Լրահոս
Օրվա լրահոսը

ՌԴ քաղաքացի Պավել Դանիլովը 11 ամիս 10 օր անազատության մեջ գտնվելուց հետո ազատ է արձակվել. ՀՔԱՎ

Հունիս 19,2026 17:06 Share

Ռուսաստանի Դաշնության քաղաքացի Պավել Դանիլովը 11 ամիս 10 օր անազատության մեջ գտնվելուց հետո ազատ է արձակվել։

Պ․ Դանիլովի նկատմամբ ՌԴ-ում նախաձեռնվել էր քրեական վարույթ՝ նրան մեղադրելով «ահաբեկչության արդարացման» և «էքստրեմիստական գործունեության» հրապարակային կոչերի մեջ՝ սոցիալական ցանցերում կատարված մեկնաբանությունների հիման վրա։ Մինչ այդ Պավել Դանիլովը քննադատել էր իր տարածաշրջանի տեղական իշխանություններին, իսկ հակապատերազմական մեկնաբանությունների պատճառով նրա նկատմամբ կազմվել էին վարչական արձանագրություններ, ինչին հետագայում հաջորդել էր քրեական գործի հարուցումը։

ՀՀ դատարաններում և ՀՀ Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունում Պավել Դանիլովի շահերը ներկայացրել է ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Սամսոն Գալստյանը՝ ձեռնարկելով անհրաժեշտ իրավական քայլեր նրա ազատ արձակման և Ռուսաստանի Դաշնությանը հնարավոր արտահանձնումը կանխելու ուղղությամբ։

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ իրավապաշտպան կազմակերպությունը բազմիցս ընդգծել է, որ ՀՀ-ում գտնվող օտարերկրյա քաղաքացիները կամ քաղաքացիություն չունեցող անձինք, որոնք ՀՀ են եկել՝ իրենց քաղաքացիության կամ բնակության պետությունում քաղաքական հայացքներով կամ համոզմունքներով պայմանավորված հետապնդումների պատճառով, և հետապնդվում են իրենց քաղաքական հայացքների հիման վրա, որոնց նկատմամբ իրենց պետությունում կան քաղաքական նպատակներով հարուցված ապօրինի քրեական գործեր, միաժամանակ կա իրական վտանգ և սպառնալիք, որ իրենց պետություն hետ վերադառնալու դեպքում կենթարկվեն ֆիզիկական և հոգեբանական բռնությունների, անմարդկային և մարդկային արժանապատվությունը նվաստացնող պատժի կամ վերաբերմունքի, խոշտանգումների կամ արտադատական մահապատժի, ապա ՀՀ-ն՝ հանձին համապատասխան իրավասու մարմինների, պարտավո՛ր է ձեռնպահ մնալ այդ անձանց պահանջող երկրին հանձնելու/արտահանձնելու գործընթացի կազմակերպումից։ Ավելին, նման մարդկանց նկատմամբ չպետք է իրականացվի իրավական որևէ գործընթաց՝ ձերբակալում, կալանավորում ՌԴ իրավապահների կողմից հարուցված անհիմն, ապօրինի քրեական հետապնդումների հիման վրա։

Հայաստանի Հանրապետությունը, առաջնորդվելով Սահմանադրությամբ, ներպետական օրենսդրությամբ և մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում ստանձնած միջազգային պարտավորություններով, պարտավոր է ձեռնպահ մնալ այնպիսի անձանց արտահանձնելուց այն երկրներին, որտեղ առկա են հիմնավոր կասկածներ, որ նրանք կարող են ենթարկվել խոշտանգումների, դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի։

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930