Լրահոս
Օրվա լրահոսը

«Այդ աղբյուրից ներմուծման ծավալները պետք է ավելացնենք, որպեսզի մեր շուկայում փոփոխություն չլինի»․ Պապոյանի հույսն ադրբեջանական դիզվառելիքն է

Հունիս 29,2026 20:50 Share

«Լոլիկ արտահանվում է Հայաստանից և մեծ քանակով նաև Հայաստանում է վաճառվում։ Այո, կան որոշակի փոփոխություններ շուկայում։ Հիմա նույն լոլիկի գները երկու անգամ ավելի էժան են շուկայում, քան անցած տարի են եղել։ Բնականաբար, դա արտադրողների համար խնդիրներ է առաջացնում, իսկ սպառողների համար ուրախալի բան է։ Դրա համար մենք օգնում ենք մեր արտադրողներին, որպեսզի նրանք կարողանան հնարավորինս քիչ վնասներով հայկական շուկայում վաճառել»,- ՔՊ վարչության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

Նա նշեց, որ հաջորդ հինգշաբթի կառավարությունն աջակցության նոր ծրագիր կընդունի, որը վերաբերում է ավելի լայն շրջանակի արտադրողների, որոնք պետական աջակցության ծրագրերից մինչ այս չէին օգտվել։

Հարցին, թե ՌԴ-ում դիզվառելիքի խնդիրը Հայաստանի վրա ինչպե՞ս կանդրադառնա, Գևորգ Պապոյանը պատասխանեց․ «Այստեղ լավ լուրն այն է, որ մենք արդեն իսկ դիվերսիֆիկացրել ենք մեր ներմուծման շղթան։ Երբ իրանական ճգնաժամն առաջացավ, այդ ժամանակ աշխարհում բենզինի գները շատ երկրներում կրկնապատկվեցին, Հայաստանում որոշակի աճ եղավ, բայց դա 5-10 տոկոսի շրջանակներում էր։

Ինչո՞ւ այդպես տեղի ունեցավ, որովհետև մենք սկսել էինք ներմուծել մի երկրից, որից մինչ այդ չէինք ներմուծում։ Հիմա այս փոփոխությունը շատ մեծ ազդեցություն կունենար մեր տնտեսության վրա, եթե մենք այդ աղբյուրը ստեղծած չլինեինք։ Հիմա, քանի որ այդ աղբյուրը ստեղծել ենք, ես կարծում եմ, որ այդ աղբյուրից ներմուծման ծավալները պետք է ավելացնենք, որպեսզի մեր շուկայում փոփոխություն չլինի»։

Նա հավելեց, որ այս պահին հայկական շուկայում դիզվառելիքի դեֆիցիտ չկա, գների աճ նույնպես չկա։ «Ես կարծում եմ, որ նոր դիվերսիֆիկացված շուկայի պայմաններում բացասական ազդեցությունները հնարավորինս մինիմալիզացված են»,- նշեց Պապոյանը։

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930