«Փաստինֆո». Վեհափառի եղբոր և եղբորորդու վերաբերյալ քրեական գործի դատաքննությունը մոտեցավ ավարտին։ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Գևորգ Մանուկյանի նախագահությամբ, Գևորգ և Համբարձում Ներսիսյանների գործով դատալսումներին այսօր պաշտպան Էմին Խաչատրյանը եզրափակիչ ելույթով է հանդես եկել՝ պնդելով, որ մեղադրանքն ի սկզբանե եղել է անհիմն և ապօրինի։
Հիշեցնենք, որ Վեհափառ Հայրապետի եղբայրն ու եղբորորդին մեղադրյալի աթոռին են հայտնվել իշխանությունների հետ սերտորեն համագործակցող «Հանրապետություն» կուսակցության անդամ, Վաղարշապատում՝ նշված կուսակցության համայնքապետի թեկնածու Հարություն Մկրտչյանի հաղորդման հիման վրա։ Վերջինս հաղորդում էր ներկայացրել՝ հայտարարելով, թե իբրև Գևորգ և Համբարձում Ներսիսյանները խոչընդոտել են իրենց քարոզարշավը: Ներսիսյաններն ի սկզբանե կալանավորված են եղել, սակայն նախորդող նիստերի ընթացքում նրանց խափանման միջոցը փոխվել է։
Այժմ դատաքննությունն ավարտական փուլում է, նախորդ դատական նիստին եզրափակիչ ելույթով հանդես է եկել հանրային մեղադրողը, այսօրվա նիստին իր եզրափակիչ ելույթում պաշտպան Խաչատրյանն ընդգծեց՝ ապացուցելու են, որ մեղադրանքն ի սկզբանե եղել է անհիմն և ապօրինի։
«Նախաքննությամբ ձեռք բերված և դատաքննության ընթացքում հետազոտված ապացույցներն իրենց ամբողջությամբ չեն հաղթահարում հիմնավոր կասկածից վեր ապացուցողական շեմը, իսկ հանրային մեղադրողի պնդումներն ունեն ենթադրական բնույթ՝ հիմնված նախնական, չստուգված»,- նշեց նա։
Կարդացեք նաև
Եզրափակիչ ելույթում Խաչատրյանն անդրադարձավ առանցքային վկա Գառնիկ Ղազարյանի ցուցմունքների արժանահավատությանը, մասնավորապես, նշված անձը նույն իրադարձության վերաբերյալ դատավարության տարբեր փուլերում տարբեր տվյալներ է ներկայացրել։ Ընդ որում, հակասությունները չեն վերաբերում երկրորդական հարցերի, դրանք վերաբերում են մեղադրյալներին վերագրվող գործողությունների բնույթին, ինտենսիվությանը, բուկլետներ բաժանելուն, քարոզչությանը և միջոցառման խոչընդոտմանը, պատճառահետևանքային կապին, ուստի, կասկածի տակ է ապացույցի արժանահավատությունը։ Այս առումով կարևոր է բուկլետի տրամադրման դրվագը, Ղազարյանի նախաքննական ցուցմունքի նկարագրումից տպավորություն է՝ իբրև ներկայացրել է քարոզչական բուկլետ, Համբարձում Ներսիսյանը վերցրել ու ուսումնասիրել է, ինչից հետո տեղի է ունեցել վերագրվող գործողությունները, մինչդեռ, դատաքննության ընթացքում Ղազարյանը դա չի պնդել, նշել է, որ բուկլետը մնացել է իր ձեռքում․ Ներսիսյանը չի վերցրել այն՝ տեսնելով նկարը։ Առավել ուշագրավ է, որ տեսագրությունների հետազոտությունից պարզ է դառնում, որ Ղազարյանը բուկլետով չի մոտեցել Ներսիսյանին, վերջինս չի հետազոտել բուկլետը։ Խաչատրյանը կարևորեց, որ ցուցմունքները վկայում են այն մասին, որ Ոսկեհատում ի սկզբանե առկա չի եղել քարոզչությանը խոչընդոտելու իրավիճակ։ Բացի այդ, էական է նաև այն հանգամանքը, որ վկաներից Լիանա Ղահրամանյանը նախաքննական ցուցմունքները տվել է՝ շտաբում գտնվելուց և որոշակի բաներ լսելուց հետո։
Պաշտպաններ Էմին Խաչատրյանը և Սմբատ Մինասյանը, ամփոփելով եզրափակիչ ելույթը, միջնորդեցին արդարացնել Գևորգ և Համբարձում Ներսիսյաններին։ Հաջորդ դատական նիստին եզրափակիչ ելույթով հանդես կգա պաշտպան Արա Զոհրաբյանը։
Իզաբել Սահակյան


















































