ԼՐԱՑՈՒՄ՝ 17․06․2026-ի դրությամբ
Անկախ դիտորդ դաշինքի նախնական գնահատականի պատրաստման ժամանակահատվածում ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը, վերանայելով թիվ 11 և թիվ 35 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների (ԸԸՀ) որոշումները, անվավեր է ճանաչել թիվ 10/51 և 35/65 տեղամասերի քվեարկության արդյունքները, իսկ թիվ 12 ԸԸՀ-ն անվավեր է ճանաչել թիվ 12/13 տեղամասի քվեարկության արդյունքները։ Առաջին երկու տեղամասերում արդյունքների չեղարկման պատճառը զինծառայողների քվեարկությունն էր ժամը 20։00-ից հետո, երբ կար հիմնավոր կասկած, որ քվեարկելու հնարավորություն ստացած բոլոր զինծառայողները չէին կարող գտնվել քվեարկության սենյակում ժամը 20։00-ի դրությամբ, ինչպես նախատեսվում է ՀՀ ընտրական օրենսգրքի 68-րդ հոդվածով։ Թիվ 12/13 տեղամասի քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու պատճառն այն էր, որ պարզվել էր, որ քվեարկության օրը մինչև ժամը 18։00 տվյալ տեղամասում բացակայել էին Ազգային ժողովրդավարական բևեռ կուսակցության քվեաթերթիկները։ Նշված տեղամասերի քվեարկության արդյունքների չեղարկման արդյունքում Բարգավաճ Հայաստան կուսակցության քվեները բավարար չէին լինելու ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանած արգելապատնեշի հաղթահարման համար, և Բարգավաճ Հայաստան կուսակցության դատական կարգով բողոքարկեց չեղարկման որոշումները։ Անկախ դիտորդ դաշինքը վստահ էր, որ բոլոր երեք տեղամասերում արդյունքները պիտի անվավեր ճանաչվեին և նշանակվեր վերաքվեարկություն, ինչը կապահովեր այդ տեղամասերի ընտրողների իրավունքի վերականգնումը։ Նույն դիրքորոշումն էր հայտնել նաև Բարգավաճ Հայաստանի բողոքը քննող վարչական դատարանը։ Նախնական գնահատականի տարածման հաջորդ օրը ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կազմեց ընտրությունների արդյունքների վերաբերյալ արձանագրությունը՝ որոշելով չնշանակել վերաքվեարկություն՝ ինչով փաստացի անտեսեց նշված տեղամասերի ընտրողների քվեն։ Անկախ դիտորդ դաշինքը համարում է, որ այս տեղամասերում վերաքվեարկությունը չնշանակելը ապօրինի է և խաթարում է ընտրությունների արդյունքների նկատմամբ հանրային վստահությունը։ Անկախ դիտորդը պատրաստվում է հնարավոր իրավական գործողություններ ձեռնարկել՝ ընտրողների սուբյեկտիվ իրավունքը պաշտպանելու և ԿԸՀ որոշմամբ ընտրությունների արդյունքի վրա ազդելու նախադեպը առանց իրավական հետևանքների չթողնելու նպատակով։
ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների դիտարկման նախնական գնահատականն ամբողջությամբ (լրացումով)՝այստեղ:
«Անկախ դիտորդ» դաշինք


















































