Վերջերս իր դիմումի համաձայն աշխատանքից ազատվել էր Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Մխիթար Ասլանյանը։ Եվ, ըստ տարբեր լուրերի, պրոռեկտորի հրաժարականը պայմանավորված էր համալսարանի Գյումրու մասնաճյուղում ստեղծված իրավիճակով։
Datalex-ից տեղեկանում ենք, որ ազատված պրոռեկտորը դատի է տվել Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան ՊՈԱԿ-ին՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան ՊՈԱԿ-ի ռեկտորի 07.07.2026 թ. ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտորի պաշտոնից ազատելու մասին թիվ ՀՀԲ/793-Ա հրամանն անվավեր ճանաչելու և աշխատանքում վերականգնելու մասին պահանջով։
Հայաստանի տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Արմեն Գրիգորյանը, ի պատասխան Aravot.am-ի, ասաց, որ թեմայի վերաբերյալ որևէ մեկնաբանություն չունի։
Կարդացեք նաև
Կապվեցինք նաև Մխիթար Ասլանյանի հետ։ «Առանձնապես մեկնաբանելու բան չկա, ուղղակի հրամանի հիմքերը սխալ են տրված, ուզում եմ, որ ամեն ինչ ճիշտ լինի։ Ըստ էության, ինձ դիմում գրելուց 30 օր հետո են ազատել աշխատանքից, բայց ես անմիջապես էի ուզում ազատվել։ Դա է ամբողջ խնդիրը»,- ասաց նա։
Մեր հարցին, որ պահանջում խոսք կա նաև աշխատանքում վերականգնելու մասին, ինչու է ազատման դիմում գրել և հիմա էլ ուզում է վերականգնվել, Ասլանյանն այսպես արձագանքեց. «Մեկը մեկից բխող հետևանքներ են»։
Նա նաև չցանկացավ բնորոշել տնտեսագիտական համալսարանում տիրող մթնոլորտը։ «Այդ մասով մեկնաբանություն չեմ անի, գործը դատական փուլում է, թող իր հունով ընթանա»,- ասաց մեր զրուցակիցը։
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ



















































