նյութեր։ Դրանք շապիկներ են կուսակցությունների անվանումներով, համարներով, կամ գլխարկներ են՝ քարոզչանյութեր պարունակող, կամ կրծքանշաններ են։ Որպես կանոն, կրծքանշանների դեպքում դա «Քաղաքացիական պայմանագրի» մասով է, բայց շապիկների մասով, օրինակ, հիմնականում այլ կուսակցությունների հետ կապված է։ Բոլոր նման դեպքերում միջոցներ ենք ձեռնարկում, որ նման անձինք կամ հանեն կրծքանշանները և գլխարկները, կամ դուրս գան, փոխվեն և նոր վերադառնան տեղամաս»։
Մանրամասն՝ տեսանյութում


















































