Երկու տարով կազատականացվի դեպի ԵՄ հայկական արտադրանքի արտահանման մոտ 80 տոկոսը։ Սա դիտարկվում է որպես կարևոր քայլ հայկական արտադրանքի արտահանման ճգնաժամը մեղմելու համար։ «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար, տնտեսագետ Նաիրի Սարգսյանն ասում է՝ մաքսատուրքերից ազատումը «GSP+» համակարգն է, որն ունեցել ենք 10-15 տարի առաջ։ «Մոտավորապես 10 տարի գործել է։ Այն նշանակում է զրոյական կամ շատ փոքր մաքսատուրքերով հայկական ապրանքի մուտք եվրոպական շուկա։ Տասը տարի առաջ, երբ ունեինք այդ համակարգը, Հայաստանից արտահանումը որևէ կերպ չավելացավ։ Ուղղակի նախորդ ժամանակահատվածներում ասում էին՝ դա Սերժ Սարգսյանի բերած համակարգն է։ Ժամկետը լրացավ, Նիկոլ Փաշինյանը խնդրեց՝ ինձ էլ մի նման համակարգ տվեք, որ չասեն՝ Սերժ Սարգսյանի բերած համակարգն է, իսկ հանրույթի մոտ հույս արթնանա, որ ապրանքի՝ Եվրոպա արտահանման ուղղությամբ Նիկոլ Փաշինյանն աշխատում է։ Մաքսատուրքերն, այո՛, ապրանքի արժեքը թանկացնում են, բայց մաքսատուրքը միակ խնդիրը չէ։ Խնդիրը նաև սերտիֆիկացումն էլ չէ, որովհետև մասնավորապես գյուղատնտեսական արտադրանքն այսօր Հայաստանում նույն կերպ է աճեցվում, ինչպես, օրինակ՝ Ֆրանսիայում։ Հիմնական խնդիրը գին-որակ համադրության մեջ շուկայում տեղավորվելն է։ Այն է՝ հայկական կոնյակը՝ ավելի էժան ու որակյալ, պետք է ֆրանսիական սուպերմարկետներ հասցնենք, որ այն դառնա մրցունակ։ Նույնը կարելի է ասել նաև մյուս ապրանքների մասով։ Շատ դեպքերում խնդիրը մարդկանց նաև համային ռեցեպտորներն են։ Ռուսաստանում սիրում են հայկական խորովածը, իսկ Եվրոպայում ավելի շատ նախընտրում են սթեյքը։ Ձկնամթերքի մեջ նախընտրում ենք սիգը և իշխանը, իսկ Եվրոպայում այլ ձկնատեսակների սիրահար են։ Մեր պահածոները, ալկոհոլային և ոչ ալկոհոլային խմիչքները շատ դեպքերում նրանց ուղղակի անծանոթ են։ Ե՛վ համի, և՛ գնի մեջ մրցունակ չենք։ Ի վերջո, սովորույթների մասով չես կարող այլ բան պարտադրել։ Եվրոպացիները չունեն ծաղկեփունջ նվիրելու սովորություն, մենք ունենք։ Կամ՝ ողջ աշխարհը վարդեր է ներկրում Հոլանդիայից և Էկվադորից, իսկ Հայաստանը որոշել է Հոլանդիա վարդ մատակարարել։ Նման բազմաթիվ սովորույթները չեն կարող նպաստել հայկական ապրանքի լայն սպառմանը։ Հայ ֆերմերներն իրենց ապրանքը կարողանում են վաճառել բացառապես ներքին շուկայում և Ռուսաստանում, մնացածը կեղծիք է»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Սարգսյանը։
Վերջին շրջանում ականատես ենք լինում գործարարների կալանավորումների, իսկ հետո էլ հայտարարվում է, թե «պետականացվել» է նրանց այս կամ այն բիզնեսը։ Հանրության շրջանում մի կարծիք է շրջանառվում, թե բյուջեում փող չկա, և ֆինանսական հավելյալ միջոցներ ներգրավելու անհրաժեշտություն ունի կառավարությունը։ «Տեսեք, իրականում բյուջեում փող կա, բայց բյուջեով ստանձնած պարտավորությունների համար բավարար փող չկա։ Օրինակ՝ առողջապահական համակարգի համար, որն արագ ներդրվեց ընտրություններում հաղթելու համար, բավարար փող չկա։ Սկսեց կրկին պարտք ներգրավել և նույնիսկ գումար օգտագործեց կառավարության պահուստային ֆոնդից, իսկ ընտրություններից անմիջապես հետո ամբողջական բուժումների ծածկույթը փոխարինեց կիսավճարով բուժումներով, այսինքն՝ մի հատվածը պացիենտն է վճարում, մի հատվածը՝ պետությունը։ Կենսաթոշակները բարձրացրեց ստիպված, դրա համար բավարար չափով ռեսուրս չուներ, այսինքն՝ փող չկա։ Բայց շատ ավելի ուշագրավ է հետևյալը. Նիկոլ Փաշինյանը ոչ թե «պետականացում» է կատարում, որպեսզի փող աշխատի, այլ ընդամենը սեփականության վերաբաշխում է կատարում։ Որևէ այլ բան այստեղ պետք չէ փնտրել։ Այսինքն՝ իրեն պետք չեն խոշոր կապիտալի սեփականատերեր, ովքեր հլու-հնազանդ իրեն չեն ծառայում։ Նրանց ասում է՝ եթե ինձ չես ծառայում, ապա չես ունենա կապիտալ, կունենա այն մարդը, որն ինձ կծառայի։ Դրան գումարած հաջորդ պահանջը դնում է Թուրքիան։ Ասում է՝ որպեսզի դառնամ Հայաստանի Հանրապետության քաղաքական «տանիքը», դա միայն քաղաքական բառապաշարով չպետք է ընկալեմ։ Դա պետք է լինի քո ռազմավարական ենթակառուցվածքների, ճանապարհային ցանցի, բանակի, քաղաքական որոշումների նկատմամբ վերահսկողություն, սեփականության իրավունքի ձեռք բերում և այլն։ Վերաբաշխում կատարելու երկրորդ կողմը սա է։ Մնացածն ավելի շատ ածանցյալ գործիքներ են, քան իրականություն»,-եզրափակում է Նաիրի Սարգսյանը։
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։


















































