Երեխաներն արհեստական բանականությունն օգտագործում են մեծահասակներից ավելի քան երեք անգամ արագ
Նյու Յորք/Ֆլորենցիա, հուլիսի 2, 2026 թվական – «Արհեստական բանականությունը մեր կյանքի անբաժանելի մասն է։ Այն օրեցօր ավելի մեծ դեր է խաղում մեր կյանքում և արդեն իսկ ձևավորում է երեխաների մանկությունն ամբողջ աշխարհում՝ թե՛ դրական, թե՛ բացասական առումներով։
Նոր տվյալները բացահայտում են, թե որքան արագ և մասսայաբար են երեխաներն ամբողջ աշխարհում սկսում օգտվել արհեստական բանականությունից՝ միաժամանակ բացահայտելով դրա հետ կապված ռիսկերը և խորացող անհավասարությունները։
ՅՈՒՆԻՍԵՖ-ի՝ 10 երկրներում հավաքագրված նոր տվյալների վերլուծությունը ցույց է տալիս, որ առնվազն 20 միլիոն երեխա արդեն օգտվել է արհեստական բանականությունից (ԱԲ)։ Նրանցից շատերը ԱԲ-ին առնչվում են և այն սկսում կիրառել մեծահասակներից ավելի քան երեք անգամ արագ։
Կարդացեք նաև
Ավելի քան 2 միլիոն երեխա կամ յուրաքանչյուր տասներորդը, նշել է, որ դիմում է արհեստական բանականությանը՝ իրեն անհանգստացնող հարցերի վերաբերյալ խորհուրդ ստանալու համար։ Մոտ 13 միլիոն երեխա էլ այն օգտագործում է ուսման և տնային առաջադրանքները կատարելու նպատակով։
Մինչ երեխաների կողմից արհեստական բանականության օգտագործումն արագորեն ընդլայնվում է, դրա կիրառումը կարգավորող կանոնակարգերն ու մեխանիզմները, այդ թվում՝ երեխաների պաշտպանությանն ուղղված միջոցառումները, չեն հասցնում համընթաց զարգանալ։
Երեխաներն ավելի ու ավելի հաճախ են առնչվում արհեստական բանականության համակարգերին՝ դրանց նախագծման սկզբունքներից և բիզնես մոդելներից մինչև իրենց անձնական տվյալների օգտագործման եղանակները։ Սակայն նրանք շատ ավելի սահմանափակ հնարավորություններ ունեն այդ համակարգերից խուսափելու կամ դրանց ազդեցությունը վիճարկելու համար ։
Կառավարման բացերի հետևանքներն առաջին հերթին կրում են հենց երեխաները, և դրանց ազդեցությունն ուղեկցելու է նրանց շատ ավելի երկար ժամանակ։ Այդուհանդերձ, արհեստական բանականության կառավարման գործող մոտեցումների մեծ մասում երեխայի իրավունքները բավարար առաջնահերթություն չեն ստանում։
Թեև արհեստական բանականությունը կարող է երեխաների համար սովորելու, խաղալու և ստեղծագործելու հնարավորություններ ստեղծել, դրա ազդեցության վերաբերյալ գիտական ապացույցները՝ հատկապես ճանաչողական զարգացման, հուզական կախվածության և հնարավոր վնասների տեսանկյունից, դեռ նոր են ի հայտ գալիս։ Փաստորեն, մի ամբողջ սերունդ մեծանում է համաշխարհային մասշտաբի փորձարկման պայմաններում։
Իրենք՝ երեխաներն էլ գիտակցում են առկա վտանգները։ Հարցմանը մասնակցած 10 երկրներում յուրաքանչյուր երրորդ երեխան մտահոգություն է հայտնել, որ արհեստական բանականությունը կարող է օգտագործվել մարդկանց խաբելու, կեղծիքներ իրականացնելու կամ ապատեղեկատվություն տարածելու նպատակով։ Յուրաքանչյուր չորրորդն էլ վախենում է, որ իր լուսանկարներն ու տեսանյութերը կարող են փոփոխվել և վերածվել սեռական բնույթի կեղծ պատկերների կամ տեսանյութերի (deepfake)։ Չափազանց շատ համակարգեր են հասանելի դառնում երեխաներին՝ առանց բավարար պաշտպանական մեխանիզմների. Անվտանգությունը, կարծես, երկրորդ պլան է մղվել։
Արհեստական բանականության կառավարման առաջին գլոբալ երկխոսությունից առաջ ՅՈՒՆԻՍԵՖ-ը կառավարություններին, մասնավոր հատվածին և գործընկերներին կոչ է անում ապահովել, որպեսզի երեխայի իրավունքները, հատկապես՝ անվտանգության և պաշտպանության իրավունքները, դառնան արհեստական բանականության գլոբալ կառավարման անբաժանելի մաս, ինչը պահանջում է՝
Երեխաների զարգացման և բարեկեցության վրա ԱԲ ազդեցության և դրա ռիսկերի հետազոտման ֆինանսավորում,
ԱԲ միջոցով իրականացվող սեռական շահագործումն և բռնությունը վերացնելու համար օրենսդրության և կառավարման մեխանիզմների հզորացում և ընկերությունների հաշվետվողականության բարձրացում,
ԱԲ համակարգերի առավելագույն անվտանգ և թափանցիկ նախագծման ապահովում, որպեսզի բոլոր երեխաները լինեն պաշտպանված և կարողանան շարունակել օգտվել ԱԲ ընձեռած հնարավորություններից,
ԱԲ գրագիտության ուսուցում և թվային միջավայրից օգտվելու աջակցություն երեխաներին և ծնողներին,
Երկրների ներսում և միջև ԱԲ անջրպետի վերացում՝ ներդնումներ կատարելով յուրաքանչյուր երեխայի և նրա ծնողների կարիքներին համապատասխան թվային ենթակառուցվածքների և համացանցի հասանելիության ուղղությամբ՝ թե՛ տանը, թե՛ դպրոցում։
«Սա վճռորոշ պահ է։ Այն որոշումները, որոնք այսօր կընդունվեն արհեստական բանականության վերաբերյալ, տասնամյակներով կազդեն երեխաների անվտանգության, անձնական կյանքի գաղտնիության, բարեկեցության և հավասար հնարավորություններից օգտվելու վրա»։
Արդեն 33 տարի ՅՈՒՆԻՍԵՖ-ն աշխատում է, որպեսզի Հայաստանում յուրաքանչյուր երեխա լինի սիրված, կրթված և խնամված: Հիմնվելով 80-ամյա միջազգային փորձի և Հայաստանում ավելի քան երեք տասնամյակի ընթացքում գրանցված ձեռքբերումների վրա՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ն աշխատում է բարելավելու ամենախոցելի երեխաների կյանքը:
Ստեղծման պահից ի վեր՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ն ամբողջությամբ ֆինանսավորվում է անհատների, մասնավոր հատվածի, հիմնադրամների և կառավարությունների կամավոր նվիրատվություններով:
ՅՈՒՆԻՍԵՖ
Նկարազարդումը ստեղծվել է ԱԲ տեխնոլոգիայի միջոցով և փաստագրական չէ


















































