Հանձնաժողովը պատժամիջոցները կիրառում է հավասարապես՝ առանց խտրականության. ՀՌՀ պարզաբանումը
Ս․թ․ օգոստոսի 21-ին լրատվական կայքերից մեկում հրապարակվել էր «Գագիկ Ծառուկյանի դեմ գործ հարուցվեց, ՀՌՀ-ն սեւեռվեց «Կենտրոն»-ի վրա, իսկ ո՞վ պետք է սեւեռվի Հ1-ի վրա» վերնագրով հարցազրույց։ Հարցազրույցում Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի գործունեության և կայացրած որոշումների վերաբերյալ հնչել էին իրականության հետ առնչություն չունեցող պնդումներ։ Ուստի, թյուրընկալումներից խուսափելու նպատակով՝ Հանձնաժողովը հարկ է համարում ներկայացնել իր պարզաբանումները։
Հարցազրույցից տպավորություն է ստեղծվում, որ «Կենտրոն» հեռուստատեսության բովանդակության հերթական մշտադիտարկումը և դրա արդյունքում օգոստոսի 6-ին Հանձնաժողովի կողմից կայացված որոշումը պայմանավորված է Գագիկ Ծառուկյանի անձով և քաղաքական գործունեությամբ։ Մինչդեռ վարչական վարույթի առարկան հեռուստատեսության կողմից «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 10-րդ հոդվածի 7-րդ մասի պահանջի խախտումն էր, որի համաձայն հեռարձակողի լրատվական հաղորդումներում նույն թեմայի վերաբերյալ լուսաբանումը չպետք է գերազանցի հաղորդման եթերաժամանակի 25 տոկոսը։ Լիցենզավորված հեռարձակողների նորություններում նման սահմանափակման օրենսդրական նորմը գործում է գրեթե բոլոր երկրներում (հաճախ շատ ավելի խիստ՝ 15-20 տոկոսի շեմով)։ Այդպիսի նորմի նպատակն է բավարարել քաղաքացու պահանջմունքը՝ ստանալ բազմազան և բազմակողմանի տեղեկատվություն, և միաժամանակ սահմանափակել հեռարձակողի հիմնադիրների, սեփականատերերի, քաղաքական ուժերի և գովազդատուների ցանկությունները՝ օգտագործելու լրատվական թողարկումները որպես սեփական շահերը սպասարկող քարոզչական միջոց։ Իսկ «Կենտրոնը» ոչ միայն մեկ օր էր գերազանցել 25 տոկոսի սահմանափակումը, այլ երեք օր շարունակ՝ մեկ թեմային հատկացնելով լրատվական թողարկման ժամանակահատվածի մինչև 70 տոկոսը։
Հարցազրույցում նաև մեղադրանք է հնչում առ այն, որ կարգավորող մարմինն «աչք է փակում» Հանրային հեռարձակողի կողմից օրենսդրության խախտումների վրա։ Այդ պնդումը նույնպես մտացածին է։ «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 55-րդ հոդվածի 3-րդ մասը սահմանում է, որ «վարչական տույժերը չեն կիրառվում Հանրային հեռարձակողի նկատմամբ»։ Այսինքն՝ ՀՌՀ-ն օրենսդրական լիազորություն չունի Հանրային հեռարձակողի նկատմամբ կիրառելու այն վարչական տույժերը, որոնք օրենքով նախատեսված են լիցենզավորված հեռարձակողների համար։
Կարդացեք նաև
Օրենքը Հանձնաժողովին վերապահում է Հանրային հեռարձակողի գործունեության մշտադիտարկման և օրենսդրության պահանջների պահպանման նկատմամբ վերահսկողության իրականացման լիազորություններ։ Խախտման հատկանիշներ հայտնաբերելու դեպքում կարգավորող մարմինը գործում է օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակում։ Իսկ Հանրային հեռարձակողի նկատմամբ պատասխանատվության համապատասխան միջոցների կիրառման հարցում օրենսդրությամբ նախատեսված է այլ իրավական մեխանիզմ՝ արձանագրված խնդիրների և խախտումների վերաբերյալ վարչական վարույթ հարուցելու փոխարեն կարգավորող մարմինը համապատասխան գրություն է ներկայացնում Հանրային հեռարձակողի խորհրդին, որն իր հերթին իրավասու է համապատասխան վարչարարական միջոցներ ձեռնարկել իրավախախտների նկատմամբ։
Այս կապակցությամբ նշենք, որ Հանձնաժողովը 2024 թ․ ընթացքում Հանրային հեռարձակողի խորհրդին ներկայացրել է 4 գրություն խախտումների վերաբերյալ, իսկ 2025 թ․՝ 5 գրություն, սակայն ՀՌՀ-ն Հանրային հեռարձակողի նկատմամբ վարչական վարույթ հարուցելու և վարչական տույժ կիրառելու իրավասություն չունի։
Հետևաբար, «ինչո՞ւ ՀՌՀ-ն չի պատժում Հ1-ին» հարցի պատասխանը պետք է փնտրել ոչ թե քաղաքական կամ անձնական նախապատվությունների, այլ Օրենքի համապատասխան հոդվածների մեջ։
ՀՌՀ-ն՝ որպես անկախ սահմանադրական մարմին, իր իրավասության շրջանակում պատժամիջոցները կիրառում է հավասարապես՝ առանց խտրականության և առանց հաշվի առնելու հեռարձակողի սեփականատիրոջ անձը, քաղաքական դիրքավորումը կամ այլ հանգամանքներ։
Հանձնաժողովը հարգում է լրատվամիջոցների՝ պետական մարմինների գործունեությունը քննադատելու իրավունքը և միաժամանակ ակնկալում, որ իր գործունեության վերաբերյալ հանրային գնահատականները կհիմնվեն այդ որոշումների փաստական ու իրավական հիմքերի ճշգրիտ ներկայացման վրա։
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի միջազգային կապերի, հասարակայնության հետ կապերի և զարգացման ծրագրերի բաժին
ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ


















































