2020 թ-ի նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերվանից ի վեր՝ հայ հասարակության մեծ մասի համար երևի թե ամենահոգեմաշ զգացողությունը «վատի անդադար ակնկալիք + գործողության կոչի երկարատև սպասում = անգործունեություն» բանաձևն է։
Անգործունեությունը (inaction) զուտ գործողության, գործունեության բացակայությունը չէ։ Քեմբրիջի բառարանը այն բացատրում է որպես «եղած խնդիրը լուծելուն ուղղված քայլեր ձեռնարկել ձախողելը»։ Չի բացառվում, որ այս տարիների հարուստ փորձը, անգործունեության դեպքերի մեծ քանակը հետագայում հարստացնի հայոց լեզուն ավելի հստակ նկարագրող բառով. այս մեկը վերցված է 2014 թ-ին տպագրված Անգլերեն-հայերեն բառարանից (Գրիգորյան և Գրիգորյան)։
2020 թ-ի նոյեմբերի 10-ից ի վեր՝ ընդդիմության տարբեր ներկայացուցիչներ մեզ խոստացել են հուժկու և վճռական ակցիաներ, որոնց շրջանակներում ՀՀ Կառավարության ղեկավարը բազմիցս պետք է փոխված լիներ․ շրջափակում ենք Կառավարության շենքը այնքան, որ Նիկոլ Փաշինյանը չկարողանա դուրս գալ ու հրաժարական տա, փակում ենք այնքան, որ Նիկոլ Փաշինյանը չկարողանա մուտք գործել Կառավարության շենք ու հրաժարական տա, փակում ենք օդանավակայան տանող ճանապարհը, որ Փաշինյանը չփախչի ու հրաժարական տա , կամ որ չթռչի Մոսկվա՝ հանդիպելու Իլհամ Ալիևի հետ։
Ուսանողները համալսարաններում, աշխատողները հիմնարկներում կազմակերպել են Փաշինյանի հրաժարականի պահանջով տարբեր ցույցեր, փակել են փողոցներ։ Հայրենիքի փրկության շարժումը անցկացրել է և՛ Արժանապատվության երթ, և՛ Փաշինյանի՝ դեպի Եռաբլուր սգո երթին ի պատասխան՝ հիշատակի երթ։ Հասարակության մի ստվար հատված միշտ մասնակցել է բոլոր հնարավոր ակցիաներին՝ հուսով, թե կստացվի վերջապես։
Կարդացեք նաև
2021 թ-ին, ընտրություններով Նիկոլ Փաշինյանին ու պարտությունը լեգիտիմացնելուց հետո, Հայրենիքի փրկության շարժումը մարեց, սակայն մոխիրներից վեր խոյացավ Դիմադրության շարժումը։ Քանի՜-քանի նստացույց է կազմակերպվել ու քանի՜-քանի զուգահեռ, ուղղահայաց և շրջանաձև գործողություն՝ բոլորը մեկ վճռական նպատակով՝ պիտի՛ հեռանա։
Հասարակությունը, հայացքը դեպի ընդդիմություն ուղղված, անընդհատ պատրաստ է եղել գործողության։ Արցախի շրջափակման մոտ 10 ամիսների ընթացքում՝ այն հոգեմաշ զգացողությամբ, որ Արցախին նոր աղետ է սպասվում և սպասումով, որ ընդդիմությունը կկազմակերպվի, կմիավորվի (քանզի ինչպե՞ս կարելի է ոչինչ չձեռնարկել) և հետո, երբ Արցախում սով էր սկսում, շրջափակումից այս կողմ ապրող շատերիս պատառը կուլ չէր գնում, հայերը, բռունցքները սեղմած, սպասում էին գործողության կոչի, որը, սակայն, չէր հնչում։ Միայն ամառային արձակուրդը վայելելուց հետո՝ սեպտեմբերի սկզբին, ընդդիմությունը (քանի որ հասարակությունից հնչող պահանջը ուժգնանում էր), թեթևակի շարժում կատարեց՝ հանրահավաքի ու ճառերի տեսքով ու… կրկին ոչինչ չձեռնարկեց, մինչև որ սկսվեց սեպտեմբերի 19-ի աղետը։ Հետո Հայաստանը կորցրեց Արցախը, իսկ ընդդիմությունը բողոքի ալիքը կասեցրեց և ուղղեց դեպի բարեգործա-կամավորական գործունեություն՝ մեր արցախցի քույրեր-եղբայրներին Սյունիքում մի բաժակ թեյ լցնելու, շաքար գցել-խառնելու և խմեցնելու կոչի տեսքով։
Արցախի հանձնումից հետո, երբ սկսվեց Տավուշի գյուղերի հանձնումը, և այս անգամ Բագրատ սրբազանը սկսեց երթով Երևան գալ (թեև ուշադիր աչքին տեսանելի էր, որ լուրջ քաղաքական գործընթաց ետնաբեմում չկա), միևնույնն է՝ կրկին հույս կար, որ միգուցե այդժամ ընդդիմությունը գործուն քայլեր կձեռնարկի։ 2024 թ-ի մայիսի 9-ին Բագրատ սրբազանը՝ իր կերպարի ու Առաքելական Եկեղեցու հանդեպ ժողովրդի ակնածանքի շնորհիվ, կարողացավ Հանրապետության հրապարակում հավաքել իսկապես աննախադեպ քանակի մարդկանց բազմություն։ Սրբազանը կատարել էր իր ուժերի ներածը, իր բաժին աշխատանքը՝ հավաքել մարդկանց, որոնք կրկին սպասում էին վճռական գործողությունների կոչի։ Սակայն ամենավճռական պահին պարզվեց, որ քաղաքական ուժերը այս անգամ ևս տապալում են գործընթացը։ Ո՞վ, ինչպե՞ս և ինչո՞ւ՝ նորից պատմությանն ուղղված հարցեր են․ ենթադրություններին տեղիք տալն իմաստ չունի։
Անշուշտ ընդդիմության յուրահատուկ անգործունեությամբ նշանավորվեց նաև 2025 թ-ը, երբ բիրտ և ուղիղ հարվածի տակ ընկան Հայ Առաքելական Եկեղեցին, Ամենայն Հայոց Հայրապետը, իսկ Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժեց թուրանական միջանցքը։ Ամենայն հավանականությամբ, իրեն՝ անգործության մեջ մեղադրող բազմաթիվ մարդկանց լռեցնելու փորձ կատարելու համար՝ խորհրդարանական ընդդիմությունը ձեռնարկեց Կառավարությանն անվստահություն հայտնելու գործընթաց, որը, կատարվող քայլերի տեմպից և ավյունից դատելով, կարելի է անվանել հորանջող իմփիչմենթ։ Տպավորություն էր, որ ընդդիմությունը պարզապես ֆեյսբուքյան ստատուսներ գրելուց և խորհրդարանում բոցաշունչ ճառեր ասելուց ինքն անգամ ձանձրացել էր։ Պետք էր ժամանակը գլորել մինչև 2026 թ-ի հունիսի 7:
Այսօր արդեն հունիսի 11-ն է։ Ընտրություններում արձանագրվել են բազմաթիվ խախտումներ, կեղծիքներ։ Միայն «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն արդեն արձանագրել է մոտ 200 ձայնի փաստացի ավելացում: «Միասնության թևերը» նույնպես չի հավատում ընտրությունների արդյունքներին: «Հայաստան» դաշինքը և «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը նույնպես դժգոհություն են արտահայտել։ Ընտրությունների օրն անգամ իշխանությունը բիրտ ուժ է կիրառել ընդդիմադիր կուսակցությունների տարբեր անդամների հանդեպ։ ԿԸՀ-ն հունիսի 7-ի լույս 8-ին դադարեցրել է ձայների հաշվարկը․ անգամ իշխանությունը չի կարողանում վիճարկել ընտրախախտումների փաստը։
Ընտրությունների՝ նույնիսկ խախտված արդյունքներով պարզ է, որ Հայաստանի քաղաքացիների մեծամասնությունը մերժել է Նիկոլ Փաշինյանին։ Թեև Հայաստանի ընդդիմադիր դաշտը ընտրություններից բացի՝ այլ՝ գործուն ու արդյունավետ միջոց մինչ այժմ չի առաջարկել, Հայաստանի քաղաքացիները հերթական անգամ հնարավորություն են ընձեռել քաղաքական գործիչներին վճռորոշ քայլեր անելու։ Ընդամենը երկու շաբաթ առաջ գրել էի, որ Նիկոլ Փաշինյանը, անգամ պարտվելու դեպքում, չի հեռանալու, որ պլան Ա-ից զատ նա ունի տարբեր սցենարներով զարգացումների համար նախապատրաստած գործողություններ, և որ ընդդիմությունը կարծես թե կրկին անպատրաստ է:
Իհարկե, կյանքում հնարավոր չէ ամեն մի անկանխատեսելի զարգացման համար պլանավորել և ունենալ գործողությունների մի ամբողջ փաթեթ։ Սակայն արդյոք դժվա՞ր էր ենթադրել, որ Հայաստանի պես երկրում հեռանալ չցանկացող և ցածր վարկանիշ ունեցող ղեկավարը կարող է դիմել ընտրախախտումների և վարչական ռեսուրսների կիրառման։ Արդյոք այդքան շա՞տ էին հնարավոր սցենարները, և արդյոք դրանցից ամենաանհավանակա՞նն է տեղի ունեցել, որ մարդկանց բողոքի լիցքը հերթական անգամ ուզում են ցրել լռությամբ և անգործունեությամբ։
Դիտելով ընդդիմության հայտարարությունները՝ կարելի է ևս մեկ տխուր փաստ արձանագրել՝ ընդդիմության առաջին երեք-չորս տեղերը զբաղեցրած ուժերը ընտրություններից առաջ չեն համագործակցել։ Նրանց «հավաքական ընդդիմություն» անվանելը զուտ հասարակության հույսերի արտացոլանքն է։ Ո՛չ հավաքական են, ո՛չ էլ առավել ևս միասնական։ Նրանք անգամ հիմա, երբ բավականաչափ ձայներ ունեն, չեն համագործակցում։
Հիմա, երբ հասարակությունն իր բաժին աշխատանքը կատարել է, մերժել է Նիկոլ Փաշինյանին և սպասում է ստեղծված իրավիճակից դուրս գալու վճռական քայլերի, ընդդիմությունը լռում է։ Առանձին-առանձին անորոշ հայտարարությունները ոչինչ չեն տալու։ Ընդդիմությունը կարծես նորից անցավ քաղաքական առևտրի ու մոռացավ, որ այս անգամ հայ ժողովրդի կատարած ընտրությունն ուղղված է գոյաբանական խնդիրներ լուծելուն, որ ակնկալիքները ոչ թե համակրած ուժի հաղթանակն են, այլ միավորված և վճռական քայլերով Հայաստանի ոչնչացումը կանխելը։
Շատ դժվար է առանց ձեռքի տակ եղած փաստերի գուշակել, թե ի՛նչ հնարավոր գործարքների ու պայմանավորվածությունների է պատրաստ ընդդիմությունը իշխանության հետ։ Նախորդ հինգ տարիների դառը փորձը, ցավոք, հասարակությանն իրավունք է տալիս կասկածել ընդդիմության քայլերի կամ դրանց բացակայության շարժառիթների ազնվությանը։ Առավելագույն ձայներ հավաքած երեք ուժերից առնվազն երկուսը, ցավոք, հասցրել են արատավորել իրենց կենսագրությունը․ Հայաստանի ու հավաքական հայության ամենամեծ կորուստները եղել նրանց՝ իրենք իրենց Նիկոլ Փաշինյանի հակակշիռ հայտարարած ժամանակ։ «Ուժեղ Հայաստանը» նոր է ձևավորվում որպես քաղաքական միավոր։ Ամենայն հավանականությամբ նրա քաղաքական կենսագրությունը կախված է իր այսօրվա գործողություններից կամ անգործունեությունից։
Հայ ժողովուրդը հերթական անգամ ընդդիմությանը տվել է աշխատելու գործիք՝ լեգիտիմություն։ Ունի ակնկալիքներ, որոնք մաշեցնող սպասմամբ մարման են տանում։ Եվս մեկ-երկու անգործունեության օր, և Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ կգտնի ճանապարհը դեպի վերջնական և կործանարար լեգիտիմացում։ Վերջնական և կործանարար Հայաստանի համար։ Իսկ դրանից հետո ո՞ւմ են պետք ընդդիմություն աշխատող ուժերը։
Երբ Հայաստանը գոյաբանական խնդրի առաջ է կանգնած, ամոթ է քաղաքական առևտուր անելը։ Այդքան բարձրագոչ խոսքերից, փոփոխություն բերելու խոստումներից հետո լռությունը և անգործունեությունը սև բիծ են բոլորի կենսագրության մեջ և առավելապես դեռևս քաղաքականապես չապականված «Ուժեղ Հայաստանի» առաջնորդների վրա։ Եթե այսպես շարունակվի, 2026 թ-ի ընտրությունները կլինեն վերջինը այս Հայաստանի Հանրապետության համար։
Նարինե ԱՂԱԲԵԿՅԱՆ


















































