ԿԳՄՍ նախարարությունը հաղորդագրություն էր տարածել, որ նոր ուսումնական տարվան ընդառաջ հանրակրթական դպրոցների, նախադպրոցական և ուսումնական հաստատությունների ղեկավարների մասնակցությամբ մեկնարկում են օգոստոսյան խորհրդակցությունները: Հաղորդագրության մեջ նշված էր, որ առաջին հանդիպումը, որը վարելու էր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, տեղի կունենա օգոստոսի 17-ին՝ ժամը 11:30-ին, ՀՊՄՀ գեղարվեստական կրթության ֆակուլտետում։
Օգոստոսյան առաջին խորհրդակցությանը, սակայն, լրագրողներին թույլ չեն տվել ներկա գտնվել, իսկ ԿԳՄՍ նախարարի մամուլի խոսնակը լրագրողներին ասել է, թե սխալմամբ են այդ հաղորդագրությունը տարածել: Aravot.am-ը ԿԳՄՍ նախարարի մամուլի խոսնակ Նելլի Վահանյանից հետաքրքրվեց՝ ինչու լրագրողներին չթույլատրվեց մասնակցել խորհրդակցությանը, արդյոք պետական գաղտնիք պարունակող որևէ տեղեկատվությո՞ւն էր քննարկվելու այդ հանդիպմանը՝ Արաքսիա Սվաջյանի մասնակցությամբ:
Նելլի Վահանյանը հետևյալը փոխանցեց. «Սա օգոստոսյան Խորհրդակցության շրջանակում առաջին հանդիպումն էր, որը կրում էր բացառապես աշխատանքային բնույթ: Որևէ գաղտնի քննարկում այսպիսի մեծածավալ հանդիպումը չի կարող ենթադրել, քանի որ քննարկմանը ներկա են եղել հարյուրավոր մասնակիցներ` հանրակրթական դպրոցների տնօրեններ և վարչատնտեսական համակարգողներ, նախադպրոցական և արտադպրոցական հաստատությունների տնօրեններ, ինչպես նաև տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների ղեկավարներ: Ամենամյա լուսաբանումը սովորաբար իրականացվում է ամփոփիչ քննարկմանը»։
Հիշեցրինք, որ միշտ էլ լրագրողներն ի սկզբանե մասնակցել են օգոստոսյան խորհրդակցություններին, հարցազրույցներ արել: Նելլի Վահանյանը մնաց իր կարծիքին, որ դա միշտ եղել է միայն ամփոփիչ խորհրդակցության ժամանակ:
Կարդացեք նաև
Հավելենք, որ օգոստոսյան խորհրդակցությունների ավարտից հետո՝ սեպտեմբերի 1-ին, հանրապետությունում դռները չեն բացի շուրջ 240 դպրոցներ, քանի որ կառավարությունը որոշել է փոքրաթիվ աշակերտներ ունեցող դպրոցները վերամիավորել, խոշորացնել: Այս քայլն արժանացել է փորձագետների ու կրթությամբ մտահոգ անհատների ու կազմակերպությունների բուռն քննադատություններին:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

















































