Հայկական ապրանքների մեծ մասի Ռուսաստան ներմուծման արգելքը որեւէ ազդեցություն չի ունեցել երկրում խանութների ապրանքատեսականիի վրա, գրում է ռուսական «Ակցենտի» վերլուծական կենտրոնի կայքը։ Կենտրոնում հաշվարկել են, որ Հայաստանից ներմուծումն արագ փոխարինվել է Վրաստանից եւ որոշ չափով՝ Ադրբեջանից ներմուծմամբ։
Ադրբեջանական ապրանքների Ռուսաստան արտահանումը հունվար-հունիս ամիսներին, ինչպես նշվում է, աճել է 3%-ով՝ գումարային արտահայտությամբ գերազանցելով 608 միլիոն դոլարը (նույն ժամանակահատվածում Վրաստանից ներմուծումը կազմել է 332 միլիոն դոլար, իսկ Հայաստանից՝ 1,2 միլիարդ դոլար)։
Ադրբեջանի գյուղատնտեսական մթերքի արտահանման հիմնական «դրոշակակիր» լոլիկ, ըստ բերված տվյալների, Ռուսաստան է առաքվել 136.000 տոննա՝ 164 միլիոն դոլար արժողությամբ։ Ադրբեջանցի արտահանողների շահույթն աճել է 10%-ով՝ հայկական բանջարեղենի դուրսմղման հաշվին։
Հունիս եւ հուլիս ամիսներին՝ Հայաստանի սեզոնային արգելքի գագաթնակետին, կորիզավոր մրգերից Ադրբեջանի ընդհանուր եկամուտը գերազանցել է 40 միլիոն դոլարը։ Դաղստանի անցակետերով գրանցվել է կեռաս, բալ, նեկտարին եւ դեղձ տեղափոխող ադրբեջանական խոշոր բեռնատարների ռեկորդային երթեւեկ։ Արտահանվել է 48.000 տոննա խնձոր՝ 39 միլիոն դոլար արժողությամբ։ Չնայած ծավալի աննշան նվազմանը (5.4 տոկոս), Ադրբեջանի եկամուտներն աճել են գրեթե 10%-ով՝ Կենտրոնական Ռուսաստանում մայիսյան ցրտահարությունների եւ դրա հետ կապված՝ գների աճի պատճառով։
Կարդացեք նաև
Ադրբեջանը զգալիորեն մեծացրել է իր ներկայությունը ձկնամթերքի հատվածում, որտեղ նախկինում Հայաստանը ուժեղ դիրք էր գրավում լճային կարմրախայտի եւ սիգ ձկան մատակարարման գործում։ 2026 թվականի սկզբից ի վեր Ռուսաստանը Ադրբեջանից ներմուծել է 43%-ով ավելի ծովամթերք։
Հայկական հյութերի, հանքային ջրերի եւ նեկտարների մատակարարումների դադարեցումից հետո, լրատվամիջոցի վկայությամբ, ադրբեջանական գործարանները լրացրել են ռուսական սուպերմարկետների թափուր տեղերը։ Ադրբեջանից Ռուսաստան պատրաստի շշալցված արտադրանքի մատակարարումները տարվա առաջին կեսին աճել են 14%-ով։
Նշվում է նաեւ տեքստիլ արտադրանքի ոլորտում համապատասխան փոփոխության մասին։ Եթե Հայաստանը Ռուսաստանին մատակարարում էր պատրաստի տրիկոտաժ, Ադրբեջանը դարձել է ռուսական կարի արդյունաբերության հումքի հիմնական մատակարար։ Ռուսական գործարանները զանգվածաբար անցնում են ադրբեջանական բամբակի՝ հանրապետությունում դրա մշակովի հողերի 15%-ով ընդլայնման պայմաններում։ Ադրբեջանական մանվածքի արտահանման ֆիզիկական ծավալը տարվա առաջին կեսին արդեն կրկնակի թռիչք է գրանցել։
Գեղամ ՄԿՐՏՉՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» շաբաթաթերթում


















































