Լրահոս
Օրվա լրահոսը

«Սա Փաշինյանի հակասոցիալական քաղաքականության դրսեւորումներից է, եւ հատկանշական է, որ արվեց ընտրություններից հետո»․ որքանո՞վ կնվազի նպաստառուների թիվը

Հունիս 30,2026 14:46 Share

Հուլիսի 1-ից Հայաստանում ներդրվելու է անապահովության գնահատման նոր համակարգը։ Այս որոշումը կառավարությունն ընդունել էր դեռեւս 2025 թվականին, բայց այն ժամանակ որոշվել էր համակարգը փորձնական ներդնել միայն Կոտայքի եւ Սյունիքի մարզերում։ Իսկ այս տարվա հունիսի 11-ին կառավարության ընդունած որոշմամբ՝ նոր համակարգը հուլիսի 1-ից ներդրվելու է հանրապետության ողջ տարածքում։ Քաղաքացիների մոտ արդեն անհանգստություն է առաջացրել այն, որ անապահովության համակարգում գտնվող շատ ընտանիքներ նոր համակարգի ներդրման պայմաններում զրկվելու են նպաստ ստանալու իրավունքից։

Մարդկանց մոտ տեղեկատվության պակաս կա, մամուլի հրապարակումների համաձայն՝ մարզերում Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոններում հարցերին պատասխանում են, թե քանի որ ապրիլի մեկից թոշակը բարձրացել է 10 հազար դրամով, հետեւաբար, անապահովության միավորն իջել է, եւ ընտանիքները պետք է զրկվեն նպաստից։ Փորձնական համակարգի ներդրման հետեւանքով, օրինակ, Սյունիքում 869 ընտանիք արդեն զրկվել է ընտանեկան նպաստից։ Այս մասին հայտնել է Գորիս համայնքի ղեկավարի նախկին տեղակալ Իրինա Յոլյանը։

Հանրապետության ամբողջ տարածքում անապահովության գնահատման նոր համակարգի ներդրման որոշումը կառավարությունն ընդունեց այս տարվա հունիսի 11-ի նիստում։ Ըստ կառավարության հիմնավորման՝ անապահովության գնահատման նոր համակարգը հնարավորություն կտա նպաստել ծայրահեղ աղքատության հաղթահարմանը, առավել հասցեական դարձնել սոցիալական աջակցության ծրագրերը, խրախուսել անձի սոցիալ-տնտեսական ակտիվացումը՝ սոցիալական աջակցության ծառայությունները կարիքին համաչափ տրամադրելու սկզբունքի վրա հիմնվելով։

Նոր համակարգով պարտադիր է դառնում աշխատունակ անձանց պարտադիր ակտիվացումը կամ աշխատանքի տեղավորումը: Այսինքն՝ եթե աշխատունակ, բայց չաշխատող անձը դիմի նպաստ ստանալու համար, դա միաժամանակ դիտարկելու են որպես աշխատանք փնտրելու հայտ, եւ փորձելու են օգնել նրան աշխատանք գտնելու հարցում։ Աշխատանքի անցնելու դեպքում ընտանիքի եկամուտները 12 ամիս չեն հաշվարկվի, այսինքն՝ անձը միանգամից չի զրկվի նպաստից։

Կառավարության նիստում որոշման ընդունման ժամանակ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն ասել էր, որ նպաստառու ընտանիքների թիվն աստիճանաբար նվազում է։ «Փարոս» համակարգում 2017-ին ընդգրկված է եղել 100 հազար ընտանիք, իսկ 2026 թվականի հունիսի 1-ի դրությամբ՝ 46 հազար ընտանիք: Այսինքն՝ թիվը 54,1 տոկոսով կամ 2,2 անգամ նվազել է: «Սա, իհարկե, նաեւ ցուցիչ է ընդհանուր աղքատության նվազման, որի ցուցանիշները մենք նաեւ տեսնում ենք մեր գործընկերների՝ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած թվերից»,- ասել էր նախարարը:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Լուսինե Քոչարյանը մամուլի ասուլիսում տեղեկացրել էր, որ նոր համակարգով նպաստի չափը 86 000 դրամ է, կա նաեւ առավելագույն չափ՝ 280 000 դրամ։ Իսկ հին համակարգում նպաստի միջին չափը 29 000 դրամ էր։

Լուսանկարը՝ Նվեր Կոստանյանի ֆեյսբուքյան էջից

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի մամուլի քարտուղար Նվեր Կոստանյանը «Առավոտ»-ի հարցին ի պատասխան թվեր չնշեց, թե նոր համակարգի ներդրման արդյունքում նպաստառու ընտանիքների քանի՞ տոկոսն է ընդհանուր առմամբ զրկվելու նպաստից։ Նա հորդորեց այս հարցով գրավոր հարցում ուղարկել նախարարություն։

Արթուր Խաչատրյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը «Առավոտ»-ի հետ զրույցում նկատեց՝ կառավարությունը նշում է, որ իր վարած քաղաքականության արդյունքում նպաստառու ընտանիքների թիվը 2017 թվականի համեմատ գրեթե կրկնակի նվազել է, սակայն ակնհայտ է, որ Հայաստանում աղքատների թիվը կրկնակի չի պակասել, եւ աշխատատեղերի թիվը կրկնակի չի ավելացել։ Հետեւաբար, այստեղ արդեն առկա է անհամաչափություն։

«Փորձնական ծրագիրն իրականացվել է Կոտայքի եւ Սյունիքի մարզերում, եւ այսօր տեսա գրառում, որ դրա արդյունքում նպաստից զրկվել է մոտ 1000 ընտանիք։ Դե ի՞նչ ասեմ, սա Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականության տրամաբանական շարունակությունն է։ Ասում էր՝ աղքատությունը մարդու գլխի մեջ է, այս տարի էլ ասում էր՝ աղքատ եք, ինձանից ի՞նչ եք ուզում, վազն անցեք կառավարությունից։ Սա իրենց հակասոցիալական քաղաքականության դրսեւորումներից մեկն է, եւ հատկանշական է, որ արվեց ընտրություններից հետո»,- ասաց Արթուր Խաչատրյանը։

Արդյոք Հայաստանում ստեղծվա՞ծ են պայմաններ, որպեսզի աղքատ մարդը կարողանա հեշտությամբ աշխատանք գտնել ու դուրս գալ աղքատությունից։ Արթուր Խաչատրյանի խոսքով՝ բավարար չափով աշխատատեղեր ստեղծված չեն երկրում, որպեսզի ասեն՝ թող մարդիկ գնան աշխատեն, ինչո՞ւ չեն աշխատում։ «Դրանից բացի, ուրիշ խնդրի է պետք է նայել՝ ստեղծվող աշխատատեղերը եւ աշխատուժի առաջարկը։ Արդյոք կա՞ բավականաչափ առաջարկ այն աշխատատեղերի, որոնց պահանջարկը կա։ Եվ արդյոք կառավարությունը բավարար ջանքեր գործադրո՞ւմ է, որպեսզի այս ճեղքը փակի։ Այո, արհեստական բանականության վերաբերյալ գիտելիք ունեցող աշխատողների պահանջարկ միգուցե շատ կա, բայց այս պահին, հաշվի առնելով մեր դեմոգրաֆիական իրավիճակը, կրթության որակը, արդյոք կարո՞ղ ես դու մարդկանց ասել՝ խառատ, գնա եւ դարձիր արհեստական բանականության մասնագետ»,- հավելեց նա։

Արթուր Խաչատրյանի խոսքով՝ ընտրություններից առաջ թոշակները 10 հազար դրամ բարձրացրեցին, բայց 2026 թվականի բյուջեով այդ բարձրացումը նախատեսված չէր․ «Մեր գնահատականով սա ուղղակի ընտրողներին կաշառելու ձեւերից մեկն էր»։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Նկարազարդումը ստեղծվել է ԱԲ տեխնոլոգիայի միջոցով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930