Լրահոս
Օրվա լրահոսը

«Գյումրի-Լառնակա թռիչքուղին, որ այդպես գովազդում են, 900 դրամանոց տոմսերից խոսում, կասե՞ք՝ քանի՞ տուրիստ է գնել ու եկել Գյումրի»․ Գոռ Թորոսյան

Օգոստոս 06,2026 21:45 Share

Գյումրու զբոսաշրջային ընկերություններից մեկի հիմնադիր Գոռ Թորոսյանը, որը ցավով արձանագրում է՝ Գյումրի քաղաքի եկամտի միակ աղբյուրը, վերջին տարիներին այս քաղաքի տնտեսական զարգացման գերակա համարվող միակ ճյուղը՝ զբոսաշրջությունը, անկում է ապրում, Aravot.am-ի հետ զրույցում դժգոհեց, որ «Շիրակ» օդանավակայանը ներգնա տուրիզմի զարգացման համար բացարձակապես չի օգտագործվում։ Մինչդեռ օդանավակայան ու երկաթուղի ունեցող քաղաքը կարող էր մեծ եկամուտ ունենալ, լուրջ մրցակից դառնալ, օրինակ՝ Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի հետ։

«Շիրակ» օդանավակայանը գրեթե թռիչքներ չի սպասարկում, մի թռիչք կա դեպի Մոսկվա «Պոբեդայով», հասկանում ենք, որ Մոսկվայից շատ քիչ զբոսաշրջիկներ են գալիս Գյումրի, մի թռիչք էլ Գյումրի-Լառնակա ու հակառակ ուղղությամբ ավելացրեցին։

Ես մի հարց ունեմ, որի պատասխանը մինչև օրս չեմ ստացել։ Մի քանի ամիս առաջ զբոսաշրջային կոմիտեի նախագահը եկել էր Գյումրի՝ հանդիպման, շատ գովերգեցին, որ դեպի Լառնակա թռիչքը Գյումրիից է, ես հարց ուղղեցի՝ ինչքանո՞վ է այդ թռիչքուղին քաղաքին օգուտ տվել, քանի՞ հոգի են եկել մեր քաղաք, խոսքը Գյումրիից Լառնակա հանգստանալու գնացած ու վերադարձած հայերի մասին չէ։

Իհարկե, շատ կարևոր է, որ մատչելի տոմսեր կան, ու հայերը կարողանում են գնալ արտերկիր, բայց Գյումրու տնտեսական շարժի համար պետք է ամեն ինչ անել, որ այդ չվերթուղին ի օգուտ մեր քաղաքի ծառայեցնենք, արտերկրից կարողանանք տուրիստներ բերել։

Այդ մատչելի տոմսը, որ այդպես գովազդում են, թե 900 դրամ է, 600 դրամ է, դոլարի կուրսն էլ իջել է, կարող է և 450 դրամով էլ տոմս կարողանանք ձեռք բերել, քանի՞ հոգի այլազգի տուրիստ է բերել մեր քաղաք, ոչ թե այնտեղ հանգստացող գյումրեցիներին է հետ բերել, այլ այնտեղից տուրիստ է բերել։

Մինչև օրս սպասում եմ, որ այդ հարցի պատասխանը կտան։ Սեպտեմբերին մի տարին կլրանա, որ թռիչքներ են իրականացվում, բայց վիճակագրական ոչ մի տվյալ չունենք»,- ասում է Գոռ Թորոսյանը։

Ըստ նրա, Զբոսաշրջային կոմիտեի հրապարակած տվյալները Հայաստան այցելող տուրիստների թվաքանակի մասին չափազանցված են։

«Ես ինքս իրենց հրապարակած տվյալներին լուրջ չեմ վերաբերում, լինելով այս ոլորտում բավական երկար տարիներ ու տիրապետելով իրավիճակին՝ կարող եմ ասել, այդ թվերը իրական չեն կարող լինել։ Շատ չափազանցված են, վիճվարչությունը բոլոր տուրիստականներից ամեն ամիս թվեր է պահանջում, թե որտեղից որ մարզ քանի զբոսաշրջիկ են տարել, այդ թվերի վերահսկողն ո՞վ է։

Հարգելի վիճվարչություն կամ հարգելի զբոսաշրջային կոմիտե, կամ հարգելի պատասխանատուներ, էդ թվերի վերահսկողը, իսկությունը ճշտողն ո՞վ է, հարցս հռետորական կարող եք համարել կամ չհամարել, բայց ո՞վ է, որովհետև ենթադրենք X տուրիստականը գրեց՝ 1000 հոգի Գառնի-Գեղարդ է տարել, այդ 1000 հոգին կա՞ն, թե՞ չկան, այդ 1000-ը իրոք հազա՞ր է, թե 2000 է կամ 100 է, ո՞վ կարող է ասել՝ այդ 1000-ը ճիշտ է, թե ոչ։

Հարցնում եմ՝ չթիրախավորելով ոչ մեկին։ Այդ թվերի հսկողությունը թողել են տուրիստականների ու մարդկանց անկեղծության վրա»,- ասում է Գոռ Թորոսյանը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31