Քրիստոնեական համերաշխության միջազգային (CSI) կազմակերպությունը հայտարարությամբ է հանդես եկել Ժնևում՝ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում ուշադրություն հրավիրելով Լեռնային Ղարաբաղում շարունակվող հումանիտար ճգնաժամի վրա: Հայտարարության մեջ CSI-ն դատապարտել է ադրբեջանական բանակի կողմից 150,000 էթնիկ քրիստոնյա հայերի տեղահանումը իրենց պապենական հողերից, ինչը որակվել է որպես էթնիկ զտումների դաժան արշավ:
Հայտարարության մեջ ընդգծվել է, որ Ադրբեջանը շարունակում է արհամարհել Միջազգային դատարանի 2023 թվականի նոյեմբերի որոշումը, որը պարտադրում է տեղահանված բնակչության անվտանգ և անխոչընդոտ վերադարձը: Բացի դրանից, CSI-ը մեղադրել է Ադրբեջանին Միջազգային դատարանի ավելի վաղ՝ 2021 թվականի որոշումը խախտելու մեջ՝ հայկական մշակութային և կրոնական կարևոր ժառանգության վայրերի համակարգված ոչնչացման, այդ թվում՝ Ստեփանակերտի Սուրբ Աստվածածին համառուսական տաճարի (Աստվածամոր հովանու տաճարի) վերջերս տեղի ունեցած դեմոնտաժման համար:
CSI-ի հանրային շահերի պաշտպանության տնօրեն Ջոել Վելդկամպը կոչ է արել Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարին և ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի նախագահին կազմակերպել պաշտոնական փաստահավաք առաքելություն՝ հետաքննելու միջազգային իրավունքի այս կոպիտ խախտումները և ներկայացնելու զեկույց, որը կփաստագրի Լեռնային Ղարաբաղի էթնիկ զտումները: CSI-ն պաշտպանում է բնիկ քրիստոնյա բնակչության՝ իրենց տներ անվտանգ վերադարձի և Ադրբեջանի կառավարության կողմից ներկայումս որպես պատանդ պահվող 20 հայերի ազատ արձակման իրավունքը:


















































