«Սիրելի Վազգեն Բադալյան, խնդրում ենք՝ իջեք ներքև, մեր բոլոր հարցերին պատասխան տվեք»,- ՀՀ քննչական կոմիտեի բակում հայտարարեցին «Մուլտի սթոուն»-ի աշխատակիցները։
Արդեն տեղեկացրել ենք, որ այսօր վաղ առավոտից «Մուլտի սթոուն»-ի աշխատակիցները գործարանի առաջ ցույց էին անում՝ պահանջելով բացել իրենց աշխատավայրը։ Արդեն 10-ից ավելի օր է իրենց աշխատավայրը փակ է։
Կարդացեք նաև
Այնուհետև նրանք քայլերթով եկան Քննչական կոմիտե, որպեսզի տեսնեն իրենց գործարանը կապարակնքած քննիչին։
Ոստիկանությունը «Մուլտի սթոուն»-ի աշխատակիցներին թույլ չտվեց, որ մուտք գործեն Քննչական կոմիտեի շենք։
Հարցին՝ ինչո՞ւ թույլ չեն տալիս, որ մուտք գործեն Քննչական կոմիտեի շենք, ոստիկաններն այդ հարցին չպատասխանեցին։ Աշխատակիցներն էլ վրդովված ասացին․ «Մենք հացի խնդիր ունենք, չենք գնալու, սպասելու ենք այստեղ, մինչև մեր բոլոր հարցերին պատասխան տան։ Եթե տասն օրից ավելի է՝ ոչ մեկը չի պատասխանում, ի՞նչ անի այս խեղճ ժողովուրդը։ Եթե կառավարությունը որոշում է կայացնում հինգ միլիարդ դրամ բյուջեից պարգևավճար վճարի, այս խեղճ մարդկանց աշխատավարձերը չեն տալիս, դա ճի՞շտ եք գնահատում»։
«Մուլտի սթոուն» գործարանի պահակապետը լրագրողների հետ զրույցում ասաց․ «Պահանջում ենք, որ քննիչ Վազգեն Բադալյանն իջնի, մեր հարցերին պատասխան տա, քանի որ ինքն է կապարակնքել գործարանը՝ չգիտեմ՝ ում հրամանով։ Էս մարդիկ էլ չեն համբերում, իրենց աշխատավարձն են պահանջում։ Մենք էլ չենք իմանում՝ ինչ անենք»։
Նաև ահազանգեց, որ երեկվանից գործարանի կնիքները պոկվել են, զանգել է, չեն եկել, որ նորից կնքեն․ «Վաղը մյուս օրը ինձ բռնելու են, ասեն՝ դու ես պոկե՞լ։ Ասում եմ՝ եկեք, կնիքները պոկվել են, որ վաղը մյուս օրն ինձ վրա քրեական գործ չհարուցեք, չասեք՝ բան եք տարել»։
Աշխատակիցներից մեկն էլ վրդովված նշեց․ «Այս ամենը կարող է վատ հետևանքներ ունենալ․ «Աշխատակիցներից մեկն ասում է՝ ԶԻԼ-ս կբարձեմ, կբերեմ, կկանգնեմ ճամփի մեջտեղը։ Որ ամենը չհասնի դրան, խաղաղ եղանակով ենք ուզում այս հարցին լուծում տալ։ Անպայման ԶԻԼ-երը պիտի բարձեն, գնան, «սամասվալ» անեն ճամփի մեջտե՞ղը։ Որ ոչ մի պատասխան չեն տալիս, մարդիկ ավելի են վրդովվում, թեժանում է ամեն ինչ։ Եթե պայմանավորվեցինք, որ գործողությունների ենք դիմում, էլ չենք գա գործարանի դիմաց, այլ ուրիշ ձև կլուծենք այս հարցը։ Էրեխես սոված, դուք մեզ կանգնեցրել եք այստեղ։ Մեզ անօրինական հանել են գործարանից։ Խաղաղ ճանապարհով պահանջում ենք, որ իջնեն, պատասխան տան, պատասխան չտան, հետո չասեն մեզ, թե ինչ եք անում»։
Տեսնելով, որ այդպես էլ քննիչը չի իջնում ներքև, պահակապետը զանգահարեց նրան և բարձրախոսը միացրած նրա հետ խոսեց և պահանջեց, որ իջնի ներքև ու իրենց պատասխան տա։ Նա էլ ասաց․ «Ես տեղում չեմ։ Նպատակահարմար չեմ գտնում բարձրախոսով պատասխանել։ Եթե ինչ-որ հարց կա, հետագայում կքննարկենք»։ Ու անջատեց հեռախոսը։ Աշխատակիցներն էլ վրդովված ասացին․ «Ցավոք, մեզ ոչ մեկ բանի տեղ չի դնում, շարքային քաղաքացին ո՞ւմ է պետք»։ Որոշում կայացվեց գնալ կրկին գործարանի դիմաց։
«Մուլտի սթոուն»-ի աշխատակիցների ցույցն ամբողջությամբ՝ տեսանյութում
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































