Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրու քաղաքապետի փեսայի ու մի քանի պաշտոնյաների դեմ թոշակառու կնոջ բողոքը՝ Հակակոռուպցիոն կոմիտեում

Օգոստոս 12,2026 16:19 Share

Aravot.am-ի տեղեկություններով՝ օրերս հակակոռուպցիոն կոմիտե է ուղարկվել  տնակում ապրող գյումրեցի թոշակառու մի կնոջ բողոք՝ ուղղված Գյումրու քաղաքապետի պաշտոնակատար Ավետիս Առաքելյանի, Գյումրու քաղաքապետարանի իրավաբանական բաժնի պետի ժամականավոր պաշտոնակատար Հրաչիկ Վարդանյանի և ապօրինի շինությունների բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Գրիգորյանի դեմ։

Ոստիկանության Կումայրի բաժին դիմած 74-ամյա կինը՝ Գ․Հ․-ն, հաղորդում է տվել՝ պնդելով, որ քաղաքապետարանի այս երեք պաշտոնյաները կատարել են պաշտոնական կեղծիք։

Ըստ տիկնոջ գրած բողոքի՝ մասնավորապես կեղծել են Վարդան Ղուկասյանի ստորագրությունը, Բելինսկի փողոցում գտնվող, իրեն պատկանող  450 մետր քառակուսի սեփական հողամասից  50 մետր քառակուսի տարածքն ապօրինի վերցրել են, վաճառել մեկ այլ կնոջ։

Կնոջ բողոքը սրանով չի սահմանափակվել, նա  նաև բողոքել է, որ Հնոցավան փողոցի մի շարք հասցեների  դիմաց գտնվող մայթերն ու հողատարածքները զավթելու վերաբերյալ  բազմիցս դիմումներ է ներկայացրել քաղաքապետարան, սակայն դրանք անպատասխան են մնացել, պատշաճ ընթացք չի տրվել։

Կումայրի բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք ուղարկվել են ուսումնասիրության ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե։

Մենք առաջիկայում կփորձենք լսել քաղաքապետարանի պաշտոնյաներին՝ նրանցից պարզաբանում ստանալով իրենց հասեցագրված բողոքի շուրջ։

Հիշեցնենք, որ Գյումրու քաղաքապետի առաջին տեղակալ Ավետիս Առաքելյանը, որը Վարդան Ղուկասյանի փեսան է, և որն այս պահին կատարում է քաղաքապետի պարտականությունները, անցնում է  հոկտեմբերի 20-ին, այսինքն՝ Վարդան Ղուկասյանին ձերբակալելու օրը, Գյումրու համայնքապետարանի վարչական շենքի մոտ զանգվածային անկարգություններին մասնակցելու, պաշտոնատար անձի օրինական ծառայողական գործունեությանը և արդարադատության իրականացմանը միջամտելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթով։

Ավետիս Առաքելյանը, սակայն, չի ընդունում իրեն վերագրվող մեղադրանքը, նա իր հարցազրույցներում բազմիցս հայտարարել է, որ այն քաղաքական հետապնդում է։

Նշենք նաև, որ Գյումրիում արտահերթ ՏԻՄ ընտրություններ անցկացնելու թեման շարունակում է մնալ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրակարգում։

Երեկ Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը լրագրողների հետ ճեպազրույցում, խոսելով Շիրակի մարզի Ախուրյան, Արթիկ, Ամասիա և Աշոցք համայնքներում կայանալիք ՏԻՄ ընտրությունների մասին, անդրադարձ է կատարել նաև Գյումրիին՝ նշելով, Գյումրին այս վիճակում պահել ու շարունակել, անթույլատրելի է, միանշանակ այստեղ ևս պետք է փոփոխություն տեղի ունենա, և այն, ինչ տեղի է ունենալու, լինելու է ՀՀ օրենքների սահմաններում։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել