Լրահոս
Օրվա լրահոսը

«Բավական սուր եւ կոշտ, տեղ-տեղ դաժան մրցապայքար է սկսվել վերջին 2-3 ընտրարշավների ընթացքում, հատկապես վերջին ընտրությունների ժամանակ դա ակնհայտ երեւում էր». Լաուրա Բաղդասարյան

Հունիս 17,2026 15:17 Share

«Բավական սուր եւ կոշտ, տեղ-տեղ դաժան մրցապայքար է սկսվել վերջին 2-3 ընտրարշավների ընթացքում, հատկապես վերջին ընտրությունների ժամանակ դա ակնհայտ երեւում էր: Ազդեցությունները եւ շրջանառվող բովանդակությունները վիթխարի ծավալների էին հասնում՝ եւ ֆեյսբուքում, եւ մեդիայում»,- Մեդիա կենտրոնում կայացած ասուլիսում նշեց «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի տնօրեն Լաուրա Բաղդասարյանը՝ ներկայացնելով տվյալներ Aravot.am, Factor.am, Civilnet.am, Azatutyun.am, Sputnik.am ԶԼՄ-ներում ԱԺ նախընտրական քարոզարշավի լուսաբանման առանձնահատկությունների մասին՝ անդրադառնալով ընտրություններին մասնակցած քաղաքական ուժերի՝ սոցցանցային հարթակներում իրենց քարոզարշավներն առաջ մղելու 2026-ի պրակտիկային։ Թե ինչու հատկապես ֆեյսբուքին, այս մասին էլ նշեց. «Նախընտրական գործընթացի կարեւոր դերակատարների ներկայությունը կա ֆեյսբուքում, դրանք են՝ քաղաքական ուժերը, մեդիաները եւ ընտրազանգվածները»։

Նրա խոսքով՝ 29 պաշտոնական քարոզարշավային օրերի ընթացքում վերլուծվել է ընտրությունների մասին 3390 նյութ՝ 5 ԶԼՄ-ներում միասին վերցրած: 18 կուսակցություններն իրենց ֆեյսբուքյան էջերում միասնաբար գեներացրել են 4770 նյութ: Հավելեց, որ որոշ ուժեր շատ ակտիվ էին վարում ֆեյսբուքում ներկայացված իրենց էջերը, որոշներն էլ հայտնվում են միայն քարոզարշավից քարոզարշավ: «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի տնօրենը նշեց, որ կան ուժեր, որոնք ակտիվ օգտագործել են նաեւ ինստագրամը, տիկտոկը, X սոցցանցը, սակայն առաջին տեղում եղել է ֆեյսբուքը: Լաուրա Բաղդասարյանը ներկայացրեց մայիսի 8-ից հունիսի 5-ն ընկած ժամանակահատվածը:

Azatutyun.am-ում 29 օրերին մեկ օրվա ընթացքում նյութերի առավելագույն քանակը եղել է 15, Sputnik.am-ում՝ 55, Aravot.am-ում՝ 86, Civilnet.am-ում՝ 18, Factor.am-ում՝ 38: «Սա մրցակցությունը հաղթելու կամ չհաղթելու մասին չէ, այլ խոսում է արտադրողականության, այս կամ այն ԶԼՄ-ներին բնորոշ խմբագրական ձեռագրերի, նյութերի նկատմամբ ունեցած մոտեցումների մասին»,- ասաց Լաուրա Բաղդասարյանը:

Ըստ հետազոտության՝ ֆեյսբուքում շատ ինտենսիվ քարոզչություն իրականացրած ուժերի թվում են՝ «Հայաստան» դաշինքը՝ 19%, ՔՊ-ն՝ 14% եւ ԱԺԲ-ն: Ըստ Լաուրա Բաղդասարյանի՝ վերջին ուժը սոցցանցերում կայուն ակտիվ է, եւ կոնտենտի գեներացման տեսանկյունից հետ չի մնացել ֆինանսապես հարուստ ուժերից: Միջին ինտենսիվությամբ աչքի են ընկել «Միասնության թեւերը»՝ 7%, «Ուժեղ Հայաստանը»՝ 7%, նվազ ինտենսիվությամբ քարոզչություն իրականացրած ուժերի պարագայում գեներացված նյութերի քանակը չի անցել 2%-ից:

«Ունենք քաղաքական ուժեր, որոնք օրվա ընթացքում գեներացրել են մինչեւ 50-58 նյութ, որոնք համեմատական են միջին հզորությունների տեր մեդիայի հզորությունների հետ… «Ուժեղ Հայաստանի» նյութերի 93%-ը վիդեոների տեսքով էր, Նոր ուժինը՝ 85%, «Միասնության թեւերինը»՝ 72%, ՔՊ-ինը՝ 68% եւ այլն»,- ընդգծեց բանախոսը:

Սեփական արտադրության նյութերը, ըստ ուսումնասիրության, Azatutyun.am-ում 95% են կազմում, Սպուտնիկ Արմենիայում՝ 72%, Սիվիլնեթում՝ 71%, Ֆակտորում՝ 75%, Առավոտում՝ 55%: «Ի տարբերություն ուրիշ ԶԼՄ-ների՝ Aravot.am-ը շատ է օգտագործել հայաստանյան այլ ԶԼՄ-ների նյութեր՝ ուղիղ հղումներով կամ ամբողջությամբ վերատպելով իր էջերում տարբեր ուժերի, տարբեր փորձագետների նյութեր: Aravot.am-ը բոլորից շատ է օգտագործել սոցցանցային գրառումները, սոցցանցային բովանդակությունները բերել է իր էջեր»,- փաստեց բանախոսը:

Անդրադառնալով ԶԼՄ-ների թիրախավորմանը՝ նա նշեց. «Չի կարելի պարտադրել այս կամ այն ԶԼՄ-ին՝ անդրադառնալ ավելի շատ այս թեմային կամ այն թեմային, որովհետեւ ԶԼՄ-ն ունի հստակ իր լսարանը, տեսլականն այսօրվա մասին, չի մանիպուլացնում իրադարձությունը մյուսներից առավել… Արտաքին միջամտության թեման, որ շատ ակտիվ էր շրջանառվում մինչեւ քարոզարշավի սկսվելը, քարոզարշավի ժամանակ թվում էր, թե պետք է լիներ ամենաառաջին շարքերում, բայց ոչ բոլոր ԶԼՄ-ներն են դրա վրա ուշադրություն դարձրել: Մյուս կողմից էլ՝ նույն ԶԼՄ-ները, որոնք քիչ են խոսել արտաքին միջամտության մասին, փաստացի ցույց են տվել այդ միջամտության օրինակները»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ Media Center/Մեդիա կենտրոնի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930