ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանի տվյալներով՝ այս պահին շարունակվում են լայնածավալ խուզարկությունները Գագիկ Ծառուկյանին պատկանող ավելի քան տասը ընկերություններում, ինչպես նաև այդ ընկերությունների տնօրենների բնակարաններում։
Նրա խոսքով՝ այս պահին դեռևս չկա պաշտոնական տեղեկություն, թե ինչ հոդվածներով և ինչ գործերի շրջանակում են իրականացվում խուզարկությունները, բայց ինչպես տեղեկացել են մամուլից՝ դրանք իրականացվում են փողերի լվացման և հարկերից խուսափելու վերաբերյալ գործի շրջանակում:
«Բոլոր հնարավոր և անհնարին միջոցներով փորձում են ճնշումներ գործադրել Գագիկ Ծառուկյանի նկատմամբ։ Այս արագությամբ սպասեցին Սահմանադրական դատարանի որոշմանը, և պատկան մարմինները, փաստորեն, չեն սպասել, որ նորմալ լուսանա. վաղ առավոտյան՝ ժամը 07:16-ից, սկսել են գործողությունները»։
Կարդացեք նաև
Տոնոյանի խոսքով՝ վաղ առավոտից զինված անձինք արգելափակել են Ծառուկյանի տան մուտքը, և նրա երկու ներկայացուցիչները մոտ մեկ ժամ սպասել են, որպեսզի կարողանան բարձրանալ առանձնատուն։ Այժմ արդեն մոտ այդքան ժամանակ սպասում է նաև երրորդ ներկայացուցիչը՝ Երեմ Սարգսյանը, որպեսզի կարողանա բարձրանալ առանձնատուն։
Հիշեցնենք, որ վաղ առավոտից խուզարկություններ են սկսվել Ծառուկյանի առանձնատանը, բիզնեսներում:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ


















































