«ՀայաՔվեն» Սարյանի այգում կազմակերպել էր հանրային միջոցառում՝ ի պաշտպանություն քաղաքական բանտարկյալ Ավետիք Չալաբյանի և մյուս բոլոր քաղբանտարկյալների։ Ներկայացված են Ավետիք Չալաբյանի խոսքերով պաստառներ, շղթայված խոսափող։
Կարդացեք նաև
«ՀայաՔվե» նախաձեռնության անդամ Աննա Կոստանյանը նշեց, որ հուսալքված չեն, անկախ նրանից, որ իրենց համակարգողը գտնվում է 4 պատերի մեջ։ «Ես վստահ եմ, որ վերագրվող մեղադրանքները փչվելու են, մեղադրանքը չի կարող լինել դատավճիռ, դատարանները չեն կարող մարդուն պարզապես կալանքի տակ պահել նույնիսկ այն համատեքստում, որ երբեմն շեշտում են, թե անմեղության կանխավարկած գոյություն ունի։ Այո, անմեղության կանխավարկածն իրավական պետությունում պետք է տեղ գտնի։ Ավետիք Չալաբյանին և բոլոր քաղբանտարկյալներին մաղթում ենք ազատություն, ազատ խոսքը հնարավոր չէ բանտել»,- ասաց նա։
«Ավետիքն այս պահին գտնվում է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում: 12-14 մետրանոց խցում չորս հոգի են։ Չորս հոգով այդ խցում գտնվում են օրը 23 ժամ, 1 ժամ էլ՝ զբոսանք, ընդամենը մեկ ժամ են կարողանում զբոսնել», – լրագրողների հետ զրույցում հայտնեց Ավետիք Չալաբյանի կինը՝ Անահիտ Ադամյանը։ Նրա ձևակերպմամբ, Չալաբյանն այնպիսին է, որ երբեք ուրիշի մոտ չի դժգոհում, բայց իրենք մտահոգված են նրա առողջությամբ։
Անահիտ Ադամյանը նաև նշեց, որ ամուսնու հետ բոլոր տեսակցություններն արգելված են, միայն փաստաբաններն են կարողանում հանդիպել. «Հեռախոսով խոսում ենք օրական մի քանի րոպե։ Իրենք ունեն այսպես կոչված «տաքսաֆոններ», որոնցով բոլոր կալանավորները, երբ դուրս են գալիս զբոսանքի, փորձում են նաև իրենց ընտանիքներին զանգել ընթացիկ հարցերով։ 4 այդպիսի հեռախոս է, 30 հոգի՝ հերթում։ Այնտեղ, երբ հերթում սպասում ես, կարող ես միայն ընթացիկ նորություններից հարցնել, կենցաղային հարցեր քննարկել, առողջությունից հարցնել և այլն։ Դա է մեր խոսակցությունը»։
Հարցին՝ ինչպե՞ս են տանում երեխաները այդ ամենը, Չալաբյանի տիկին այսպես պատասխանեց. «Չեն հասկանում այս դաժանությունը։ Հարցնում են՝ որտե՞ղ է մեր հայրիկը, ի՞նչ պայմաններում է, ո՞ւր է գնացել։ Երեքը չափահաս են, մեկը՝ անչափահաս։ Անչափահասին մի քիչ բարդ է բացատրել ամբողջը, ուղղակի ինչ-որ ձևերով բացատրում ես, որ խուսափես խորանալուց։ Բայց մեծերի մոտ ավելի շատ հարցեր կան. ասում են՝ ինչի՞ համար, ի՞նչ է արել, ինչո՞ւ պիտի ինքը կալանքում լինի, ինչո՞ւ պիտի տեսակցություն չլինի… մենք վիճարկել էինք կալանքի որոշումը, հույս ունեինք, որ գոնե տեսակցությունները կբացեն, բայց մերժվել է ամբողջությամբ, այսինքն՝ ոչ մի փոփոխություն չկա։ Դրանից էլ էին իրենք նեղվում՝ այդ ընդհանուր դաժանությունից։ Թվում է, թե հասարակությունը ամառ է վայելում, երեկոները գնում են սրճարան, բայց դրան զուգահեռ կա բանտարկյալների իրողությունը ու իրենց նկատմամբ բռնաճնշումը, որը ոչ մի բանով արդարացված չէ»։
Լրագրողի հարցին՝ ինչ ակնկալիքներ ունի, ումի՞ց է ակնկալում, որ փոփոխություններ կլինեն, Անահիտ Ադամյանը հետևյալ կերպ պատասխանեց. «Արդեն ավարտվել է նախաքննությունը և սկսվում է դատաքննության փուլը, պետք է լինի դատական նիստ, որի ժամանակ պետք է քննարկեն նաև խափանման միջոցի հարցը։ Մենք շատ հույս ունենք, որ իրավունքը գոնե մի քիչ կաշխատի, և կունենանք օրենքի վրա հիմնված որոշումներ»։
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարների մի մասը՝ «Հայաքվե»-ի ֆեյսբուքյան էջից



























































