Լրահոս
Օրվա լրահոսը

Դպրոց ընդունվելու ողջ գործընթացն այլևս լինելու է թվայնացված՝ առցանց եղանակով. Արտակ Պողոսյան

Հուլիս 01,2026 12:40 Share

«Մեր երկրում վերջին տարիներին մեծ առաջնահերթություն է տրվում թվային գործիքների ներդրմանը: ԿԳՄՍ նախարարության Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը (ԿՏԱԿ) այն կառույցն է, որն իրականացնում է այդ թվային փոխակերպումը՝ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ոլորտներում: 10-րդ դասարանցիների հայտագրման համակարգը ևս այս գործընթացի մեկ մասն է»,- «Արմենպրեսի» մամուլի սրահում կայացած ասուլիսում նշեց ԿՏԱԿ-ի տնօրեն Արտակ Պողոսյանը։

«Ասեմ, որ գոյություն ունի «ստանալ կրթություն» կյանքի իրադարձությունը, որի շրջանակում նախատեսված է, որ ընդունելությունն ուսումնական հաստատություններում (կլինի դա հանրակրթական ուսումնական հաստատություն, բուհական, թե նախնական միջին մասնագիտական հաստատություն) պետք է տեղի ունենա առցանց և ամբողջությամբ էլեկտրոնային գործիքների կիրառմամբ: 10-րդ դասարանցիների հայտագրման գործընթացը ևս այս իրադարձության մի մասն է: Խոսքն ամբողջությամբ ստեղծված նոր համակարգի մասին է, քանի որ հայտագրման ամբողջ տրամաբանությունը փոխվել է:

10-րդ դասարանցիների պարագայում, ինչպես նաև 1-ին դասարանցիների, քոլեջների ընդունելության պարագայում, ծնողը նախ և առաջ պետք է ունենա իր օգտահաշիվը կրթության կառավարման տեղեկատվական համակարգում: Այդ օգտահաշիվը ոչ միայն երեխային դպրոց հայտագրելու համար է, այլև հետագայում ԿԳՄՍ նախարարության կողմից մատուցվող այլ ծառայություններից օգտվելու համար:

Օրինակ, օրագիրը, մատյանը ծնողը տեսնելու է ոչ թե վերացական ինչ-որ էջում, այլ իր հաշվի ներսում: Երեխայի ավարտական վկայականը, որպես այդպիսին, արդեն տեսնելու է իր էջում: Այնտեղ նախատեսվում են մի շարք ծառայություններ, ինչպես, օրինակ, ծանուցման ծառայությունը: Բացի դրանից, հայտագրումից հետո ծնողը կարող է էլեկտրոնային ստորագրությամբ էլեկտրոնային դիմում ներկայացնել դպրոցի տնօրենին, էլեկտրոնային տարբերակով ստորագրել դպրոցի և ծնողի միջև կնքվող պայմանագիրը»,- մանրամասնեց ԿՏԱԿ-ի տնօրենը։

Իսկ եթե ծնողը չունի էլեկտրոնային ստորագրություն, այս հարցի հետ կապված էլ Արտակ Պողոսյանը հետևյալը պարզաբանեց. «Եթե ծնողը չունի էլեկտրոնային ստորագրություն, կարող է հաշիվ բացել իր էլեկտրոնային փոստի միջոցով, պիտի անցնի նույնականացում: Այստեղ պարտադիր չէ էլեկտրոնային ստորագրությունը, բայց պարտադիր է հանրային ծառայության համարանիշ ունենալը՝ ինչպես ծնողի, այնպես էլ երեխայի համար… Հայտագրումը բացառապես էլեկտրոնային տարբերակով է տեղի ունենալու՝ ավագ դպրոցների պարագայում: Մասնագիտացված, բուհերի ենթակայությամբ գործող ավագ դպրոցներն այս տարի իրենց ընդունելությունն անելու են իրենց ընթացակարգերով, բայց հաջորդ տարիների համար ընդհանրապես դպրոց ընդունվելու ողջ գործընթացն այլևս լինելու է թվայնացված՝ առցանց եղանակով»։

 Մանրամասն տեսանյութում ՝ քիչ անց:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031