«Ռուբեն Ռուբինյանը, ոնց հասկանում եմ, ԱԺ կանոնակարգին ծանոթ չէ, և ինքը տեղյակ չէ, որ ես և ինքը ունենք նույն կարգավիճակը․ և՛ ես եմ պատգամավոր, և՛ ինքը, իսկ պատգամավորներն իրար հետ հանդիպում են ԱԺ նիստերի դահլիճում, հանձնաժողովներում և միմյանց ընդունելության արժանացնելու խնդիր, որպես այդպիսին, չունեն։ Ես Ռուբինյանի մոտ եկել էի որպես քաղաքացի։ Ընդ որում, եկել էի ոչ թե անձնական հարցերով, այլ պարզելու համար, թե ինքը, որպես Հայաստանի և Արցախի ԱԺ-ների միջև համագործակցության հանձնաժողովի անդամ, ո՞նց է կատարում իր պարտականությունները»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը՝ հակադարձելով Ռուբեն Ռուբինյանին։
Երեկ, երբ իր ելույթի ժամանակ Էդգար Ղազարյանը դժգոհեց, որ մի քանի անգամ՝ քաղաքացիների ընդունելության շրջանակներում, հերթագրվել էր ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի մոտ հանդիպման, վերջինս իրեն չի ընդունել, Ռուբեն Ռուբինյանն այսօր հեգնել էր՝ ասելով՝ թող նորից հերթագրվի, միգուցե այս անգամ կընդունի։
Էդգար Ղազարյանը հիշեցնում է, որ Ռուբեն Ռուբինյանի խտրական վերաբերմունքի համար քրեական վարույթ կա հարուցված․ «Ոչ թե իր կողմից ինձ ընդունելության հարցը, այլ իրեն քրեական պատասխանատվության ենթարկելու հարցը։ Մի քիչ լավ չի պատկերացնում․ դե՝ ոչինչ, ջահել է, ի՞նչ ասեմ»։
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































