Լրահոս
Օրվա լրահոսը

«Չենք ճնշել, դա եղել է խմբակցության որոշում. 13 հոգի ընտրելու է». Արուսյակ Մանավազյանը՝ Արամ Վարդեւանյանի օգտին քվեարկելու մասին

Օգոստոս 10,2026 12:47 Share

«Կոնկրետ անձն ի՞նչ կարևոր է, երբ խմբակցությունն ունի որոշում՝ բավարար չափով ձայներ ապահովել ընտրությունը կայանալու համար»,- խորհրդարանում, լրագրողների հետ զրույցում, մինչեւ ԱԺ նախագահի տեղակալի ընտրության քվեարկությունը, ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Մանավազյանը՝ պատասխանելով հարցին՝ ՔՊ-ից ովքե՞ր են քվեարկելու, որպեսզի Արամ Վարդեւանյանը դառնա ԱԺ փոխնախագահ։

 

Արամ Վարդեւանյանի ընտրվելու համար 53 ձայն էր պետք, որից պակասում էր 13 ձայն՝ հաշվի առնելով նաև Արթուր Սարգսյանի բացակայությունը։

 

«Նախ հաշվի ենք առել, որ այո՝ այնքան, որքան բավարար է, որովհետև իրենք մեր թեկնածուներին կողմ ձայն չեն տվել, թեև նշեցի, որ առավել քան արժանի էին մեր թեկնածուները։ Ամեն դեպքում որոշում ունենք խմբակցությունով, որպեսզի բավարար ձայներ տրամադրենք… Այո՛, չենք տապալում ընտրությունը»,- ասաց Արուսյակ Մանավազյանը։

 

Լրագրողների տարբեր հարցերին՝ ինչպես են ՔՊ-ում ընտրել, թե ովքեր պետք է կողմ քվեարկեն, Մանավազյանը պատասխանեց. «Չենք ճնշել, դա եղել է խմբակցության որոշում. 13 հոգի ընտրելու է, հետո կտեսնեք՝ ինչպես է եղել։ Այսինքն՝ որևէ մեկին չենք ճնշել։ Օրինակ, եղել են մարդիկ, որ սկզբունքորեն ասել են, որ չեն ընտրի՝ անկախ խմբակցության որոշումից։ Մենք խմբակցությունում ունենում ենք քննարկումներ, քննարկումները լինում են շատ առողջ, բայց անկախ այդ ամենից… Այսինքն՝ ընդհանուր որոշում է լինում։ Երբ որ ընդհանուր որոշման ենք գալիս, էական չի արդեն՝ ով ինչ դիրքորոշում ունի։ Այսինքն՝ ունենք որոշում։ Ժողովո՛ւրդ, ի՞նչ կարևոր է, թե որ պատգամավորն ինչ կարծիք է հայտնել, դա փակ քննարկում է։ Կառուցողական դաշտ ենք ուզում։ Մենք նույնիսկ լսեցինք իրենց գործընկերոջ ելույթը, որն իսկապես ամոթալի էր իրենց գործընկերոջ հանդեպ… Հենց ինքը պետք է այստեղ հանրությունից և բոլոր քաղաքացիներից ներողություն խնդրեր սակրավորների թեմայով իր հայտարարության համար, որը ավելի կառուցողական դաշտ կբերեր իր գործընկերոջ ընտրությունը։ Բայց, այնուամենայնիվ, մենք ունեինք որոշում և այդ որոշումը պահում ենք՝ հաշվի առնելով կառուցողական աշխատանքը, հարգելով Սահմանադրությունը, հարգելով Ազգային ժողովի ինստիտուտը»։

 

Մանրամասները՝ տեսանյութում.

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել