Լրահոս
Օրվա լրահոսը

Հիպոթերապիան՝ ֆիզիկական, հուզական և սոցիալական հմտությունների զարգացման միջոց

Օգոստոս 03,2026 16:21 Share

Viva-ն և «Արտիսիմո» շարունակում են հաջողության պատմություն կերտել

Ութ ամիս առաջ մեկնարկած համագործակցությունը սկսում է տեսանելի արդյունք տալ: Viva-ն և «Արտիսիմո» մշակութային հասարակական կազմակերպությունը կարևոր ձեռքբերումներ են արձանագրում: Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող (ԿԱՊԿՈւ) երեխաների շրջանում դա իրական հաղթանակ է. առաջին քայլեր, արտաբերված առաջին խոսք, վարքագծի փոփոխության դրական դինամիկա, ծնողների հոգեբանական վիճակի բարելավում և այլն: Արձանագրվող յուրաքանչյուր ձեռքբերում ծնողների համար տարիների երազանք է եղել: «Ոսկեփորիկ» զարգացման կենտրոնի մասնագետները համոզված են, որ դա տարբեր թերապիաների զուգահեռ կիրառման արդյունք է:

Երկու մարզից փոքր խմբերով Դրախտիկ տեղափոխված «Ոսկեփորիկ»-ի երեխաները մասնակցել են հիպոթերապիայի հերթական շրջափուլին: Լիարժեք կազմակերպելու համար հաշվարկվել է ամեն ինչ՝ անհրաժեշտ տարածքից մինչև որոշակի հատկություններով օժտված կենդանիների ընտրություն: Նախապատրաստական, անհատական աշխատանք է տարվել յուրաքանչյուր երեխայի հետ՝ վախերը հաղթահարելու և առավելագույն արդյունքի հասնելու համար:

«Այս թիմը տիտանական աշխատանք է կատարում, և ես հավատում եմ, որ նվիրման ու պրոֆեսիոնալիզմի արդյունքում հաջողության նոր պատմություններ կլինեն: Ես մասնագիտորեն չեմ կարող խոսել հիպոթերապիայի կարևորության մասին, սակայն գիտեմ, որ այդ ամենն ապացուցող անհերքելի փաստեր կան: Դանիացի հեծյալ Լիս Հարթելի անձնական պատմությունն ամենավառ օրինակն է: Կին, որը սպորտային կարիերայի ընթացքում պոլիոմիելիտի հետևանքով կաթվածահար է եղել, ում, սակայն, դա չի խանգարել 8 տարի անց՝ 23-ամյա հասակում, դրեսաժ (գեղավարգ) մրցաձևում պայքարել է տղամարդկանց հետ և 1952 թվականին դառնալ Հելսինկիի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր: Տարիներ անց նա կրկնել է արդյունքը և անձնական պատմությամբ ու սպորտային հաջողություններով բժշկական հանրությանն ապացուցել, որ ձիավարությունը կարող է հզոր վերականգնողական գործիք լինել», – ասել է Viva-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը:

Ձիասպորտով զբաղված և Շվեյցարիայում վերապատրաստված Կատերինա Հորստկան կրթաբուժական և վերականգնողական ծառայությունների շարքում առանձնահատուկ տեղ է տալիս հիպոթերապիային և բուժական ադապտիվ ձիավարությանը: Որպես մասնագետ ընդգծում է, որ ձիու քայլքի ժամանակ, կենդանու մեջքի մկանների բարդ շարժումները մերսող և թույլ տաքացնող ազդեցություն են թողնում: Նրա  մարմնի ջերմությունը, որը 1,5 աստիճանով բարձր է մարդու մարմնի ջերմաստիճանից, ակտիվացնում է արյան շրջանառությունը, խթանում է մանր մոտորիկան, նպաստում երեխայի դրական աշխարհընկալմանը:

«Viva-ի աջակցությամբ մենք կրթաբուժական և վերականգնողական մի շարք ծառայություններ ենք մատուցում երկու մարզի երեխաների: Բոլորն էլ կարևոր են, սակայն հիպոթերապիայի հասանելիությունն ու շարունակականությունը ևս անհրաժեշտ է արդյունքի համար: Ձիու բնական, ռիթմիկ շարժումները փոխանցվում են երեխայի մարմնին՝ խթանելով նյարդամկանային համակարգի աշխատանքը, ինչպես նաև  հավասարակշռության, կեցվածքի և կոորդինացիայի զարգացումը։ Մարդու մկանները ստանում են բոլոր այն ազդակները, որոնք անհրաժեշտ են քայլելու համար: Միաժամանակ երեխան ներգրավվում է հետաքրքիր և մոտիվացնող միջավայրում, ինչը բարձրացնում է համագործակցելու և սովորելու պատրաստակամությունը», – ասել է «Արտիսիմո» մշակութային ՀԿ հիմնադիր Կատերինա Հորստկան:

«Ոսկեփորիկ» զարգացման կենտրոնների մասնագետները տարեկան սպասարկում են 200 երեխայի՝ Վայոց ձորի և Գեղարքունիքի մարզերում։

Viva-ի կողմից իրականացվող աջակցության ծրագրի շրջանակում 60 երեխա ստանում է կրթական և բուժական-վերականգնողական ծառայություններ՝ հաճախելով Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզերում գործող զարգացման կենտրոններ, ինչը նպաստում է նրանց ներառական զարգացմանը։ Շատ երեխաների համար վերականգնողական գործընթացը պետք է լինի անընդհատ, քանի որ դադարի դեպքում հնարավոր չէ հասնել ցանկալի արդյունքների։ Viva-ի աջակցությունը հնարավորություն է տալիս ապահովել ծառայությունների անհրաժեշտ շարունակականությունը և փոխել երեխաների կյանքի որակը:

Հատուկ կրթական և վերականգնողական ծառայությունների շրջանակը ներառում է զգայական ինտեգրում, հոգեբանական աջակցություն՝ ծնող-երեխա շղթայում, խոսքի թերապիա, հեքիաթաթերապիա, արտ-թերապիա, երաժշտաթերապիա և հիպոթերապիա:

Զարգացման հնարավոր խանգարումները ժամանակին հայտնաբերելու և ցուցաբերվող աջակցության առավելագույն արդյունավետությունն ապահովելու նպատակով մասնագետներն աշխատում են ինչպես երեխաների, այնպես էլ նրանց ծնողների հետ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել