Հունիսի 26-27-ին Դվինի հնագիտական հանգրվանում տեղի կունենա «Դվինյան ընթերցումներ -2. մշակութային ժառանգությունը ճգնաժամում» գիտաժողովը, որը նվիրված է Artsakh Monument Watch նախաձեռնության հնգամյակին։
Aravot.am-ը զրուցել է ԳԱԱ պատմության ինստիտուտի աշխատակից, Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմեն, «Ազգային» պատմամշակութային ՀԿ փոխնախագահ Հովիկ Ավանեսովի հետ, որի զեկույցի թեման է «Ադրբեջանի դպրոցական դասագրքերը որպես Արցախի ու Հայաստանի մշակութային ժառանգության յուրացման առանցքային գործիք»։
Նա նշեց, որ գիտաժողովը կարեւոր խորագիր ունի եւ նվիրված է Artsakh Monument Watch ակադեմիական անկախ հարթակի գործունեության 5-ամյակին, որը պատերազմից անմիջապես հետո ձեւավորված առաջին հարթակներից էր։ Նրա մշտադիտարկումների արդյունքում հրապարակվող բոլոր նյութերը համապատասխանում են ակադեմիական ձեւաչափին: «Մեզ համար մեծ պատիվ է համագործակցությունը մի թիմի հետ, որն աշխատում է Համլետ Պետրոսյանի ղեկավարությամբ, մեր գրասենյակի զեկույցներում հաճախակի հենվում ենք այս հարթակի հրապարակումների վրա՝ հաշվի առնելով, որ հարթակում տեղադրված բոլոր փաստերը՝ վերաբերող մշակութային ժառանգության ոչնչացմանը, յուրացմանը, վտանգված լինելուն, ամբողջովին հաստատված եւ համակողմանի ուսումնասիրված փաստեր են, վերլուծական եւ գիտական զեկույցների համար առանցքային նշանակություն ունեն:
Նույն ժամանակահատվածում Արցախում մեկ այլ կառույց էլ էր ձեւավորվել, խոսքը մշակութային ժառանգության պահպանման հանրային խորհրդի մասին է, որի հիմնադիրներն էին Սերգեյ Շահվերդյանը, Արտակ Գրիգորյանը, Լեռնիկ Հովհաննիսյանը եւ ես: Մենք այդ ժամանակահատվածում էլ, մինչեւ Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմենի գրասենյակի ստեղծումը, համագործակցել ենք այդ հարթակի հետ: Ինչ վերաբերում է առաջիկա օրերին կայանալիք համաժողովին, նպատակը Artsakh Monument Watch նախաձեռնության 5 տարիների գործունեության ամփոփումն է»,- ասաց մեր զրուցակիցը:
Կարդացեք նաև
Հավելեց, որ գիտաժողովի կազմակերպիչները հնարավորություն են տվել ոլորտի մասնագետներին ներկայացնելու տարբեր առանցքային թեմաները, ծրագիրն էլ հագեցած է եւ գրեթե ամբողջացնում է այն բոլոր սպառնալիքները, որոնց առջեւ այսօր կանգնած է Արցախի մշակութային ժառանգությունը։
Դառնալով իր՝ «Ադրբեջանի դպրոցական դասագրքերը որպես Արցախի ու Հայաստանի մշակութային ժառանգության յուրացման առանցքային գործիք» թեմայով զեկույցին, Հովիկ Ավանեսովը նշեց. «Մեր զեկույցի նպատակն էր ոչ միայն ուսումնասիրել Ադրբեջանի հումանիտար բլոկի դասագրքերը, այլեւ հետազոտության ընթացքում, որը իրականացրել ենք ավելի քան 3 տարի, ուսումնասիրել դասագրքերում կոնկրետ ժառանգության վերաբերյալ խեղաթյուրված հատվածը։ Իրականում ադրբեջանական դասագրքերի հակահայկական բովանդակության եւ կեղծարարության թեմայով շուրջ 10 տարի զբաղվում ենք, առանձին թեմաների խեղաթյուրումների, հայատյացության դրսեւորումների վերաբերյալ հոդվածաշար ունենք Անժելա Էլիբեգովայի հետ: Մեր այս մեկ թեման էլ գալիս է տրամաբանորեն շարունակելու մեր նախորդ հետազոտություններն ու հոդվածաշարերը»։
Նա հավելեց, որ հետազոտության մեջ համադրել են ինչպես գործող դպրոցական դասագրքերը, որոնք այժմ շրջանառության մեջ են ուսումնական հաստատություններում, այնպես էլ ուսումնասիրել են դասագրքեր, որոնք ներկայումս չեն կիրառվում, բայց դրանցում թեմայի վերաբերյալ նյութեր կան. «Նպատակն է համեմատական վերլուծության ենթարկելը, թե ինչպիսի տրանսֆորմացիաների են ենթարկվել այս թեմայի հետ կապված շահարկումները ադրբեջանական դասագրքերում: Երբ որ համադրում ենք այնտեղ եղած բովանդակությունը, տեսնում ենք, որ այն ուղիղ համընկնում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից տարածվող նարատիվների հետ: Ինչ նարատիվներ կիրառվում են Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից, նույնն էլ արտացոլվում է դասագրքերում, եւ դա կապված է Արցախի ու Հայաստանի մշակութային ժառանգության յուրացման հետ։
Ամենամեծ թեման, որը տեղ է գտել ադրբեջանական դասագրքերում, հայկական եկեղեցիների աղվանականացման քաղաքականությունն է: Եթե 2000-ականների սկզբի հրապարակումների հիմնական շեշտադրումը Արցախ, պատմական Արցախ, Նախիջեւան տիրույթում էր դիտարկվում, ապա 2010-ականներից սկսած՝ ներառվեց ամբողջ Հայաստանի տարածքը, Վրաստանում գտնվող հայկական եւ հենց վրացական եկեղեցիների աղվանականացման քաղաքականացումը: Խեղաթյուրումները մեծ ծավալների են հասել հատկապես վերջին շրջանում հրատարակվող դասագրքերում: Դրանցում աղվանականացման քաղաքականությանը զուգահեռ՝ հայկական եկեղեցիները վերջին շրջանի դասագրքերում ներկայացնում են իբրեւ քրիստոնյա ղպչաղների կողմից կառուցված եկեղեցիներ եւ նրանց պատկանող ժառանգություն։
Այս ամենը եւ հատկապես ՀՀ-ի ամբողջ տարածքի հետ կապված յուրացման քաղաքականությունը ավելի մեծ ծավալներ սկսեց ստանալ «Արեւմտյան Ադրբեջան» կեղծ թեզի շրջանառմամբ: Գրեթե բոլոր հրապարակումներում, դասագրքերում հայկական եկեղեցիները սկսում են այդ տիրույթում էլ յուրացվել: «Արեւմտյան Ադրբեջանի» համատեքստում հայկական եկեղեցիների յուրացման քաղաքականությունը սկսել է խորանալ 2003-ից սկսած. իրենք մի քանի անգլալեզու գրքեր ու ալբոմներ հրատարակեցին Բաքվում՝ իբր «Արեւմտյան Ադրբեջանի» մշակութային ժառանգությանը նվիրված, որտեղ Գառնու հեթանոսական տաճարն էր, Ամբերդ ամրոցը, Երեւանի Կապույտ մզկիթը, Սեւանավանքը, Էջմիածինը: Բայց, օրինակ, Նորավանքը, Զվարթնոցի տաճարը եւ այլ հուշարձաններ վերագրում են քրիստոնյա ղպչաղներին, իբր նրանք են կառուցել: Այս բովանդակությունը իրենք աստիճանաբար տեղափոխել են նաեւ դասագրքերի մեջ»։
Հովիկ Ավանեսովը հավելում է, որ Ադրբեջանի իբր պատմության որոշ դասագրքերում երբեմն եկեղեցիների կամ վանքերի նկարագրերը եւ օգտագործված նկարները նույնը չեն, օրինակ, Ամարասի վանքի մասին են խոսում, բայց դրել են Ծիծեռնավանքի նկարը, մեկ այլ դեպքում գրում են Դադիվանքի մասին, սակայն Տաթեւի վանական համալիրի նկարն են դրել. «Ավելի բարձր դասարանների դասագրքերում, սակայն, հուշարձանների նկարագրերն ու նկարները նույնն են… Սա խոսում է այն մասին, որ բոլոր եկեղեցիների, հուշարձանների նկատմամբ էլ Ադրբեջանն ունի հավակնություններ՝ ինքնությունը խեղաթյուրելու, եւ դա այս կոնտեքստով է պայմանավորում: Սա մենք դիտարկում ենք ոչ միայն մշակութային ժառանգության յուրացման, այլ տարածքի բռնայուրացման քաղաքականություն՝ մշակութային ժառանգության կոնտեքստով համեմված:
Եվ հենց այն, որ նման դրսեւորումները տեղ են գտնում դպրոցական դասագրքերում, նույնպես եւս մեկ փաստարկ է առ այն, որ Ադրբեջանում այդ քաղաքականությունը չի իրականացվում միայն դասագրքերի հեղինակների ցանկության հիման վրա, դա պետական մակարդակով իրականացվող քաղաքականություն է, քանի որ դպրոցական ու բուհական դասագրքերը հաստատվում են պետական լիազոր մարմինների կողմից։
2020 թ. պատերազմից հետո իրենք սկսեցին այսպես կոչված Հաղթանակի պատմություն առարկան եւս դասավանդել, որտեղ տարվում է նույն քաղաքականությունը, նույն զեղծարարությունը: Սա Ադրբեջանի զավթողական քաղաքականության մի մասն է կազմում՝ յուրացնել Արցախը, Նախիջեւանը, հիմա էլ նույն քաղաքականությունն իրականացնում են Հայաստանի Հանրապետության նկատմամբ, Վրաստանի տարածքում գտնվող հայկական եւ վրացական եկեղեցիների նկատմամբ: Սա պետք է դիտարկել որպես հայատյացության քաղաքականության մաս։
Այն պատերազմական հանցագործության եւ դաժանության դրսեւորումները, մշակութային ժառանգության ոչնչացումը, որին ականատես եղանք, գալիս են նրանից, որ հենց այդ դասագրքերով մեծացած սերունդն է իրականացնում: Փաստորեն, դպրոցական դասագրքերը Ադրբեջանում միտված չեն գիտելիք տրամադրելուն եւ տարածելուն, ինչպես քաղաքակիրթ աշխարհում է ընդունված, Ադրբեջանի պարագայում դասագրքերը վերածվել են ահաբեկիչներ պատրաստելու գործիքի։
Պատահական չէ, որ Իսլամական պետություն խմբավորումը եւ այլ ահաբեկչական խմբավորումներ ադրբեջանական այդ մեթոդաբանությունը կիրառել են եւ ահաբեկիչներ են պատրաստել քարոզչական տեխնոլոգիայի միջոցով: Ադրբեջանը եւ Թուրքիան դարձել են ոչ միայն ցեղասպանություն իրականացնող, այլեւ այդ մեթոդաբանությունն արտահանող երկրներ, ինչը տեսնում ենք Մերձավոր Արեւելքում եւ այլ վայրերում: Նման գործընթացներ իրականացնող երկրի հետ հնարավոր չէ խաղաղությունը»։
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ



















































