«Համեստություն է արել տիկին ֆոն դեր Լայենը, որովհետև Նիկոլ Փաշինյանն ասում էր՝ Կարս-Ախալքալաք երկաթուղին բացելուց հետո 7 միլիարդանոց շուկա է Հայաստանի համար բացվում»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հայտարարությունը հեգնեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
Եվրոպացի պաշտոնյան հայտարարել է. «Ես այսօր այստեղ եմ նաև աներկբա հայտարարելու, որ եթե Ռուսաստանը փակի իր շուկան Հայաստանի արտադրանքի համար, Եվրոպական միությունը կբացի դուռը հայկական ապրանքների արտադրատեսակների համար՝ Եվրոպական միության 450 միլիոնանոց սպառողների շուկայում։ Մենք ուզում ենք սատարել մեր բարեկամներին, մենք ուզում ենք սատարել խաղաղության պրոցեսին, որն ընթանում է, ինչի համար ցանկանում եմ գնահատանք հայտնել Ձեզ։ Մենք ուզում ենք նաև ներդրումներ իրականացնել փոխկապակցվածության ծրագրերի մեջ, որոնք կապում են Եվրոպական միությանը, Հարավային Կովկասը և Կենտրոնական Ասիան։ Հայաստանն այստեղ կենսական դեր է խաղում՝ շնորհիվ իր դիրքի»։
Արթուր Խաչատրյանը նկատեց՝ այս իշխանություններին այս տարիների ընթացքում քննադատել են նաև այն բանի համար, որ Հայաստանի տնտեսական կախվածությունը մեկ երկրից՝ ՌԴ-ից, ավելի է մեծացել։ Տնտեսության դիվերսիֆիկացիայի հարցերը, ըստ Արթուր Խաչատրյանի, վաղուց էր պետք կարգավորել. «Պետք էր ավելի շուտ արվեր, որպեսզի այսօր մեր գյուղատնտեսությամբ զբաղվողները չտուժեին։ Իրենք օգնությունը կտան, բայց ծիրանը չի կարող այդքան սպասել։ Ծիրանը փչանում է։ Լոլիկը, ելակը, դեղձն է գալու, հետո՝ խաղողը, հետո՝ եթե ալկոհոլային խմիչքների սահմանափակումներ լինեն»։
Արթուր Խաչատրյանը նաև հակադարձում է եվրոպացի պաշտոնյայի այն հայտարարությանը, որ հայաստանյան ալկոհոլային խմիչքների առաջ եվրոպական շուկայի դռները բաց են. «Թե արտադրողները, թե արտահանողները եվրոպական շուկայի տեղը գիտեն, Բրյուսելի, Վաշինգտոնի, Պեկինի տեղը գիտեին, բայց եթե իրենք տանում էին իրենց ապրանքը ՌԴ, նշանակում է՝ իրենց ՌԴ տանելն ավելի ձեռնտու էր»։
Կարդացեք նաև
Նա նկատում է՝ որևէ շուկայում ապրանք վաճառելու համար տարիների աշխատանք է պահանջվում։ Իր գնահատմամբ, եթե անգամ Եվրոպայում՝ քաղաքական լծակների օգտագործմամբ, հայկական ապրանքների առաջ կանաչ լույս վառվի, այդ ապրանքը դեռ պետք է գնեն մարդիկ, իսկ սպառողները տեղյակ չեն հայկական արտադրանքից։
Նաև հարցնում է. «Եվրոպացի պաշտոնյան խոսում էր 50 միլիոն եվրոյի մասին, բայց դեպի ՌԴ մեր արտահանումները միլիարդից ավել են. բա մնացած գումարն ի՞նչ է լինելու»։
Այս ամենն ինքն աչքակապություն է համարում։
Ինչ վերաբերում է գազի գնի հնարավոր թանկացմանը և Հայաստանի համար գազի այլընտրանքային շուկաներին, բանախոսն ասում է. «Խողովակը որտեղո՞վ են անցկացնելու։ Ի՞նչ կարծում են՝ Ադրբեջանից կարող են գա՞զ գնել։ Ադրբեջանը Եվրոպային էներգետիկ շանտաժի է ենթարկում։ Հիմա պատկերացրեք՝ Հայաստանն ինչ կախվածության մեջ կընկնի Ադրբեջանից, եթե սկսի Ադրբեջանից գազ առնել։ Հիմա ինչ՝ ՌԴ կախվածությունից ուզում ենք դուրս գալ՝ թշնամի Ադրբեջանի կախվածությա՞ն տակ ընկնել»։
Բացի այդ. «Էներգետիկ ոլորտը միայն գազը չէ, բա ատոմակայանն ի՞նչ են անելու»։
Զգուշացնում է՝ Հայաստանը պետք չի դարձնել «Եվրոպա-ՌԴ մեծ խաղի պեշկա», Եվրոպան իր շահերն ունի, և պարտադիր չէ դրանք լուծի Հայաստանի հաշվին։
ՌԴ վարչապետ Միշուստինի հետ Նիկոլ Փաշինյանի երեկվա հեռախոսազրույցի մասին էլ ասաց, որ, ըստ օդում կախված լուրերի, Նիկոլ Փաշինյանը նախ փորձել է խոսել ՌԴ նախագահի հետ. չի ստացվել, խոսել է վարչապետի հետ։
«Փաշինյանն ինքը տեսնում է, թե մենք ինչ տնտեսական աղետի ենք գնում, գոնե կարճաժամկետ կտրվածքով, և փորձ է արել ինչ-որ հարցեր մեղմել»,- կարծիք հայտնեց ընդդիմադիր գործիչը։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































