«Այն քաղաքական ուժը, որը, իհարկե, դատարանով կապացուցվի, որ համակարգված ձեւով զբաղվել է փողաբաժանությամբ, համամասնական ցուցակի առաջին 50 համարները 30 տարով զրկվեն ձեր թվարկած պաշտոնները զբաղեցնելուց։ Դա մեխանիզմ կլինի, որ իրենք իրենց կանխեն, ասեն՝ ընկեր, մի՛ բաժանեք, եթե բաժանելու եք, ես ձեր ցուցակ չեմ գալիս»,- ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստում առաջարկեց պատգամավոր Գեղամ Նազարյանը։
Քննարկվում էր ՔՊ-ական պատգամավորների առաջարկած նախագիծը, որը նաեւ կառավարության դրական գնահատականին է արժանացել։ ՔՊ-ն առաջարկում է խստացնել ընտրակաշառք տալու, ստանալու եւ տալ-ստանալը միջնորդելու դեպքերի պատժաչափը։ Նախագիծն ընդունվեց ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստում։ Նիստին չէին մասնակցում ընդդիմադիր պատգամավորները։
Ենթադրվում է՝ 2-5 և 5-10 տարի ազատազրկում՝ ներկայիս 1-3 և 3-7 տարի ազատազրկման փոխարեն։ Միջնորդության համար պատիժը սահմանվում է 3-6 և 4-8 տարի՝ տարբեր հոդվածներով։ Առաջարկվող կարգավորումներով նաեւ սահմանվում է, որ նշված իրավախախտումների համար դատապարտված անձը, անկախ պարտավորության մարված լինելուց, իրավունք չի ունենալու պետական եւ համայնքային, նաեւ պետական եւ համայնքային վարչական կամ հայեցողական պաշտոններ զբաղեցնել։
Գեղամ Նազարյանն առաջարկեց նաեւ որոշակի ժամկետ սահմանել, երբ մարդը մեղայականով ներկայանալու դեպքում ավելի մեղմ պատիժ կկրի կամ կազատվի պատժից։
Կարդացեք նաև
ՔՊ-ականների համար առաջարկները սկզբունքորեն ընդունելի են, բայց դրանք այլ կարգավորումներով կանեն։
Արուսյակ Ջուլհակյանն էլ գտնում է, որ հավաքներին մասնակցությունը շահագրգռելու դեպքերի պատիժները նույնպես պետք է խստացվեն․ «Թույլ տալ իրենց քաղաքական կոչող ուժերին՝ աղճատել եւ պղծել մեզ մոտ քաղաքական համակարգը, այն համակարգը, որը դեռ կայացած չէ, որը մենք փորձում ենք անընդհատ կայացնել՝ քաղաքական համակարգ, կուսակցական համակարգ, ժողովրդավարական մշակույթ, եւ անընդհատ ականատես ենք լինում դեպքերի, որ անընդհատ ընտրակաշառքի միջոցով փորձում են մխտռել՝ չմտածելով, թե ինչ կլինի, ես կարծում եմ, որ մենք, որպես պետություն եւ հասարակություն, անընդհատ մտածելու բան ունենք, թե մեր պետությունն ինչպես է արձագանքելու մեր քաղաքացու ազատ կամքի վրա նման անօրինական ձեւով ազդեցություն գործելու փորձ անողներին։ Նման քաղաքական ուժերը Հայաստանի քաղաքական համակարգում չպետք է տեղ ունենան։ Մենք պետք է գտնենք այդ լուծումը»։
Ավելի ուշ իր ելույթում Գեղամ Նազարյանն ասաց․ «Մենք բարի ենք։ Այն մարդիկ, ովքեր արել են ծանրագույն հանցագործություն պետության նկատմամբ, անցավ մի քանի օր, ասում են՝ բայց ոնց որ մեզ չեն ծեծում։ Մի քանի օր անցավ, ասում են՝ դե եկեք ձեւ անենք՝ ի՜նչ փող, ի՜նչ բան։ Ասում են՝ մենք իսկի 100 դոլար չենք բաժանել։ Թողենք այսպես, մի 10-15 օր անցնի, ասելու են՝ դուք եք բաժանել։ Չնայած՝ ասում են, բայց ասելու են՝ այդ 258 գործով դուք եք անցել։ Դրա համար այսքան մեղմ չպետք է լինել։ Այն, ինչ արվել է, ծանրագույն հանցագործություն է։ Ես կոչ եմ անում՝ պատիժներն ավելի խիստ լինեն»։
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































