Լրահոս
Օրվա լրահոսը

Լարիսա Ալավերդյան. «Քաղաքացիական պայմանագիրն» անթաքույց ցույց է տալիս, որ չի ճանաչում Հայ Առաքելական եկեղեցին»

Օգոստոս 03,2026 14:42 Share

«Այն, ինչ տեղի է ունենում` կապված Վեհափառի հետ, իրականում կապված է ոչ միայն այս թիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու մերժման հետ, այլեւ դա ընդհանրապես հակաքրիստոնեական արշավի շարունակություն է։ Այս առումով ողջունում եմ, որ ընդդիմությունը գոնե որոշել է առանձին ստանալ այդ օրհնությունը»,-ասաց ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը «Հայելի» ակումբում՝ անդրադառնալով երեկ աշխատանքը սկսած ԱԺ իններորդ գումարման ԱԺ անդրանիկ նիստն օրհնելու համար Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ Վեհափառ Հայրապետին չհրավիրելուն։

«Սա եւս մեկ անգամ նշանակում է, որ պառակտումը երկրում շարունակվում է արդեն այնպիսի հարցերի շուրջ, որոնք ազգաստեղծ գործոններ են։ Տվյալ դեպքում Հայ Առաքելական Եկեղեցու հանդեպ վերաբերմունքը տեսնելով` մենք տեսնում ենք երկու մասի բաժանված Ազգային Ժողով։

Պետք է ասեմ, որ գնալով՝ հակաքրիստոնեական այս գործողությունների թե ոճը, թե ձեւերը եւ թե բուն գործողությունը շարունակվելու են։ Եվ շարունակվելու են այն պատճառով, որ Հայաստանում բնակվող եւ իրենց ՀՀ քաղաքացի համարող բավականին մեծ թվով անձինք քվեարկել են հօգուտ այս թիմի, որը չի թաքցրել իր վերաբերմունքը Հայ Առաքելական Եկեղեցու հանդեպ։

Եվ էլի հիշեցնեմ նաեւ, որ ժամանակին, մինչեւ ընտրությունները վարչապետի պաշտոն զբաղեցնող անձը ասել է՝ Եթե ուզում եք ես հրաժարական տամ, թող 350 հազար մարդ քվեարկի իմ դեմ։ Ավելի քան 600 հազար մարդ քվեարկել է վարչապետի այդ թիմի դեմ, եւ մենք տեսնում ենք, որ հրաժարական չի տրվել։

Այսպիսով, մենք նորանկախ Հայաստանի Հանրապետության պատմության մեջ առաջին անգամ ունենք Ազգային Ժողով, որտեղ այս թիմը՝ «Քաղաքացիական պայմանագիրը», անթաքույց ցույց է տալիս, որ նա չի ճանաչում Հայ Առաքելական եկեղեցին եւ բացարձակապես չունի այդ խնդիրը, որովհետեւ ինչպես բազմաթիվ անգամ ասել եմ, բարոյական նորմերի հետ այդ թիմը անհաշտ վիճակում է»,-ասաց տիկին Ալավերդյանը։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31